close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2018
+20°
+22°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դու չես նստելու, դու փտելու ես. Մեյթիխանյանը՝ ամուսնու սպանության գործով ամբաստանյալին (Լուսանկարներ)

Իրավունք

3 Մարտի 2017, 17:06
 Դու չես նստելու, դու փտելու ես. Մեյթիխանյանը՝ ամուսնու սպանության գործով ամբաստանյալին (Լուսանկարներ)

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը սպանվել է 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի հետևանքով:

Այսօրվա դատական նիստում դատավորը ստիպված եղավ դարձյալ անդրադառնալ դատական նիստերը տեսանկարահանելու խնդրին: Բանն այն է, որ առաջին դատական նիստում դատարանը որոշում էր կայացրել թույլատրել տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնել միայն նիստի առաջին 10 րոպեի ընթացքում` չնայած այն հանգամանքին, որ դատավարության կողմերը դեմ չէին նիստերի՝ ամբողջական տեսանկարահանմանը: Դատավորն իր այս որոշումը միայն այսօր հիմնավորեց՝ պատճառաբանելով, թե տեսախցիկների չխկոցները խանգարում են իրեն: Ի պատասխան՝ լրագրողները հայտնեցին, որ իրենք անձայն կնկարահանեն:

Պաշտպանները միջնորդեցին դատարանին՝ վերանայել սահմանափակման որոշումը՝ տարակուսանք հայտնելով, որ դատարանն ինչ-որ կերպ խուսափում է դատավարության հրապարակայնությունից: Առաջացած խառնաշփոթի արդյունքում դատավորն ընդմիջեց դատական նիստն ու լրագրողների հետ բանակցելու «ուղարկեց» դատարանի նախագահին: Վերջինս լրագրողներին հորդորեց կատարել դատավորի որոշումը՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչով են լրագրողները խոչընդոտում քննությանը:

Դատարանի նախագահն օրինակ բերեց դատավարության լուսաբանման ամերիկյան փորձը, ինչին ի պատասխան լրագրողները հիշեցրեցին, որ մենք ապրում ենք Հայաստանում, և որ շատ դատավորներ հնչեղություն ունեցող գործերով չեն խոչընդոտում լրագրողների աշխատանքին, և որ այս գործը քննող դատավորի կողմից նման սահմանափակումը տարօրինակ է: Լրագրողները հայտարարեցին, որ դատավարության լիարժեք լուսաբանման համար անհրաժեշտ է, որպեսզի նիստերի ամբողջ ընթացքում անհրաժեշտության դեպքում տեսանկարահանում իրականացվի, քանի որ դատավարության մասնակիցների կողմից կարևորագույն հայտարարություններ են արվում, որոնք տեսանկարահանելու կարիք կա:

Դատավորը, վերադառնալով նիստերի դահլիճ, այդպես էլ չանդրադարձավ պաշտպանների միջնորդությանը և շարունակեց գործի քննությունը: Դատարանն այսօր մերժեց պաշտպանների կողմից ներկայացված՝ մեղադրող դատախազ Սարգսյանի բացարկի միջնորդությունը:

Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց իրենց տրամադրել իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դրված, որպես պաշտպանական միջոց` Արմեն Սարգսյան կեղծանունով ներկայացված վկայի ցուցմունքները: Ըստ նրա՝ նախաքննական մարմինը սահմանափակել և թույլ չի տվել պաշտպանական կողմին` ծանոթանալ այդ վկայի ցուցմունքներին: Պաշտպանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ –ի կայացրած որոշումները, նշեց, որ դատարանը պարտավոր է ապահովել կողմերի հավասարությունը: Ըստ նրա՝ միայն այդ ցուցմունքներին ծանոթանալուց հետո իրենք կարող են պաշտպանական մարտավարություն ընտրել:

Դատավորը հետաձգեց Սիմոնյանի միջնորդության քննարկումը՝ նշելով, որ այն ոչ ժամանակին է ներկայացված:

Այնուհետև ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը, ներկայացնելով գործի որոշ փաստական տվյալներ և ժամանակագրական հաջորդականություն, միջնորդեց դատարանին` քննչական փորձարարություն իրականացնել` իր պաշտպանյալի և գործով մյուս ամբաստանյալ Արթուր Զաքարյանի անմեղությունը ստուգելու համար: Այս կապացությամբ մեղադրող դատախազը հայտնեց, որ պաշտպանը վկայակոչել է դեռևս չհետազոտված ապացույցներ, ուստի այդ միջնորդությունը պետք է մերժել:

Մեղադրողի հայտարարությանը բարկացած արձագանքեց ամբաստանյալ Խաչիկ Կոսյանը՝ բղավելով. «Էնքան եք անում, որ էսքան նստե՞նք»:

Ամբաստանյալի խոսքին արձագանքեց սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը: «Դու չես նստելու է, դու փտելու ես»,- հայտարարեց նա:

Մանրամասները՝ Yerkir.am-ի «արգելված» տեսանյութում:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica