close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2017
+6°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2017
USD1483.66
GBP1640.22
EUR1567.24
RUB18.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բազմասերիանոց ծեծեր

Հարթակ

27 Փետրվարի 2017, 15:11
 Բազմասերիանոց ծեծեր

Մարզիկներն առհասարակ չեն ծեծում: Մանավանդ` այն մարզիկները, որոնք ուժային մարզաձեւերի ներկայացուցիչներ են, օրինակ` բռնցքամարտիկ են կամ ըմբշամարտիկ: Ես լավ հիշում եմ, որ երբ դպրոցական տարիներին ձյուդոյի էի գնում, եւ մեր խմբից մեկը փողոցում ծեծել էր մի տղայի, կիրառելով ձյուդոյի սովորած հնարքները, մեր մարզիչը վռնդեց նրան պարապմունքներից՝ ասելով, որ մարզիկն իրավունք չունի ծեծելու, անգամ` տատամիին: Տատամին ձյուդոյի գորգն է, ռինգը, մրզասպարեզը:

Ու երբ ըմբշամարտիկ-պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հայտարարում է, որ ինքը տասը տարի առաջ է վերջին անգամ ծեծել, այն էլ՝ ըմբշամարտի գորգին, ես խորապես կասկածում եմ, որ նա ըմբշամարտիկ է, քանի որ ըմբշամարտում գորգին, դրանից դուրս, կողքը, չեն ծեծում, մրցում են, կա'մ հաղթում են, կա'մ՝ ոչ:

Ինչեւէ, շատ չխորանանք պարոն Բազմասերի մարզական կարիերայի մեջ, մանավանդ, որ այն անհաջող է եղել, հակառակ պարագայում միջազգային մրցույթներից գոնե մի մեդալ  կլիներ պարոն Բազմասերի կրծքին: Չէ, մեդալներ նա ունի, օրինակ` հանրապետության չեմպիոն է, ՀԱՕԿ-ի կողմից պարգեւատրվել է Տրդատ 3-րդ Արշակունի եւ սպորտի նախարարության կողմից՝ նախարարության ոսկե մեդալներով, բայց լուրջ մեդալ, ասենք՝ օլիմպիական բրոնզ, չունի: Փոխարենը նրա կրծքին սկզբում ԲՀԿ-ի կուսակցական կրծքանշանն էր, հետո, տեսնելով, որ ԲՀԿ-ն իրեն ապագա չէ, ՀՀԿ-ինն էր, ու քանի որ մարդն առհասարակ չի կարեւորում այդ կրծքանշանները, նրա համար առանձնապես կարեւոր էլ չէ, թե ո՞ր կուսակցության կրծանշանն էր իր կրծքին: Չի բացառվում, որ պարոն Բազմասերին մի օր էլ տեսնենք կոմունիստների կրծքանշանով, մանավանդ, որ, դատելով անունից, այս մարդը բազմասեր է:

Հայտնի է, որ ԱԺ պատգամավորն իր տանը ծեծել է համագյուղացիներից մեկին այն պատճառով, որ վերջինս հրաժարվել է առաջիկա ընտրություններին քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի, քանի որ վաղուց արդեն կողմնորոշված է եւ քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին: Դե, Բազմասերն էլ` տաքարյուն մարդ, նվիրված կուսակցական, կուսակցության համար կյանքն անգամ չխնայող տղա, ջղայնացել է ու սկսել ծեծել: Արդյունքում` ծեծված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Բազմասեր Առաքելյանին, ցավոք, ոչ ոք այլ մասնագիտական հիվանդանոց չի տարել, մինչդեռ արժեր: Առհասարակ, առաջարկում եմ այն բոլորին, ովքեր ծեծելով են իրենց հարցերը լուծում, մանավանդ՝ քաղաքական, տեղափոխել հոգեբուժարան, համ այնտեղ է նրանց տեղը, համ էլ այնտեղ քաղաքական գործիչներ շատ կան:

Մի խոսքով` պարոն Բազմասերը, իհարկե, ժխտում է իր մասնակցությունն այդ միջադեպին` պնդելով, որ ինքը վերջին անգամ տասը տարի առաջ է մարդ ծեծել, այն էլ` ըմբշամարտի գորգին: Նրա ազգական գյուղապետը, որի ղեկավարած գյուղում էլ տեղի է ունեցել միջադեպը, հայտարարել է, որ հարսանիք է եղել, հետո պարել են, հետո գուցե նման միջադեպ է եղել, հետո ինքը չգիտի, թե ովքեր են մասնակցել… Մի խոսքով՝ ցրել է: Դատախազությունն արդեն նյութեր է հավաքում՝ միջադեպի հետ կապված, ու եթե պարզվի, որ պատգամավոր Բազմասերը մարդ է ծեծել, ապա նա շատ արագ կզրկվի անձեռնմխելիությունից, ինչի հետեւանքով էլ կա'մ կհայտնվի անազատության մեջ, կա'մ ստիպված կլինի պատասխան տալ ազատության մեջ: Երկուսն էլ սպառնում են խիստ վտանգավոր լինել պարոն Բազմասերի համար:

Իսկ, ընդհանուր առմամբ, պարոն Բազմասերի ամբողջ կյանքն առջեւում է: Նա 39 տարեկան կդառնա այս տարվա հունիսի 14-ին, այսինքն` հույս կա: Հույս կա, որ մի գեղեցիկ առավոտ պարոն Բազմասերը կարթնանա տարօրինակ զգացողությամբ. նրան կթվա, որ աշխարհում բոլորին ծեծել է, եւ հիմա բոլորն ուզում են իրեն ծեծել, ամեն սերիայում՝ մեկը:

Հովիկ Աֆյան

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica