close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպական ապտակ` Ադրբեջանին կամ «սևցուցակային» մարազմի վերջը

Թեմա

28 Փետրվարի 2017, 16:41
 Եվրոպական ապտակ` Ադրբեջանին կամ «սևցուցակային» մարազմի վերջը

Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Սաջադ Քարիմին փետրվարի 26-ին արձագանքել է Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից  Եվրախորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի եւ Յարոմիր Շետինայի նկատմամբ քրեական գործ հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու որոշմանը: Հիշեցնենք` խոսքը վերաբերում է Եվրախորհրդարանի այն պատգամավորներին, որոնք սեփական նախաձեռնությամբ այցելել էին Արցախ՝ այնտեղ անցկացվող սահմանադրական հանրաքվեին հետևելու, ինչն էլ հարուցել էր Բաքվի դժգոհությունը:

Քարիմիի հայտարարությունը Ադրբեջանին հասցված հերթական ապտակն է: Նախ՝ նա ընդգծել է, որ Եվրախորհրդարանը Արցախում պաշտոնապես դիտորդական առաքելություն չի իրականացրել, այսինքն՝ եվրոպացի պատգամավորներն Արցախում են եղել ոչ թե ԵԽ-ի անունից, այլ սեփական նախաձեռնությամբ: Սակայն, ըստ Քարիմիի, պատգամավորներն «իրավունք ունեն իրենց ընտրությամբ այցելելու ցանկացած վայր եւ առաջ տանելու իրենց անձնական համոզմունքները», հետևաբար` նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելն «անողջունելի, անօգտակար եւ անցանկալի իրողություն է»:

Արցախի սուբյեկտայնությունն անուղղակիորեն ճանաչելու իմաստով էական է Քարիմիի մեկ այլ ընդգծում: Ըստ նրա՝ Եվրախորհրդարանը կարևորում է իր երեք պատգամավորների կողմից այցելության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ինչպես պահանջվում է ԵԽ-ի բոլոր պատգամավորների պարագայում: Սրանով նա Բաքվին հասկացնում է, որ թեև պատգամավորներն Արցախ են այցելել իրենց նախաձեռնությամբ, Եվրախորհրդարանը հիմք է ընդունում հանրաքվեի վերաբերյալ` նրանց ներկայացրած տեղեկանքը, որը ոչ միայն զուտ տեղեկացման գործառույթ ունի, այլև հաշվի է առնվում ինչպես հակամարտության, այնպես էլ Արցախում պետական ինստիտուտների կայացվածության, այնտեղ ներքին ժողովրդավարության մակարդակի մասին ԵՄ պատկերացումների և դրա հիման վրա քաղաքականության որդեգրման կամ վերափոխման համատեքստում: 

Այս հայտարարությունը Ադրբեջանին հասցված ապտակ է նաև այն իմաստով, որ հնչեցվում է Հայաստան-ԵՄ և Ադրբեջան-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նախագահի մակարդակով, այսինքն՝ մի օղակի, որը պատասխանատու է պառլամենտական մակարդակում Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների համար:

Եվրախորհրդարանի նման կոշտ անդրադարձի պատճառը միայն անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու անհեթեթությունը չէր: Ներկայումս Ադրբեջանը ԵՄ-ի և նրա ղեկավար մարմինների հետ բովանդակային հարաբերություններ գրեթե չունի: Բաքուն դեմարշ է հայտարարել միջազգային օրակարգ ձևավորող երեք հիմնական ուժային կենտրոններից մեկին այն պատճառով, որ Եվրախորհրդարանը պարբերաբար դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների մասսայական ոտնահարման, ժողովրդավարական ինստիտուտների վերջնականապես ավերման և տոտալիտար ընտանեկան միապետական համակարգ ստեղծելու երևույթները: 2015 թվականին Եվրախորհրդարանը նույնիսկ բանաձև ընդունեց, որից հետո Բաքուն հայտարարեց ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակում ստեղծված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին իր մասնակցությունը դադարեցնելու մասին: Արցախի հարցում Եվրախորհրդարանի որդեգրած ուղեգիծը պայմանավորված է նաև Ադրբեջանի այս ապակառուցողականությամբ:

Մյուս կողմից` որքան էլ Բաքուն փորձի անտեսել, Եվրախորհրդարանի այս մոտեցումն ունի լիարժեք իրավական հիմք: Դեռ 2011թ. ապրիլին այն Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման վերաբերյալ բանաձև էր ընդունել, որով Եվրոպական հանձնաժողովին կոչ էր անում աջակցել չճանաչված պետական սուբյեկտներում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության կայացմանը, ծրագրեր իրականացնել հակամարտող կողմերի հասարակությունների միջև հաղորդակցությանը նպաստելու համար:  Նման մի բանաձև ընդունվել է նաև 2012թ.: Սա այն ժամանակահատվածն էր, երբ նախաձեռնելով հարևանության քաղաքականության, ապա` նաև Արևելյան գործընկերության ծրագրերը, ԵՄ-ն սկսեց մեխանիզմներ ստեղծել իր հարևանության գոտում առկա հակամարտություններում, այդ թվում` նաև Արցախյան հիմնահարցում դերակատարում ունենալու ուղղությամբ: Արցախի ներքին ժողովրդավարության քաղաքացիական ինստիտուտների կայացմանը նպաստելու խնդիրը հենց այս առումով դարձավ առաջնահերթություն:

Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանի կողմից Արցախի սուբյեկտայնության անուղղակի ճանաչման ենթատեքստ ունեցող հայտարարությունը հնչում է Հայաստանի նախագահի՝ Բելգիա կատարած աշխատանքային այցի և հատկապես` ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող երկարատև բանակցությունների ավարտի մասին` երկկողմ գոհունակություն արտահայտող հայտարարությունների ֆոնին: Այն ցույց է տալիս եվրոպական կառույցների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների միջև առկա ստրատեգիական տարբերությունների մակարդակը, Եվրոպայում ավելի ընկալելի դարձնում Արցախյան հակամարտության կարգավորման հայկական տեսլականն ու հիմնավորումները: Պատահական չպետք է համարել այն վստահությունը, որով Սերժ Սարգսյանը ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում խոսեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: «Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ, այս խնդրում ելակետային է ԼՂ ժողովրդի` ազատ կամաարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել...»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Այն ձախողումները, որոնք Հայաստանն ունենում է մինչև ուղնուծուծը կոռուպցիայի մեջ թաթախված ադրբեջանա-թուրքական լոբբիի ճիրաններում գտնվող Եվրոպայի խորհրդում և ԵԽԽՎ-ում, Հայաստանը փորձում է փոխհատուցել ԵՄ-ի և, մասնավորապես, Եվրախորհրդարանի հետ հարաբերություններում: Իսկ սա շատ ավելի արժեքավոր է, որովհետև ոչ թե ԵԽ-ն կամ ԵԽԽՎ-ն, այլ հենց ԵՄ-ն ու Եվրախորհդրարանն են որոշում եվրոպական գլոբալ և տարածաշրջանային քաղաքականությունը:  Մնում է, որ Հայաստանը պատվով բռնի նաև այս տարվա ապրիլին կայանալիք խորհրդարանական` մաքուր և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու քննությունը, որը կարող է շրջադարձային լինել ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար:          

Գևորգ Դարբինյան 

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica