close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է անում Հայաստանը թուրք-իրանական առճակատման մեջ

Թեմա

22 Փետրվարի 2017, 21:01
 Ի՞նչ է անում Հայաստանը թուրք-իրանական առճակատման մեջ

«Ռիա Նովստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, թե Թուրքիան Հարավային Կովկասում իրեն խիստ ապակառուցողական է դրսևորում, և նրա քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ։

Ներկա պահին հարավկովկասյան երեք երկրներից Թուրքիան խնդիրներ ունի միայն Հայաստանի հետ: Եվ եթե չնայած դրան, պաշտպանության նախարարը Թուրքիայի ապակառուցողականությունը տարածաշրջանի կտրվածքով է շեշտում, նշանակում է հայտարարության նպատակները շատ ավելի խորքային են:

Բանն այն է, որ նման կոշտ գնահատականները Երևանից հնչեցնում են թուրք-իրանական հարաբերությունների վերջին օրերի կտրուկ լարման ֆոնին: Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանին մեղադրել էր Սիրիան և Իրաքը շիական դարձնելու, այդ երկրները մասնատելու մեջ: Դրանից առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էր մտահոգություն հայտնել, թե Իրանն իր ազդեցության գոտին մեծացնելու նպատակով Սիրիայում և Իրաքում «աղանդավորական քաղաքականություն» է իրականացնում: Իսկ փետրվարի 12-ից 15-ին Ծոցի երկրներ՝ Քաթար, Սաուդյան Արաբիա և Բահրեյն կատարած այցի ժամանակ նույն մեղադրանքները Թեհրանի հասցեին հնչեցրել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:

Անկարայի այս հակաիրանական «արշավը» հարուցել է Թեհրանի վրդովմունքը: Փետրվարի 20-ին Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի ԱԳՆ: Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Բեհրամ Քասիմին հայտարարել է, որ Թեհրանի համբերությունը սահմաններ ունի, և եթե թուրքական իշխանությունները շարունակեն նույն ապակառուցողական վարքագիծը, իրենք ստիպված կլինեն հակադարձել: Դրան, սակայն, հաջորդեց Թուրքիայի Արտգործնախարարության ներկայացուցիչ Հուսեյն Մյուֆթյուօղլուի արձագանքը: Նա հայտարարեց, որ Իրանը մեղավոր է տարածաշրջանում ստեղծված անկայունության համար և, որ ակնկալում են՝ վերջինս կվերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը:

Այս թարմ «փոխհրաձգության» ֆոնին հնարավոր չէ պատկերացնել, որ դիվանագիտական գործունեության զգալի փորձ ունեցող և վերջին տարիներին թե՛ ղարաբաղյան հիմնահարցին, և թե՛ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող բանակցային գործընթացներում անմիջականորեն ներգրավված Վիգեն Սարգսյանը չէր կարող չհաշվարկել, թե ինչպես Թեհրանում և Անկարայում կընկալեն իր այս հայտարարությունը: Սա զուտ պատահական համընկնման արդյունք չէ և ըստ ամենայնի՝ դրանով Երևանը փորձում է որոշ խնդիրներ լուծել:

Թուրքիային մեղադրելով տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն վարելու մեջ՝ պաշտպանության նախարարն անուղղակի համերաշխություն է հայտնում Իրանին և առարկայորեն հասկանալի դարձնում, որ կիսում է նրա տարածաշրջանային անվտանգության պատկերացումները և անվտանգության այդ համակարգում Իրանին մոտենում է իբրև բնական դաշնակցի: Այս դիրքավորումը խիստ պրագմատիկ դրդապատճառներ ունի:

Թուրքական իշխանությունները վերջնականապես հասկանալի են դարձրել իրենց ծավալապաշտական նկրտումները: Էրդողանը չի թաքցնում Օսմանյան կայսրությունը նորովի վերակենդանացնելու նպատակները: Ծոցի երկրներ այցելելու Էրդողանի նպատակը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ այսպես կոչված սունիական երկրների կոալիցիա ձևավորելն է: Թեև շեշտվում է, թե դրա նպատակը դեպի արևմուտք շիական առանցք ձևավորելու Իրանի քաղաքականությունը ճնշելն է, սակայն Էրդողանն սունիական կոալիցիայի ձևավորմամբ փորձում է արդարացնել Իրաքում և Սիրիայում իր ռազմական ներկայությունը, այն դարձնել մշտական և այդպիսով՝ յուրատեսակ անեքսիայի ենթարկել այդ երկրների տարածքները: Զուգահեռ՝ Թուրքիան հմտորեն խաղում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի լարվող հարաբերությունների վրա և վարելով այսպես կոչված «ածելիների վրայով քայլելու» վտանգավոր քաղաքականություն, փորձում է ուժեղացնել իր անկախությունը և ազդեցությունը մերձավորարևելյան ողջ տարածաշրջանի վրա: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան ներկայումս ինտենսիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային նորագույն համակարգեր ձեռք բերելու նպատակով: Եթե այդ գործարքը հաջողվի, ապա Անկարան ավելի քիչ կառավարելի կդառնա թե՛ ՆԱՏՕ-ի, և թե՛ իր նկատմամբ թուրքական դարերով անփոփոխ «թշնամի բարեկամի» քաղաքականության հանդեպ՝ կույր ու խուլ Ռուսաստանի համար:

Հիմա էլ Էրդողանը համարձակվում է արդեն թիրախավորել Իրանը, որին ընդամենը մեկ տարի առաջ հենց Թեհրանում բարեկամ երկիր էր հորջորջում: Անկարան օգտվում է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ կոշտացման ներկա պայմաններից: Վաշինգտոնից վերջին օրերին արդեն հասկացնում են, որ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի գործոնը չեզոքացնելուց հետո, գուցե նույնիսկ Սիրիայի խնդիրը դեռ չլուծած, հաջորդ թիրախը լինելու է Իրանը՝ այդ էքսպանսիան փաթեթավորելով միջազգային ահաբեկչությանը վերջինիս աջակցելու մեղադրանքներով: Իրանը՝ նոր «Սիրիայի» վերածելու հեռանկարը բխում է Անկարայի շահերից. դրանով բացվում է Թուրքիայի՝ դեպի արևելք ծավալվելու և ազդեցությունը մեծացնելու հիանալի հնարավորություն:

Թե ի՞նչ է Հայաստանի համար նշանակում Թուրքիայի անվերահսկելի դառնալը, Իրանը նոր պատերազմի թատերաբեմի վերածելը, թերևս, ավելորդ մեկնաբանության կարիք չունի, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ղարաբաղյան լոկալ հակամարտությունը ևս կարող է ինչ-որ պահի դառնալ ադրբեջանական ճակատից Իրանի դեմ գործի դրվող խաղաքարտ: Եվ Թուրքիայի հետ կապված անելով նման շեշտադրում՝ Երևանն առաջին հերթին դեմ է արտահայտվում տարածաշրջանի ապակայունացման այդ հեռանկարին:

Թեհրանում ևս հրաշալի պատկերացնում են, թե ինչի է ձգտում թրամփյան նոր վարչակարգը: Դրա մասին է վկայում բալիստիկ հրթիռների ինտենսիվ փորձարկումը: Դրա մասին են վկայում նաև Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական առանցք ձևավորելու Թեհրանից հնչող արդեն բացահայտ առաջարկները: Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին, ով մեծ դերակատարում ունի այդ երկրի արտաքին քաղաքական որոշումների կայացման մեջ, օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը և Իրանը Սիրիայի հարցում որևէ տարաձայնություն չունեն և, որ երկու երկրները, ուշադրություն դարձնենք, «գնում են տարածաշրջանում ռազմավարական դաշնակցության ստեղծման» ուղղությամբ: Առաջիկայում սպասվում է Իրանի նախագահի պաշտոնական և գուցե, պատմական ու շրջադարձային այցը Ռուսաստան, որտեղ, գուցե այս տենդենցը որոշակիանա: Եվ հաշվի առնելով թուրքական սեպարատ նկրտումների սպառնալիքները՝ ամենևին չի բացառվում, որ այս պահին Թուրքիայի ապակառուցողականությունը շեշտելով Իրանին սոլիդարություն հայտնելով՝ Երևանը փորձում է ռուս-իրանական այդ հնարավոր նոր առանցքում դառնալ կապող օղակ:

Գևորգ Դարբինյան   

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica