close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2017
-2°
+4°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պահի կենացը

Հարթակ

1 Մարտի 2017, 16:19
 Պահի կենացը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ամեն անգամ, երբ որեւէ հայտարարությամբ է հանդես գալիս խորհրդարանի շենքի միջանցքներում` լրագրողների հետ զրույցում, այդ հայտարարությունները ստացվում են ցնցող: Օրինակ` այսօր պարոն Սահակյանը ԱԺ-ի միջանցքում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է` ընտրակաշառք չի բաժանվում, ու շեշտել է. «Այս պահին: Դեռեւս քարոզչությունն էլ չի սկսվել»: Թե հետո ի՞նչ կլինի, Աստված գիտի, ամեն դեպքում` պարոն Սահակյանը չգիտի:

Ի դեպ, երբ քարոզչությունը սկսվի, կարելի՞ է ընտրակաշառք բաժանել: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե ԱԺ նախագահն անձամբ հայտարարում է, որ ընտրակաշառք չի բաժանվում եւ շեշտում է՝ այս պահին, դեռեւս քարոզչությունն էլ չի սկսվել, կնշանակի` երբ սկսվի, այդ պահին էլ հնարավոր է բաժանվի: Հակառակ պարագայում` պարոն Սահակյանը կարող էր ուղղակի ասել, որ ընտրակաշառք չի բաժանվում, եւ ինքը` որպես հանրապետության երկրորդ դեմք, թույլ չի տալու, որ բաժանվի՝ օգտագործելով իր ունեցած բոլոր լիազորությունները, դեռ մի բան էլ` ավելին: Իսկ երբ շեշտվում է, որ ընտրակաշառքն այս պահին չի բաժանվում, եւ դեռ քարոզարշավն էլ չի սկսվել, կնշանակի այս պահն ու քարոզարշավի սկսված չլինելը կարեւոր են ընտրակաշառքի բաժանման համար:

Բայց ուրիշ կարեւոր բան էլ կա: Բանն այն է, որ ԱԺ նախագահն այսօր նշել է, որ այս պահին մարդիկ, ովքեր ուզում են ընտրվել, պարզապես հանդիպում են մարդկանց հետ, ինչ-որ խոստումներ են տալիս… Այսինքն` ենթադրենք ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Բազմասեր Առաքելյանն իր հայրենի Արագածոտնի մարզում հանդիպում է մարդկանց հետ եւ ոչ թե ընտրակաշառք է տալիս, այլ` խոստումներ, ինչը, ըստ ԱԺ նախագահի, նորմալ է: Ճիշտ է, հնարավոր է պարոն Սահակյանը չգիտի, թե իր կուսակից Բազմասեր Առաքելյանը մարդկանց հանդիպելիս կոնկրետ ինչ է տալիս, բայց դա ոչ այնքան պարոն Սահակյանի, որքան պարոն Բազմասերի խնդիրն է:

Ինչեւէ, կնշանակի մարդկանց հետ հանդիպելն ու նրանց խոստումներ տալն այս պահին նորմալ է: Այս պահից հետո, երբ սկսվի քարոզարշավը, գուցե նորմալ լինի նաեւ մարդկանց հանդիպելն ու ընտրակաշառք տալը: Ընտրություններից հետո հնարավոր է նորմալ լինի մարդկանց չհանդիպելը, մանավանդ` մարզերից ռեյտինգային կարգով ընտրվածների պարագայում, որոնք, փաստորեն, պետք է աշխատեն Երեւանում եւ չեն կարող, այն էլ` վատ եղանակին, պարբերաբար գնալ իրենց ընտրած մարդկանց հետ հանդիպումների: Մի խոսքով` մեր երկրում այնքան աննորմալ բաներ կան եւ նորմալ բաների մեծ պահանջմունք, որ աննորմալ բաներից շատերը նորմալ ենք կոչում. ինքնապաշտպանության պես մի բան է:

Ամեն դեպքում` հույս ունենք, որ «այս պահը» հնարավորինս երկար կձգվի, ասենք` մի 25-30 տարի, եւ նրանք, ովքեր ընտրվում են, ընտրակաշառք չեն բաժանի: Ավելին` հորդորում ենք ԱԺ-ի մեծարգո նախագահին, որ գործող խորհրդարանը, մինչ լիազորությունները վայր դնելը, ընդունի մի օրենք կամ օրենքի փոփոխություն, ըստ որի՝ «այս պահը տեւում է մինչեւ 40 տարի, եւ բոլոր նրանք, ովքեր այս պահին ընտրակաշառք կտան, կհամարվեն աննորմալներ»:

Հովիկ Աֆյան

ՃՏՊ` Վանաձորում
24 Նոյեմբերի 2017, 23:34 ՃՏՊ` Վանաձորում
Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica