close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը պարտվեց արցախյան հանրաքվեում

Թեմա

21 Փետրվարի 2017, 13:40
 Ադրբեջանը պարտվեց արցախյան հանրաքվեում

Արցախի Հանրապետության ԿԸՀ-ն հրապարակեց սահմանադրական հանրաքվեի պաշտոնական նախնական արդյունքները, ըստ որոնց` նոր Սահմանադրությունն ընդունվել է 87,6 տոկոսով: Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների գրեթե 74 տոկոսը: Արտերկրյա դիտորդներն ու դիտորդական խմբերը քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը բավականին բարձր են գնահատել և արձանագրել, որ հանրաքվեն անցել է հիմնականում առանց ընտրախախտումների: Թե' ներքին և թե' արտաքին ընկալման առումով` սա ամենակարևոր արձանագրումներից մեկն է:

Հանրաքվեին մասնակցության բարձր ցուցանիշը փաստեց, որ արցախցիները շարունակում են պետական ինստիտուտների կայացման հարցում լինել նույնքան պատասխանատու, որքան 1991թ. դեկտեմբերի հանրաքվեով անկախության ճանապարհն ընտրելիս: Արցախը հերթական անգամ պատվով բռնեց ինքնորոշման և ինքնիշխանության հերթական քննությունը: Այն, որ հանրաքվեի արդյունքում ուժեղացվեց նախագահական ինստիտուտը, լոկալ նշանակություն ունի: Շատ ավելի կարևոր էր, որ հանրաքվեով Արցախը հերթական անգամ ապացուցեց, որ պետականության և իր ժողովրդավարական ինստիտուտների կայացվածության առումով ոչ մի ընդհանուր բան չունի Ադրբեջանի հետ: Հայաստանի և Արցախի համար սա վաղուց աքսիոմատիկ ճշմարտություն է: Սակայն խնդիրը միջազգային հանրության ընկալումներն են: Այս իմաստով` հանրաքվեն լուծեց արտաքին քաղաքական  նշանակության մի քանի կարևոր խնդիր:

Նախ՝ արցախցիները վերականգնեցին երկրամասի պատմական անվանումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փոխարինելով Արցախի Հանրապետության: Սա ոչ միայն ազգային ինքնագիտակցության տեսանկյունից է կարևոր, այլև քայլ է, որը ժամանակի ընթացքում կստիպի միջազգային հանրությանն այս հակամարտությանը մոտենալ արցախցիների ազգային ինքնորոշման սկզբունքի համատեքստում՝ ենթագիտակցորեն ամրապնդելով այն իրողությունը, որ սա պայքար է հանուն սեփական պատմական հայրենիքում ապրելու և զարգանալու` Արցախի ժողովրդի բնական իրավունքի պաշտպանության: «Ղարաբաղյան կոնֆլիկտ»-ը միջազգային տերմինաբանության մեջ միանգամից չի փոխարինվի «արցախյան կոնֆլիկտ»-ով: Դրա համար երկար ժամանակ կպահանջվի: Սակայն միջին վիճակագրական եվրոպացու համար սրա արդյունքում շատ անորոշություններ կսկսեն հասկանալի դառնալ:

Երկրորդ՝ այս հանրաքվեն կայանում է Ադրբեջանի կողմից բլոգեր Լապշինին «ձեռք բերելու» հայտնի իրադարձությունների ֆոնին: Այդ գործը ալիևյան ռեժիմը սեփական հասարակությանը ներկայացնում է որպես իր հերթական հաղթանակը՝ միաժամանակ առանց Բաքվի թույլտվության Արցախ այցելողների նկատմամբ կիրառելով որպես ահաբեկման միջոց: Հանրաքվեի ընթացքին, ըստ Արցախի ԿԸՀ-ի, հետևել է 104 միջազգային դիտորդ 30-ից ավելի երկրից: Բացի չճանաչված պետական կազմավորումներից (Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա, Բասկերի երկիր), որպես դիտորդ, հանրաքվեին մասնակցել են Ուրուգվայից, Բոլիվիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Իսպանիայից, Լատվիայից, Սլովենիայից, Եվրախորհրդարանից և այլն: Այսպիսի պատկառելի ներկայությունը, որի ապահովման գործում անգնահատելի է հատկապես Հայ Դատի հանձնախմբերի հետևողական ու նպատակային նախաձեռնողականությունը, փաստացի վկայում է, որ Բաքվի ահաբեկման քաղաքականությունը ոչ միայն ձախողվում է, այլև տալիս լրիվ հակառակ էֆեկտը` Արցախ այցելողների թիվը ոչ միայն ավելի է շատանում, այլև աշխարհում մեծանում է Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանող՝ հասարակական կարծիք ստեղծող անհատների շրջանակը: Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ որպես դիտորդ Արցախ այցելած բոլոր օտարերկրացիներն ընդգրկվելու են իր «սև ցուցակում»: Բայց դիտորդներն Արցախ են եկել` հրաշալի իմանալով հետևանքները: Եվ դա ցույց է տալիս, որ նրանք խորապես թքած ունեն դրա վրա: Այս ուղեգծի շարունակման դեպքում Ադրբեջանի «սև ցուցակը» ոչ միայն կարող է դառնալ լրիվ ավելորդ ու ծիծաղելի, այլև սկսելու է աշխատել հենց նրա դեմ:

Երրորդ՝ չնայած Ադրբեջանը յուրաքանչյուր նման դեպքում իր դիվանագիտական ամբողջ արսենալն օգտագործում է Արցախում անցկացվող հանրաքվեների, ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին այլ երկրներից պաշտոնական հայտարարություններ կորզելու համար, սակայն այս միջոցառումները բարձրացնում են Արցախի միջազգային սուբյեկտայնության մակարդակը: Նախ՝ փաստ է, որ միջազգային հանրությունն այլևս կասկածի տակ չի դնում Արցախի իշխանությունների լեգիտիմությունը: Արդեն տևական ժամանակ է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց բանավոր ու գրավոր հայտարարություններում օգտագործում են ԼՂՀ «դե ֆակտո իշխանություններ» բառակապակցությունը: Եթե անգամ չնչին կասկած ունենային այդ իշխանությունների ձևավորման օրինականության հարցում, նման ձևակերպումներ չէին անի: Բացի դրանից` այդ իշխանությունների հետ նրանք հանդիպում են, բանակցում հենց Ստեփանակերտում, ինչը նման համապետական ընտրությունների, ու հանրաքվեների արդյունքներն անուղղակիորեն ճանաչելու արգասիք է: Եվ վերջապես` արդեն մի քանի տարի է, ինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արցախյան ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարության մեջ հստակ ամրագրում ու շեշտում են, որ արցախցիներն ունեն սեփական հանրային կյանքը նման կերպ կազմակերպելու իրավունք: Սա ուղիղ հարված է այդ իրավունքը համառորեն անտեսող Բաքվին և նրա դիվանագիտական ջանքերին: Այս իմաստով` օտարերկրյա դիտորդների մասնակցությունն ամենակարևոր բաղադրիչն է: Նրանք, իհարկե, պաշտոնապես չեն ներկայացնում այն երկրները, որտեղից եկել են Արցախ: Սակայն ինչպես ընտրությունների որակի, այնպես էլ Արցախում առկա պետական-հասարակական ինստիտուտների գործունեության վերաբերյալ նրանց ձեռք բերած տեղեկատվությունը հսկայական ուղղորդող նշանակություն է ունենում Արցախի հարցում պետական քաղաքականության ու դիրքորոշումների ձևավորման, վերափոխումների ժամանակ: Այնպես որ` դիտորդների մասնակցությունը և հանրաքվեի` որակով անցկացումը զուտ Արցախի ընտրական գործընթացները ցուցափեղկային դարձնելու խնդիր չէ, որ լուծում է, այն դառնում է արցախյան հիմնահարցի լուծման թաքնված կարևոր էլեմենտ, որի հենքին պետք է հասնել Ստեփանակերտին լիարժեք բանակցային ձևաչափ վերադարձնելուն:  

Գևորգ Դարբինյան   

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica