close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես ինձ տեսնում եմ Ազգային ժողովում. Արթուր Եղիազարյան

Հարցազրույց

1 Մարտի 2017, 19:50
 Ես ինձ տեսնում եմ Ազգային ժողովում. Արթուր Եղիազարյան

Yerkir.am-ի զրուցակիցն է 2017թ. ԱԺ ընտրություններին Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ՀՅԴ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Արթուր Եղիազարյանը:

Արթուր Եղիազարյանն ինչո՞ւ է ցանկանում պատգամավոր դառնալ:

- Արթուր Եղիազարյանը ոչ թե ցանկանում է, այլ նա կուսակցական է. կուսակցությունը նպատակահարմար է գտել իմ թեկնածությունն առաջադրել, ինչին ես դեմ չեմ: Պատճառները մի քանիսն են: Առաջին պատճառն այն է, որ ես ինձ տեսնում եմ Ազգային ժողովում, որովհետև Ազգային ժողովը օրենսդիր մարմինն է, թեև վերջին շրջանում մեր ԱԺ-ն ավելի քիչ է օրենսդիր գործունեությամբ զբաղվում, քան գործադիր մարմինը. նախագծերի մեծ մասն ավելի շատ գործադիրից են գալիս ԱԺ, ոչ թե ստեղծվում են Ազգային ժողովում, և կան բազմաթիվ խնդիրներ, որոնք, իրոք, բարձրաձայնման անհրաժեշտություն ունեն: Հետևաբար` ես տեսնում եմ ինձ ԱԺ աշխատանքի մեջ: Ես օրենքի հետ աշխատելու կենսագրություն ու փորձառություն  ունեմ և ինձ պատկերացնում եմ պատգամավորի աշխատանքի մեջ: Բացի դրանից` 2012 թվականի ընտրություններին ես եղել եմ մեծամասնական թեկնածու թիվ 8 ընտրատարածքում, որն այսօրվա համար 3 ընտրատարածքի 1/3 մասն էր կազմում, և իմ արդյունքներով, ընտրությունից ստացած քվեներով զբաղեցրել եմ 2-րդ տեղը` այն դեպքում, երբ դուրս էի եկել օլիգարխիայի դեմ, ովքեր ունեին նյութական, մարդկային, ֆինանսական լուրջ միջոցներ, իսկ ես առանց այդ միջոցների ապահովել եմ երկրորդ հորիզոնականը: Սա ցույց է տալիս, որ երբ խոսում են, թե ժողովուրդն ընտրակաշառքով է ընտրում, այնքան էլ այդպես չէ: Հազարավոր ընտրողներ ունենք, որոնք իրենց խղճի մտոք են քվեարկում, և, վստահելով այդ քվեարկողին, առաջադրվել է իմ թեկնածությունը:

 - Առաջադրվել եք թիվ 3 ընտրատարածքում: Հիմա մոդա է` բարեգործության անվան տակ ընտրկաշառք են բաժանում: Դուք ի՞նչ եք անելու, ընտրողին ի՞նչ եք առաջարկելու, որպեսզի նա չգայթակղվի այդ «բարեգործություններով»:

- Իհարկե, բարդ ընտրատարածք է թիվ 3 ընտրատարածքը` հաշվի առնելով և' քաղաքական դեմքերի առկայությունը, և' օլիգարխիկ տարրերի ներկայությունը ընտրություններին: Քանի որ այս ընտրությունները նոր ոճով են լինելու, դեռ ընտրության ձեռագիրը պետք է հասկանալի դարձնենք, որովհետև այստեղ մենք ունենք և' ներթիմային աշխատանք, և' այլ քաղաքական ուժերի հետ պայքար: Այսօր մեծամասնական թեկնածուներ չկան, բոլորը, նաև` ռեյտինգայինները, քաղաքական ուժի անվան տակ են հանդես գալիս, և այդ ուժի ծրագրային մոտեցումների շուրջ պետք է  կառուցվեն ընտրությունները: Բայց ընթացքը ցույց կտա, թե ինչպես կլինի, որովհետև իսկապես մտահոգությունը կա նման ռեյտինգային ընտրակարգի պարագայում, որ կարող է սա ոչ թե վերածվել թիմային ծրագրային պայքարի, այլ` անհատական, թաղային հեղինակությունների: Սրա ֆոնին մեր աշխատանքները բավականին կդժվարանան, որովհետև մենք այդ հարթության մեջ չենք, մենք ծրագրային պայքարող ենք, և այստեղ մեր անելիքն այն պետք է լինի, որ մենք, վերջիվերջո, ժողովրդին հասցնենք, որ եթե ինչ-որ մեկը գումար է առաջարկում, դրանով մեկ օրվա, մեկ ամսվա խնդիր է լուծվում, բայց հետագա 5 տարվա խնդիրները չեն լուծվում:  Պետք է այս գիտակցությունը հասցնել ընտրողին, որպեսզի նա ընտրություն կատարի ծրագրերի միջև:

Ժողովրդին այսօր մատուցվում են ոչ իրատեսական, ֆանտաստիկ ժանրի ծրագրեր:

- Չեմ կարծում, որ կա մի քաղաքական ուժ, որը վատ բան առաջարկի, բոլորն էլ խոստումներ են տալու` տրամաբանականից մինչև անհավանական ֆանտաստիկ ժանրին պատկանող ծրագրեր: ժողովուրդը պետք է կարողանա իրատեսություն ունենալ և հասկանա` ում ծրագիրն է իրականանալի: Պարզ օրինակներից բերեմ:  Խորհրդային միության տարիներից մնացած  ավանդներ կան, հիմա  կան ուժեր, որոնք ասում են, թե կվերադարձնեն ավանդները: Մմեկը չի ասում` ինչպե՞ս կարող ես վերադարձնել մի քանի տասնյակ միլիարդ դոլարի հասնող գումարը, երբ քո պետության ամբողջ բյուջեն ընդամենը մի քանի միլիարդ է: Կամ` երբ խոսում են բանակի մասին, թե պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, սա ասելով` ուղղակի փորձում են ազդել այն ծնողների վրա, որոնց որդիները պետք է գնան ծառայության, աշխատում են այս խավի վրա, որ ստանան նրանց քվեները: Սա էլ է խաբկանք: Հիմա էլ գոյություն ունի պայմանագրային ծառայություն, ո՞ւր են այդ տասնյակհազարավոր պայմանագրայինները, որոնք կցանկանան գնալ ծառայելու: Խոսվում է շատ բարձր աշխատավարձից, բայց հայրենիքի պաշտպանությունը փողով չէ: Պատերազմական երկրում ոչ ոք չի կարող ասել` պրոֆեսիոնալ բանակը արդյունավետ կլինի՞, թե՞ իր տունը պահող, այդ գիտակցությամբ գնացած զինվորներից կազմված բանակը, ինչպես անցած տարի մենք ապրիլին տեսանք: Եվ ամենավտանգավոր պահը, վերջիվերջո, զորակոչային զինվորները երբ ծառայում, գնում են տուն, դառնում են պահեստազորը, և անհրաժեշտության դեպքում համընդհանուր զորահավաք է հայտարարվում: Մենք այդ գիտելիքները ունենք, շատ արագ պահեստազորից ստեղծում ենք պրոֆեսիոնալ բանակ, իսկ եթե բանակը կազմված լինի միայն պրոֆեսիոնալներից, մենք պահեստազոր չենք ունենա, իսկ հանրությանը, որը չի գնացել երբեք բանակ, երկար ժամանակ է պետք զինվոր դարձնելու համար:

էժանագին մոտեցումներ կան, որոնք կշահարկեն, մենք նման էժան մոտեցումներ չենք ունենալու: Այն, ինչ ամրագրված է Դաշնակցության ծրագրում, բոլորը մասնագիտական հաշվարկների հիման վրա են, այն ինչը մենք խոստանում ենք, մենք գիտենք, որ հստակ իրագործելու ենք` գալով իշխանության, իհարկե, երբ գալիս ես ազդեցիկ իշխանության, որովհետև իշխանության ձևերը տարբեր են: Դա արդեն կախված է մեր ընտրողից. որքան մեզ շատ վստահեն, որքան մեզ շատ քվե տան, այնքան մեր ազդեցությունը գործող իշխանության մեջ ավելի մեծ կլինի, հետևաբար` մեր ծրագրերն ավելի իրագործելի կլինեն:

Պետք է ընտրողին համոզեք, որ ձեր ծրագրերն են հենց իրատեսական ու իրագործելի, բայց ինչպե՞ս, Դուք շատ գեղեցիկ խոսում եք, բայց դա դեռ երաշխիք չէ:

- Իհարկե, շատ բարդ է` հատկապես հաշվի առնելով, որ անցած 20-22 տարում այնքան են հասարակությանը հիասթափեցրել, այնքան են ստել, խաբել շատ անձինք, ուժեր, որ համընդհանուր հավատի կորուստ կա: Կա նաև որոշակի գիտելիքների անկում և մի ավելի վատ բան` հասարակության մի մասին վարժեցրեցին օրվա խնդիրներ լուծելուն, որոշակի նյութական շահագրգռվածությամբ քվե տալուն, սա հասարակությանը դեգրադացնելու գործընթաց է: Մենք ուղղակի հույսը դնում ենք քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող խավի վրա: Հույս ունենանք, որ այս խավը կդառնա մեր դաշնակիցը` նաև իրենց միջավայրերում քարոզելով մեր ծրագրերը, ինչի արդյունքում մենք կփորձենք հանրությանը առավելագույնս հասցնել  մեր ասելիքը:

Դաշնակցությունը միշտ խոսում է, Դուք էլ նշեցիք, որ թիմային եք, միմյանց դեմ չեք պայքարում, բայց վերջերս լուրեր էլ հայտնվեցին թե ինչպես է հենց Ձեր ընտրատարածքում, Ձեր  թիմակիցներից մեկի կողմնակիցը զանգում համոզում է ընտրողներին, որ ձայն տան ձեր կուսակից Սամվել Սարգսյանին: Անգամ ձեր անունն է հնչեցվում լրագրողի կողմից, բայց զանգողը ուղղում է, թե ում կոնկրետ պետք է տալ ձայնը: 

 - Նման միջադեպ եղել է, բայց ես դրան լուրջ չեմ վերաբերվում: Ես պնդում եմ` մենք թիմով ենք հանդես գալիս, սա անվիճելի է, մենք չունենք ներքին պայքար, բայց հրեշտակների հավաքածու չենք, մարդիկ ենք, նույն հասարակության քաղաքացիներ ենք, և կարող է ամեն մեկի մոտ ինչ-որ հարցում, ինչ-որ չափով վրիպում լինի: Սա լուրջ խնդիր չէ, որովհետև կոնկրետ մեր վարկանիշային մյուս թեկնածուն չի արել դա, դա արել է նրա շտաբային աշխատանքներն իրականացնող անձանցից մեկը: Մարդկային գործոն է աշխատել, երբ քաղաքացիներին դիմում, խնդրում, բացատրում են, որ քվեարկեն իրենց վարկանիշային թեկնածուի օգտին: Ասեմ, որ հեռախոսազանգ անողը դաշնակցական էլ չէ, այս դաշտում պետք չէ փնտրել, ուղղակի պարզունակ մեխանիզմ է կիրառել, որն այլևս չի կրկնվի:

Ձեր և Սամվել Սարգսյանի միջև լարվածություն կա՞:

- Բացարձակապես, ես անգամ չեմ զրուցել նրա հետ, այդ թեմային չեմ անդադարձել, ես նրան չեմ մեղադրում, խնդիր չկա: Կարծում եմ` նա իր թիմին արդեն հասկացրած կլինի, որ նման ձևով աշխատանք չեն տանում, որովհետև բոլորս էլ ծառայելու ենք մի նպատակի` անկախ նրանից, թե մեզնից ով կընտրվի: Բոլորս այսօր կարևորում ենք, որ պետք է բերենք մեր ծրագրերը և մեր խնդիրները լուծենք , իսկ դա անձով չէ, դա պիտի թիմային աշխատանքով լինի: Պետք է լինի այդ միասնությունը, հուսով եմ` մինչև ընտրություների ավարտը մենք այդ միասնությունը կպահպանենք: Դա նաև Դաշնակցության պատմությունն է ցույց տվել, որ մենք կարողանում ենք մնալ որպես թիմային խումբ:

Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ընտրություններում ձեր տոկոսները կավելանա՞ն, թե՞ միայն ապավինելու եք Դաշնակցության կայուն 5%-ին:

- Դաշնակցությունը 5 տոկոս չէ: Պետք է տարբերակել Դաշնակցության կշիռը` որպես կուսակցություն, ամբողջ աշխարհի մասշտաբով, և հայաստանյան իրականության մեջ Դաշնակցության հավաքած քվեները, սրանք տարբեր բաներ են: Վերջին ընտրություններում Դաշնակցության հավաքած այդ ցածր քվեն նաև հետևանք էր, որ ուռճացվում էին մյուս կողմի ձայները, ուստի երբ մյուս կողմի ձայներն արհեստականորեն ավելացվում են, քո տոկոսային կշիռն իջնում է: Դաշնակցությունը Հայաստանում էլ 5 կամ 6 տոկոսանոց կուսակցություն չէ` իր ձայներով: Այս նոր ընտրական օրենսգրքով, հուսամ, շատ հարցեր կարգավորված կլինեն, սակայն մինչև դա չաշխատի, ես այդ  վստահությունը չեմ կարող հաստատել: Ամեն ինչ արվել է, որպեսզի ավելի լավ ընտրական օրենսգիրք ունենանք: Բոլոր քաղաքական ուժերը, ընդդիմադիր ուժերն էլ մասնակից եղան, հետևաբար` բոլորը մտածում են, որ սա ավելի լավ է, քան նախորդը, հետևաբար` ակնկալում եմ, որ դրանից բխող արդյունքն էլ շատ ավելի լավը կլինի:

Քարոզարշավի ընթացքում  ուժերը ոչ թե ներկայացնում են իրենց ծրագրերը, այլ նախընտրում են դիմացինի վրա ցեխ շպրտել:

- Ես հակված եմ տանել առողջ բանավեճային, ծրագրային ընտրապայքար մրցակիցների հետ, միտում չունեմ ցեխ շպրտելու ոչ մեկի վրա, ես հանունի վրա եմ կառուցելու` հանուն մեր ժողովրդի  բարեկեցիկ կյանքի` ավելի լավ երկիր ստեղծելու տեսլականով: Մրցակիցների հետ փորձելու եմ առողջ կառուցել նախընտրական պայքարը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կեղտոտ տեխնոլոգիաները կիրառվեն, փորձեն ցեխ շպրտել մեր ուղղությամբ: Այդ ժամանակ հակահարված կլինի` ավելի կոռեկտ, բայց` ամուր հակահարված:

Զրուցեց Ամալյա Առաքելյանը

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica