close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+15°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինվորը պետք է վստահ լինի` հայրենիքն իր թիկունքին է կանգնած. Յուրի Պետրոսյան

Հարցազրույց

28 Փետրվարի 2017, 20:05
 Զինվորը պետք է վստահ լինի` հայրենիքն իր թիկունքին է կանգնած. Յուրի Պետրոսյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Յուրի Պետրոսյանը: Նա Արամ Խաչատրյանի, Հովհաննես Այվազովսկու մեծածավալ քանդակների հեղինակն է:

Մեծ քանդակների պահանջարկ չկա, և քո բոլոր գաղափարները մնում են փոքր ծավալների մեջ

Քաղաքական անցուդարձ, նախընտրական շրջան, շոուներ... Այս ամենին զուգահեռ` ստեղծագործողը միշտ ստեղծագործում է: Ես միշտ էլ աշխատում եմ, ինչպե՞ս կարող ես չաշխատել: Հիմա մանրաքանդակներ եմ անում, մեծ քանդակների պահանջարկ չկա, և այս դեպքում քո բոլոր գաղափարները մնում են փոքր ծավալների մեջ: Վերջին մեծածավալ աշխատանքս 2004-ին եմ արել` Հերացու կիսանդրին էր: Նախկինում պետությունը յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո գնում էր ինչ-որ աշխատանք, իսկ հիմա անգամ ֆինանսավորում չկա: Դժվար է արդեն հիշել, թե իմ աշխատանքներից երբ է պետությունը վերջին անգամ գնել, կարծես առաջին ցուցահանդեսիս ժամանակ էր` 1992-ին:

Չեմ կարծում, որ տարին մեկ անգամ նորմալ քանդակ տեղադրելու համար մեծ գումարներ են պետք

Մշակութային ոլորտից շատերն այժմ ավելի շատ զբաղված են շոուներով, ու նրանց գործերը լավ էլ ֆինանսավորվում են, իսկ կերպարվեստը կարծես աչքաթող է արվել: Պետական ֆինանսավորումը վերացավ անկախությունից հետո: Ճիշտ է, մասնավոր պատվերներ շատ չեն լինում, բայց վերջերս տեղադրված հուշարձանները հենց մասնավոր պատվերների շնորհիվ կյանքի կոչվեցին: Կարծում եմ` պետք է քաղաքատիպ արձաններ լինեն այգիներում, որ միջավայրը գեղեցկացնեն, ու մարդիկ, արվեստի հետ շփվելով, մշակույթին մոտ կլինեն, ճաշակը կբարձրանա: Արվեստի հետ քիչ շփվելը էժանության է բերում: Այն, ինչ արվում է կերպարվեստի ոլորտում, շատ քիչ է: Անընդհատ պատճառաբանում են, թե գումար չկա, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ ուրիշ բաների համար գումարներ գտնում են: Չեմ կարծում, որ տարին մեկ անգամ նորմալ քանդակ տեղադրելու համար մեծ գումարներ են պետք, ուղղակի ցանկությունն է բացակայում: Պետք է համատեղ աշխատեն` կառավարությունն ու քաղաքապետարանը: Արտերկրում ինչպե՞ս է. պարզ, հասարակ, փոքրածավալ քանդակներ են քաղաքներում, անգամ` մայթերին տեղադրված: Պարտադիր չէ` լինեն ֆիգուրատիպ քանդակներ, կարող են ուղղակի ֆորմաներ լինեն, պայմանականություն կրող քանդակներ են մեզ պետք: Սակայն քանդակը, ի տարբերություն գեղանկարչության, միջավայրի մեջ դրվող ծավալ է, այսինքն` պետք է միջավայրի հետ համահունչ լինի:

Ասում են` մշակույթը մեր հպարտությունն է, ելույթներ են անընդմեջ ունենում դրսում, մեզ մոտ, բայց, պարոնա՛յք, միայն խոսքով չէ

Չեմ կարող ասել, թե քաղաքում տեղադրվող բոլոր քանդակներն են լավը, բայց ունենք լավ աշխատանքներ` Սասունցի Դավիթ, Միքայել Նալբանդյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Ստեփան Շահումյան, բայց, մյուս կողմից, կան քանդակներ, որոնց իմաստը չես հասկանում: Երևանում շատ քանդակներ կան, որ մարդիկ չգիտեն էլ` ում արձանն է, քանդակը չի հրավիրում անցորդին: Հիշո՞ւմ եք` տարիներ առաջ բերեցին ու մեր մեծերի արձանները քանդակեցին` նստարանների հարևանությամբ, իսկ հետո կամաց-կամաց հանեցին դրանք, քանի որ հասկացան` դրանք կապ չունեին մեր մեծերի հետ: Չեմ հասկանում մեր իշխանությանը, ասում են, թե մշակույթը մեր հպարտությունն է, ելույթներ են անընդմեջ ունենում դրսում, մեզ մոտ, բայց միայն խոսքով չէ: Ունենք տաղանդավոր երիտասարդ քանդակագործներ, որոնց պետք է աշխատեցնել ու մեր քաղաքը գեղեցկացնել:

Մեր` ո'չ խաղաղություն, ո'չ պատերազմ վիճակն էլ է ազդում ամեն ինչի վրա

Շատերն արդարանում են, թե հասարակության պահանջարկին են ընդառաջ գնում, այսինքն` ստացվում է` սերիալների պահանջարկը կա՞, որ անընդհատ իրար հետևից նկարում են: Սուտ է, ինչ հրամցնում են, դրան էլ ժողովրդի աչքը սովորում է: Եթե Փարաջանովի ու Փելեշյանի ֆիլմերն ավելի հաճախ ցուցադրեն, ի՞նչ է, նայող չի՞ լինի: Բոլորն էլ քննադատում են սերիալները, այդ ինչպես ստացվեց, որ դրանց պահանջարկը կա: Մի՞թե այդ պահանջարկը պետք է էժան միջոցներով բավարարեն: Մշակույթի մասին, առհասարակ, քիչ է խոսվում: Այսօրվա մեր` ո'չ խաղաղություն, ո'չ պատերազմ վիճակն էլ է ազդում ամենի վրա: Պետությունը միջոցներ չունի, հասկանալի է, բայց կան մարդիկ, ովքեր հսկայական միջոցներ ունեն և նրանց համար չնչին բան է` երբեմն-երբեմն ինչ-որ բան գնել, պատվիրել: Մի վատ կողմ էլ կա պատվերի մեջ` պատվիրողն իր ճաշակն է թելադրում:

Արժեքների վերագնահատման ժամանակը գալու է

Որոշ ժամանակ անց անպայման մշակութային արժեքների վերագնահատում տեղի կունենա. գործը պետք է որոշ ժամանակ ապրի, որ ժամանակի մեջ մտնի: Լինում են դեպքեր, որ այն, ինչ չի գնահատվում, գալիք սերունդն է ընդունում ու վերագնահատում: Արժեքների վերագնահատման ժամանակը գալու է: Վան Գոգն իր ամբողջ կյանքում մեկ գործ անգամ չկարողացավ վաճառել, իսկ հիմա միլիոններ արժեն նրա աշխատանքները: Միշտ պետք է մտածենք, որ լավ է լինելու, ավելի ճիշտ` յուրաքանչյուրն իր ասպարեզում պետք է աշխատի, որ լավ լինի: Լավ օրը գալու է, հո այսպես չի՞ մնալու: Ճիշտ է, մի քիչ փշոտ է դեպի լավը գնացող մեր ճանապարհը, բայց դա էլ մեր բախտն է: Չորս կողմից թշնամիներով ենք շրջապատված, բարեկամ չունենք, թվացյալ բարեկամներն էլ դավաճան են` ուզածդ ժամանակ թիկունքից կհարվածեն:

Ապրիլը չի կարող անհետ կորչել

Ապրիլը չի կարող անհետ կորչել, հնարավոր չէ` անդրադարձ չլինի: Հիմա յուրաքանչյուրի ներսում էլ խմորումներ են լինում, և մի օր կտեսնենք ապրիլյան դեպքերի անդրադարձը`ինչ-որ ստեղծագործության տեսքով: Անվտանգության խնդիրն է սեղանին դրված, ամենահսկայական միջոցները հենց դրան պետք է տրամադրվեն, մենք էլ պիտի ըմբռնումով մոտենանք ու դիմանանք. բանակ պահելը հեշտ բան չէ: Ամեն օր մեր տղերքը զոհվում են, իրավիճակը սահմանին ոգևորող չէ, բայց չպիտի հուսահատվենք, քանի որ նման տղերք ունենք` սահմանին կանգնած: Պիտի պահենք մեր անկախությունն ու միասնական լինենք, մեր փրկությունը դրա մեջ է, միայն այդպես կարելի է հաղթանակել, եթե` ոչ` վտանգված է մեր անկախությունը:

Հայրենիքը լոկ տարածք չէ

Հայրենիքը մեր մեծ ընտանիքն է, պիտի սիրենք ու յուրաքանչյուրս նպաստենք նրա կայացմանը, գոյատևմանն ու ամրապնդմանը: Հայրենիքը լոկ տարածք չէ: Յուրաքանչյուրն իր ուժերի ամենամեծ չափաբաժինը պետք է ուղղորդի հայրենիքի պաշտպանությանը: Մեր հույսն ու ապագան ամուր բանակն ու զինվորն է: Իրենց կյանքի գնով ապրիլին պահեցին հողը: Ոչինչ չպետք է ափսոսալ զինվորի համար, նրանց շնորհիվ է, որ մենք խաղաղ ենք ապրում: Եթե զինվորին լավ չպահենք, նա կարող է հիասթափվել: Զինվորը պետք է վստահ լինի` հայրենիքն իր թիկունքին է կանգնած, իր ընտանիքի կողքին: Կուզեի` խաղաղություն հաստատվեր: Մենք Հայրենական պատերազմ, Ղարաբաղյան ազատամարտ, ապրիլյան օրեր ենք ապրել, և հիմա կուզեի` մեր թոռները խաղաղություն տեսնեին: 

Կարինե Հարությունյան

 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica