close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+16°
+20°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական բանակը փետրվարի 25-ին խափանել է ամենակարևորը

Թեմա

27 Փետրվարի 2017, 22:22
 Հայկական բանակը փետրվարի 25-ին խափանել է ամենակարևորը

Այն, ինչ փետրվարի լույս 25-ի գիշերը ադրբեջանական զինուժը փորձել է իրականացնել արցախա-ադրբեջանական շփման գծի արևելյան և հարավարևելյան ուղղություններով և ինչի արդյունքում լուրջ մարդկային կորուստներ ունեցավ ու ետ շպրտվեց ելման դիրքեր, իրականում հերթական դիվերսիոն-հետախուզական գործողությունը չէր: Դա Արցախի տարածք ներխուժող զինտեխնիկայի և կենդանի ուժի համար միջանցքի ստեղծման փորձ էր, ինչի մասին վկայում է երկու հանգամանք: Նախ՝ գործողության ընթացքում կիրառվել են ականազերծման տեխնիկա և հատուկ միջոցներ, երկրորդ՝ ըստ փետրվարի 26-ի ԱՀ ՊՆ-ի հրապարակած տվյալների, միջդիրքային տարածքում հակառակորդի ոչնչացված 5 զինծառայողների թվում եղել են բրիգադի հետախուզության պետ, հետախուզական վաշտի հրամանատար, երկու շարքային հետախույզ և մեկ սակրավոր: 

Չնայած պաշտոնական Բաքուն փորձեց նախահարձակ լինելու մեջ մեղադրել հայկական կողմին՝ հայտարարելով, թե իրենք կորուստներ են ունեցել «պաշտպանական» գործողությունների ժամանակ, սակայն փաստը, որ դիակները մնացել էին միջդիրքային տարածքում, հաստատում էր այդ պնդումների անհեթեթությունը: Բայց, որպեսզի այս պրիմիտիվիզմը հասարակական լայն ռեզոնանս չհարուցի, Բաքվի իշխանական-քարոզչական ամբողջ մեքենան երեք օր շարունակ սեփական հասարակությանը ենթարկում էր տոտալ տեղեկատվական ահաբեկման՝ տպավորություն ստեղծելով, թե հայկական կողմը արցախա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով անցել է գրոհի: Սեփական հասարակությանը նման մանիպուլյացիոն մամլիչի տակ ահաբեկելու համար՝ ալիևյան ռեժիմն ուներ ևս մեկ կարևոր պատճառ: Խնդիրն այն է, որ դրա նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն հպարտությամբ նշում էր, թե նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն անձամբ է ղեկավարում առաջնագծում իրենց զորամիավորումների գործողությունները: Այսինքն, եթե քարոզչական մամլիչը գործի չդրվեր, ակնհայտ էր դառնալու այս ձախողման մեջ հենց անձամբ Հասանովի  պատասխանատվությունը և նրա հեղինակությունը հավասարվելու էր զրոյի: Պատերազմի ներկայիս տոտալ քարոզչությունն առաջին հերթին ուղղված է անձամբ Հասանովի և բանակի երեսը փրկելուն:

Բայց անկախ դրանից, փետրվարի 25-ի գիշերը տեղի ունեցածը բացահայտում է մի շատ կարևոր իրողություն. այլևս կասկած չի մնում, որ ադրբեջանական բանակը պատրաստվում է նոր խոշոր ռազմական գործողությունների, որոնք կարող են տեղի ունենալ ցանկացած պահի: Հայկական կողմից ստացած ուժգին ապտակն էլ ավելի է մեծացնում դրա հավանականությունը, որովհետև այդ ձախողման պատճառները, ունեցած կորուստների իրական ծավալները չբացահայտելու ադրբեջանական ռազմական գերատեսչության վարքագիծը, անկախ հանրային կարծիքը զոնդաժի ենթարկելու միջոցառումներից, չափազանց մեծ ներքին դժգոհություն են հարուցում, և Բաքվի թույլ տված սխալը նոր սադրանքներով սրբագրելու խնդիր ունի: Պատահական չէ, որ դեպքի հաջորդ օրը Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը սպառնաց, որ եթե Հայաստանը չազատի «օկուպացված» տարածքները, իրենք դրանք կազատագրեն այլ «մեթոդներով»՝ այս ուղերձը հասցեագրելով միջազգային հանրությանը: Բացի դրանից, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները միջադեպի կապակցությամբ արած համատեղ չափազանց անատամ ու անհասցե հայտարարության մեջ, կոչ անելով նախկին տեղակայման վայրեր հեռացնել ծանր զինտեխնիկան, փաստացի հաստատեցին, որ կողմերը սահմանագծին զգալի կուտակումներ ունեն: Դրա վկայությունն է արդեն մի քանի օր շարունակ մինչև 120մմ տրամաչափով հաուբիցային հրանոթների կիրառումը:

Եվ հիմա ողջ հարցն այն է՝ ի՞նչ մասշտաբների ռազմական գործողություններ է պլանավորում Ադրբեջանը: Եթե նկատի ունենանք, որ միջանցք բացելու գործողությունները երկու ուղղություններով են եղել, պետք է ենթադրել, որ փորձ է արվել կրկնել ապրիլյան պատերազմը. այսինքն նախաձեռնել հարձակումներ՝ Արցախի տարածքում, որքան հնարավոր է խորանալու և նոր «հեկտարներ» «պոկելու»  նպատակով: Ապրիլյան պատերազմի ժամանակ բնագծերի որոշակի փոփոխությանը հասնելը  և մի քանի հարյուր հեկտար տարածք գրավելը Բաքվին հույս է ներշնչել, որ թեկուզ իր զինվորներին մսաղացի զոհ դարձնելով կարելի է անցնել կտոր-կտոր տարածքներ գրավելու ռազմավարությանը: Եթե միջանցք բացելու և ապա ավելի ուշ այն լիարժեք օգտագործելու օպերացիան հաջողվեր, որևէ կասկած չէր լինելու, որ Բաքուն բոլորին կանգնեցնելու էր «մինի պատերազմների» փաստի առջև՝ գործնականում վերջնականապես հրաժարվելով բանակցություններից:

Ահա թե ինչու անգամ ձևականորեն Բաքուն չի համաձայնում շփման գծում ԵԱՀԿ մոնիթորինգային թիմի սիմվոլիկ ավելացմանը, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Փետրվարի 25-ի միջադեպին նոր ապրիլյան տիպի պատերազմ չի հաջորդել հիմնականում այն պատճառով, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը սխալ էր հաշվարկել անցած մեկ տարվա ընթացքում թե՛ նման սադրանքներին պատասխանելու, և թե՛ իր տարածքի խորքում հետախուզական գործողություններ իրականացնելու առումով հայկական բանակի տեխնիկապես հագեցվածության ապահովման մակարդակը: Հիմա Բաքուն ստիպված կլինի հաշվի առնել այդ որոշիչ գործոնը: Բայց կստիպի՞ դա վերանայել «մինի պատերազմների» ռազմավարությունը, և վերանայելու դեպքում ինչպիսի՞ն կլինի ուղղությունը, դժվար է ասել: Դա պարզ կդառնա առաջիկայում ադրբեջանական բանակի պահվածքից:  

Այս իմաստով փետրվարի 25-ից հետո նոր իրավիճակ է առաջացել: ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների անհասցե հայտարարությունները վկայում են, որ չնայած միջազգային հանրությունը չի ցանկանում արցախյան նոր ու վստահաբար շատ ավելի արյունալի պատերազմ, սակայն միաժամանակ այն զսպելու, Ադրբեջանին դարձի բերելու բավարար ցանկություն կամ կարողություն չունի: Բաքվում սա ընկալվում է որպես ընտրած նոր ռազմավարության արդարացվածության նշան:  

Սա հայկական կողմին ստիպում է թե՛ դիվանագիտական, և թե՛ ռազմական ճակատներում կտրուկ փոխել խաղի կանոնները և պաշտպանվողի դիրքերից անցնել նախաձեռնողի դիրքերի: Հայկական ԶՈւ-ի վերջին գործողությունները վկայում են, որ ռազմաճակատում այդ վերանայումները կատարվում են, և դա է, որ շփոթության ու որոշ իմաստով նաև խուճապի է մատնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Շարքային ադրբեջանցիները սկսել են հասկանալ, որ հայկական կողմը ունակ է ինքը նախահարձակ լինելու: Եվ այս իմաստով, այդ երկրի հասարակությանը զոնդաժավորելու ադրբեջանական տեղեկատվական մամլիչն ինչ-որ տեղ աշխատում է նաև հայկական կողմի շահերից: Փոխարենը, սակայն, առայժմ ոչ մի տեղաշարժ չկա դիվանագիտական ճակատում: Չնայած Ադրբեջանը ԼՂ հարցում դիվանագիտական փակուղում է, սակայն Հայաստանի ԱԳՆ-ի գերպասիվությունը նրան մանևրելու լիակատար ազատություն է տալիս:   

Գևորգ Դարբինյան         

Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
17 Հոկտեմբերի 2018, 12:23 Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica