close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2018
+22°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փողի և զոռբայության իշխանությունն անցյալում թողնելու բանաձևը

Թեմա

7 Մարտի 2017, 15:02
 Փողի և զոռբայության իշխանությունն անցյալում թողնելու բանաձևը

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին անդրադարձել է ընթացող քարոզարշավին: Նա ասել է, թե մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը գերակշռում է համամասնականին, և ռեյտինգային ընտրակարգն ավելի է խթանելու հայաստանյան ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները: «Ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում»,- ասում է Քոչարյանը:

Այն, որ երկրորդ նախագահը երբեք, մեղմ ասած, առանձնապես ոգևորված չի եղել սահմանադրական փոփոխություններով, փաստ է: Սակայն ընտրական համակարգի վերաբերյալ նրա նման գնահատականները տարօրինակ էին երկու պատճառով: Նախ՝ երկրորդ նախագահը հավանաբար մոռացել է, թե ինչ  որակի ընտրություններ էին տեղի ունենում թե' այն ժամանակ, երբ ինքն էր նախագահը, թե' իրենից առաջ ու հետո: Այն, ինչ նա համարում է  «զոռբայության մթնոլորտում քսակների կռիվ», որպես կայուն ավանդույթ, ձևավորվել է անցած 22 տարիների ընթացքում՝ հետևողականորեն ու սիստեմատիկ կերպով: Հենց ավանդույթ լինելու հանգամանքն է, որը թույլ չտվեց սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետո ամբողջությամբ ձերբազատվել մեծամասնական ընտրակարգի այն խեղված տրամաբանությունից, որը ներկայումս գործում է  նաև ռեյտինգային ընտրակարգում: Եվ թերևս ավելի ճիշտ կլիներ, եթե իրավիճակը «չեզոք արբիտրի» դիրքերից գնահատելուց առաջ նախ այդ արատավոր երևույթների պատճառները նշեր: Բայց նման մոտեցումը զարմանալի չէ` ընդհանրապես: «Պատասխանատվության սկլերոզի» սինդրոմը հայաստանյան քաղաքական առանձնահատկություններից է: Այն իր ամբողջ «հմայքով» հիմա դրսևորվում է երկրում տիրող վիճակի մասին` ընտրություններին մասնակցող որոշ ուժերի այն առաջին դեմքերի կրակոտ քննադատական ելույթներում, ովքեր, նախկինում լինելով իշխանության մեջ, այս կամ այն չափով պատասխանատվություն են կրել դրանց ծնող պատճառների  համար:

Երկրորդ՝ տարօրինակ է, որ, նոր ընտրակարգի թերություններն ախտորոշելով հանդերձ, երկրորդ նախագահը չի նկատում դրա այն առավելությունները, որոնց մասին նախկինում անգամ մտածելն էլ ֆանտաստիկայի ժանրից՝ կապված ընտրատեղամասերում կեղծարարության ավանդական եղանակները զգալիորեն չեզոքացնող մեխանիզմների առկայության հետ: Դա նկատելուն հավանաբար խանգարել է ամեն կերպ այս ընտրություններից օտարվելու ակնհայտ ցանկությունը: Ընտրարշավի մեկնարկին հանդես գալով իր քաղաքական հավակնությունների և դերակատարության իմաստով ոչինչ չասող մեկնաբանություններով, գոնե օրենսդրական կարգավորումների առումով զգալի տեղաշարժ արձանագրած ընտրական համակարգը չնկատելով և չցանկանալով տեսնել, որ, բացի փողի, զոռբայության ավանդական ռեսուրսներին տիրապետող ուժերից, այս ընտրություններին մասնակցում են նաև դրանց գաղափարական մրցապայքարը հակադրող ուժեր, երկրորդ նախագահն, ըստ ամենայնի, փորձում է համոզել, որ կապ չունի առաջին հերթին «Ծառուկյան» և ՕՐՕ դաշինքների հետ, որ հեռացել է քաղաքական պրոցեսներից: Պատահական չէ, որ նա խուսափել է որևէ ուժի նկատմամբ իր դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելուց:

Իսկ, ընդհանրապես, խորհրդարանական այս ընտրությունները ջրբաժանային նշանակություն ունեն հենց երկրորդ նախագահի մատնանշած խնդիրների առումով: Սա ոչ միան մրցապայքար է քաղաքական ուժերի միջև՝ հանուն խորհրդարան անցնելու կամ ԱԺ-ում մեծամասնություն ձևավորելու, այլ ընտրություն է իրենց մեջ հին հակաարժեհամակարգը մարմնավորող զոռբայության և փողի միջոցով ընտրական համակարգի բռնաբարումը շարունակելու և գաղափարահենության և քաղաքական գործիքակազմի վրա հիմնված նոր արժեհամակարգ ու խաղի կանոններ հաստատելու միջև:

Այն ուժերը, որոնց համար ընտրական համակարգի բռնաբարվածությունն իշխանության մեջ սեփական կենսունակությունն ապահովագրելու առումով այլընտրանք չունի, հիմա ամեն ինչ անում են ընտրական գործընթացն անձերի միջև պայքարի հարթություն տեղափոխելու և ընտրակաշառքի լեգիտիմության պատրանք ձեւավորելու համար: Ահա, թե ինչու են հատկապես «մասսայական» քաղաքական ուժերի ռեյտինգային ցուցակներում ընդգրկված օդիոզ դեմքերը նախկին մեծամասնական ընտրակարգի տրամաբանությամբ հավատացնում, որ ոչ թե իրենց թեկնածությունն առաջադրել են, այլ իրենք են առաջադրվել: Պատճառը շատ պարզ է` թույլ չտալ, որպեսզի ընտրողի մոտ համոզմունք ձևավորվի, թե ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի կամքից ու ցանկությունից, ուզեն, թե չուզեն, հիմա, ի տարբերութուն նախկին ընտրակարգի, ներկայացնում են տվյալ ընտրատարածքում իրենց առաջադրած կուսակցությունը: Որովհետև հենց միջին վիճակագրական ընտրողին այդ «գաղտնիքը» հասկանալի դառնա, պարզվելու է, որ սա արդեն լրիվ քաղաքական հարթություն է: Իսկ այդ հարթությունում իրենք անմրցունակ են ու անբովանդակ, որովհետև ո՛չ գաղափարական, ո՛չ արժեքային, ո՛չ էլ տեսակի առումով ոչինչ չունեն առաջարկելու: Եվ քանի որ չունեն, ձգտելու են պրոցեսը քաղաքական հարթությունից տանել անձերի միջև ընտրության դաշտ: Այս իմաստով, իր բոլոր թերություններով հանդերձ, ռեյտինգային գործող համակարգը, այնուամենայնիվ, մի կարևոր դրական գործառույթ կատարում է` ստիպում է ամբողջապես հասցեականացնել քաղաքական ուժերի պատասխանատվությունը առաջադրվող թեկնածուների թե' տիպաժների և թե' վարքագծի համար: Չի կարող լինել որևէ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված որևէ թեկնածու, ում համար կոնկրետ քաղաքական ուժ պատասխանատվություն չկրի` ընդհուպ առաջադրումից մինչև այդ գումարման ԱԺ-ի լիզորորությունների ավարտը:

Ահա, թե ինչու են նման օդիոզ կերպարներին ապավինող ուժերն ամեն ինչ անում` զսպելու հաճախ կրիմինալ մեթոդներով ուղեկցվող ներթիմային մրցակցությունը: Որովհետև դա արդեն ոչ թե այդ անձերի խնդիրն է, այլ նրանց առաջադրած կուսակցությունների: Մնում է, որ ընտրողը չընկնի նրանց այդ թակարդը և իր ընտրությամբ ապացուցի, որ երկրորդ նախագահի պատկերացրած իրականությունն արդեն անցյալում է: Այո, ռոմանտիկ է, բայց նաև` իրագործելի:

Գևորգ Դարբինյան

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica