close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2018
+24°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք կորչող ժողովուրդ չենք, մեր պոտենցիալը շատ բարձր է

Հարցազրույց

3 Մարտի 2017, 17:15
 Մենք կորչող ժողովուրդ չենք, մեր պոտենցիալը շատ բարձր է

Yerkir.am-ի զրուցակիցը դերասան Արա Սարգսյանն է:

 

Ժողովուրդը սպունգ է` ինչ տալիս ես, այն էլ վերցնում է

Արդեն 35 տարի է` «ապրում եմ» Մալյանի անվան թատրոնում: Ուսուցչիս ստեղծած թատրոնն է, մենք էլ ընտանիքի պես ապրում ենք: Բացի այդ` մի քանի օր առաջ հանձնեցինք Վահրամ Սահակյանի «Մեա կուլպա» ներկայացման երկրորդ մասը: Բայց հասկացա, որ ներկայացումը դեռ աճելու տեղ ունի. այդպես է, հանդիսատեսին ներկայացնելուց հետո շատ բան ես հասկանում: «Մեա կուլպա»-ի առաջին ներկայացումը 15 տարվա կյանք ունի, ու միշտ լեփ-լեցուն դահլիճներ ենք ունեցել, ինչը գալիս է փաստելու, որ հասարակությունը միշտ ունի պահանջարկ` նայած ինչ ես մատուցում և ինչ ձևով: Տարիներ առաջ հեռուստաընկերությունում էի աշխատում, և երբ այնտեղ ուզում էինք մի լավ բան անել, ու պրոդյուսերին էի տեղեկացնում, ասում էր, թե` պետք չի, ինչքան բոշայություն լինի, այնքան լավ, ժողովուրդը դա է ուզում: Չկա՛ նման բան, ժողովուրդը սպունգ է` ինչ տալիս ես, այն էլ վերցնում է: Ասում են` ժողովուրդը սիրում է էս սերիալները, ո՛չ, դու ես ուղղորդում ժողովրդին:

Թույլ չեն տալիս` մտավորականի խոսքը տեղ հասնի

Երբեմն պատճառ են բերում մարդկանց սոցիալական վիճակը, թե այն չի թույլատրում մշակույթին, մշակութային այս կամ այն իրադարձությանը հաղորդակից լինել: Սոցիալականը կարող է խոչընդոտ դառնալ այն դեպքում, երբ մարդ գումար չունի թատրոն կամ կինո գնալու համար, սակայն սոցիալական վիճակն ամենևին էլ կապ չունի` ինչ ես ցուցադրում հեռուստատեսությամբ, չէ՞ որ հեռուստատեսության ազդեցությունն ավելի մեծ է մարդու վրա: Մշակութային քաղաքականության խնդիր ունենք, այսինքն` չենք էլ փորձում ունենալ այդ քաղաքականությունը, ու գնալով խորանում է անորակը: Այստեղ մեծ դեր պետք է ունենա մտավորականը, բայց շատերը թույլ չեն տալիս` մտավորականի խոսքը տեղ հասնի, օրինակ` արվեստագետներին տեղ չեն հատկացնում եթերում: Տեսնես մտածե՞լ են` մեր հին ֆիլմերն ինչո՞ւ են այդքան լավը, իսկ նորերի մեջ չկան արժեքավորները: Ուղղակի արժեքները ոտնահարում են և դա դարձնում պետական քաղաքականություն, դրա համար էլ սկսում ենք կորցնել մեր ունեցածն, ու արհեստականն է մեջտեղ գալիս:

Միանգամից հողը մեր ոտքի տակից գնաց, ու մի նոր հող եկավ` արհեստական

Վաղուց է` արժեզրկման փուլում ենք, և սա սկսվեց անկախության առաջին օրերից` ժողովրդին շեղել գրագիտությունից, արժեքներից հեռու պահել: Դպրոցները, մանկապարտեզները, ընտանիքները կամաց-կամաց սկսեցին փլվել, սա չարիք էր. միանգամից հողը մեր ոտքի տակից գնաց, ու մի նոր հող եկավ` արհեստական, որն այնքան էլ մերը չէր: Չնայած վերջերս սկսել եմ մի քիչ ուրախանալ, որովհետև ինչ-որ ծիլեր տեսնում եմ` ժողովուրդը փորձում է թափ տալ իրեն: Մարդը պետք է հետաքրքրվի ինքն իր կենսագրությամբ, իրավունք չունենք մոռանալու` ով ենք և որտեղից ենք գալիս: Պետք է կարողանանք եղածից ճիշտը վերցնել ու մեր սխալը հասկանալ, որ նորից չկրկնենք այն: Եվրոպական արժեքներն առաջին հարվածը հասցրին հենց ընտանիքին, իսկ մեզ նման փոքր պետության դեպքում սա շատ վտանգավոր է:

Մեր մեջ գործում է հայկական պոտենցիալը, որն ամեն վայրկյան կարող է արթնանալ

Ապրիլը ցույց տվեց, թե ինչ փորձարկումներ էլ անեն, ինչքան էլ մեզ ուզեն ծնկի բերել, մեկ է, մեր մեջ գործում է հայկական պոտենցիալը, որն ամեն վայրկյան կարող է արթնանալ: Ես էլ բանակում տղա ունեմ, նա քառօրյա պատերազմի մասնակից էր ու հիմա էլ դիրքերում է: Ինքս էլ էի զարմացած նրա քայլերով, քանի որ սոցիալական խնդիրների պատճառով չէի կարողացել նրան լավ կրթության տալ /սա երրորդ տղաս է, մյուս երկուսին ապահովել ենք ինչ-որ չափով/, ու եթե մի քիչ կոպիտ ասեմ` ես նրան փողոցից ճանապարհել եմ բանակ: Այսինքն` ես իմ երեխային լավ գիտեմ, բայց չգիտեմ` պատերազմական իրավիճակում իրեն ոնց կպահի, ու նայելով այդ օրերի երիտասարդների արարքներին` վստահ կարող եմ ասել` մենք կորչող ժողովուրդ չենք, մեր պոտենցիալը շատ բարձր է: Պատերազմի ժամանակ մեր ոգին արթնացավ, և ինչքան էլ ուզենան այդ ոգին քնեցնել, չի ստացվի: Տղաս մի քիչ չխոսկան երեխա է, բայց ամբողջովին «դուխ» է, գիտակցում է, որ ամեն ձևով պետք է մինչև վերջ գնալ: Նա ապրիլյան պատերազմից հետո եկավ տուն, բայց ինձ հետ չէր խոսում այդ օրերի մասին, միայն եղբոր հետ էր խոսում: Նա, մեր այսօրվա երիտասարդությունն ինձ պարտավորեցնում է ապագայի հանդեպ լավատես լինել: Կարծես տարիներ շարունակ մեր սերունդը ոչինչ չի տվել, ու հիմա նրանք ստիպված ինչ-որ բան են ստեղծում: Նույնը վերաբերում է նաև արվեստին: Աղջիկս դպրոցում միջին սովորող աշակերտ էր, իսկ ավարտելուց հետո որոշեց թատերական ինստիտուտ ընդունվել: Ավարտեց թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, 3 տարի աշխատեց, բայց ասաց, որ ուզում է էլի սովորել: Գնաց Գերմանիա ու ընդունվեց Դրեզդենի համալսարան` արվեստի բաժինը: Մի օր հայտարարություն կարդաց, որ Դրեզդենի թատրոնը ներկայացման համար դերասաններ է փնտրում, դիմեց և նրան վերցրին աշխատանքի: Ինչ եմ ուզում ասել` եթե առողջ դաշտ է ստեղծվում, այդ պոտենցիալն արթնանում է, և ամեն անգամ, հենց գալիս է ցավի ու նեղության պահը, արթնանում ենք:

Մեր հաղթանակի միակ ճանապարհը պատերազմն է

Ցավոք, մեր հաղթանակի միակ ճանապարհը պատերազմն է, ինչում համոզվեցի Արցախյան պատերազմից և այդ խայտառակ պայմանագրերից հետո: Մենք մի լուրջ խնդիր ունենք` մեր հաղթանակները ժողովրդին ճիշտ չեն մատուցվել, մենք չենք զգում, որ հաղթող ենք: Մինչև հիմա էլ այդ միտումը, քաղաքականությունը տեսնում եմ, բայց չեմ հասկանում` ո՞վ է մեղավոր: Սակայն մի հարցում վստահ եմ` Ադրբեջանը ոչինչ չի կարող անել, ինչքան էլ զենք գնի: Մի բռունցք ենք մնացել, բայց, մեկ է, ոչինչ չեն կարողանալու անել: Մարդիկ հիասթափվում են, գնում երկրից, բայց եթե դառնանք 1000 հոգի, մեկ է, էլի մեր հողին տեր ենք կանգնելու:

Հույսս երիտասարդ սերունդն է, որտեղ չկան ստրուկներ

Մենք դեռ չգիտենք` ինչ է քաղաքականությունը, իսկ այն մարդիկ, ովքեր ժողովրդին պետք է սովորեցնեն, անընդունակ են դրան, ու նորից գալիս, հանգում ենք տգիտությանը: Մարդիկ, որ պետք է սովորեցնեն, դեռ իրենց տեղում չեն, դրա համար էլ խաբում են ժողովրդին, որ նորից գան ու թալանեն, բայց թալանելու բան էլ չի մնացել: Ոչինչ չտալով ժողովրդին` ուզում են անընդհատ վերցնել: Այսպես ինչքա՞ն պետք է շարունակվի: Կան խելացի մարդիկ, բայց նրանք էլ ուժ չունեն: Իմ հույսը երիտասարդներն են` նրանք ավելի ազատ են, պահանջատեր: Նրանք պետք է հասունանան ու փոխեն ամեն ինչ, թե չէ` կոնկրետ ինչ-որ անձից գլոբալ փոփոխություններ չեմ ակնկալում: Բոլոր ոլորտներում էլ խմորումներ լինում են, բայց դեռ ժամանակը չէ, զարթոնքի պահը չի հասունացել: Հույսս դուք եք, ձեր սերունդը: Ձեր սերնդին չնայած փորձում են փչացնել, բայց ձեր մեջ չկան ստրուկներ: 

 

Կարինե Հարությունյան

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica