close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+1°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

20 տարի անց

Հարցազրույց

17 Սեպտեմբերի 2011, 12:01
 20 տարի անց

Հարցազրույց Սերգեյ Սմբատյանի հետ:

- Դուք ի՞նչ սերունդ եք՝ անկախության համարյա տարեկիցներդ:

- Կարող եք գալ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին եւ տեսնել: Մենք ունենք շատ լավ երիտասարդություն, ոչ թե լավ, այլ շատ լավ: Ընդամենը պետք է հասկանալ ու պետք է հնարավորություն տալ, որ ինքը կայանա որպես հասարակության մի հատված: Հայաստանում, ցավոք, թե՛ քաղաքական, թե՛ ուրիշ մակարդակներում մենք այդ բանը չենք տեսնում. եթե երիտասարդը սովորում է՝ իր անձնական շնորհքն է կամ իր ընտանիքի: Այն բոլոր երեխաները, որոնք երաժշտությամբ են տարված, իրենց ծնողներն են հետեւում նրանց աճին… Կամաց-կամաց ես զգում եմ, որ սովորելը նորից Հայաստանում մոդայիկ ու շատ հեղինակավոր մի բան է դառնում: Ես դա ողջունում եմ:

- Բայց ի՞նչ օգուտ, որ աշխատելու տեղ չկա. կրթությունն ստանում են, անգործ թափառում:

- Շուկայական օրենքներն այնպիսին են, որ եթե կա կրթված հասարակություն, որը պատրաստ է աշխատել, աշխատատեղերը բացվում են, շուկան զարգանում է: Շուկան մահանում է, երբ կրթված մարդ չկա, որ աշխատի: Հասարակությունը միշտ պետք է ունենա կիրթ, շատ կիրթ շերտեր: Երբ ասում են, թե Հայաստանում վատն ու անկիրթ է երիտասարդությունը, ես պատասխանում եմ, որ եթե իրոք այդպես լիներ, մենք չէինք ունենա նվագախումբ եւ չէինք ունենա հանդիսատես:

- Բայց ունե՞ք: Դահլիճը լցվո՞ւմ է:

- Դուք չե՞ք եղել մեր համերգներին:

- Չեմ եղել:

- Մեր դահլիճը միշտ լեփ-լեցուն է, ու ես հպարտ եմ, որ միշտ երիտասարդություն է գալիս, որովհետեւ երբ մեծ երաժիշտների ենք հրավիրում, առաջին տպավորությունը, որ փոխանցում են, դա է: Համերգ գնալը միանշանակ նաեւ բարեկրթության նշան է: Երբեւէ դասական համերգի ներկա չեղած մարդու համար երեւի հերոսություն է, բայց նա դա անում է:

- Բայց ձեզ պե՞տք է մեր չմշակված ականջների ներկայությունը:

- Շատ, եւ մենք մշակում ենք: Երբ մի անգամ մարդ գա, մտնի Արամ Խաչատրյանի մեծ դահլիճ եւ լսի, թե ինչպես են հարյուր հոգի բեմում նվագում, նորից կուզենա գալ, ընկերներին էլ կբերի: Եվ այդպես՝ մենք կունենանք հասարակության մի մեծ զանգված, որն իրականում սիրում եւ լսում է դասական երաժշտություն:

Բրյուսելի, Բեռլինի, Կարլզռուեի, Հաագայի հռչակավոր համերգասրահներ. սա եվրոպական այն քարտեզն է, որով սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ն անցնելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ 23-ամյա դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգաշարը նվիրված է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին: Այդ օրերին երիտասարդները կատարելու են նաեւ Էդուարդ Հայրապետյանի գործը, որը նա գրել է հատուկ այս նվագախմբի համար ու նվիրել նրանց:

- Մարդիկ՝ լսելով այդ գործը, կհասկանան, թե ինչով է ապրում անկախ Հայաստանը, եւ ինչ արվեստ կարող է նա մատուցել աշխարհին: Ինչքան էլ Հայաստանում փոփ արվեստը, մյուս արվեստներն են ավելի շատ քարոզվում, շատ խորհրդանշական է, որ մենք մեր երկրի անկախությունը տոնում ենք դասական երաժշտությամբ: Եվ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ այդ համերգները տալու ենք եվրոպական այնպիսի քաղաքներում, որոնք դասական երաժշտության մայրաքաղաքներ են:

- Քեզ որեւէ երաժշտական դասական գործ հիշեցնո՞ւմ է Հայաստանի անկախության անցած 20-ամյա ճանապարհը:

- Անկախության տարիներին ստեղծված բոլոր գործերը տարբերվում են սովետական երաժշտության տարիներին ստեղծվածներից. նոր շունչ է՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ բարդ: Եթե Հայաստանը չլիներ անկախ, չլիներ ազատ իր որոշումների մեջ, չէր լինի երիտասարդական նվագախումբ, այն էլ՝ պետական:

- Եվ Սովետում ոնց որ թե 18 տարեկանում որեւէ մեկին չէին վստահի նվագախումբ ղեկավարելու գործը:

- Չգիտեմ: Բայց նման նախադեպ չի եղել:

- Հայաստանի պետական օրհներգը հավանո՞ւմ ես որպես երաժիշտ:

- Ընդհանրապես հիմնի մասին կարծիք հայտնելը մի քիչ կապ չունի պրոֆեսիոնալիզմի հետ, որովհետեւ որեւէ երկրի հիմնը մի քիչ երաժշտությունից դուրս երեւույթ է: Ես ունեմ իմ կարծիքը մեր հիմնի մասին, որը միանշանակ դրական չէ, բայց այնուամենայնիվ, մեր երկրի հիմնն է, եւ մենք պարտավոր ենք հարգել այն:

- Հայրդ՝ Արմեն Սմբատյանը, 90-ականների սկզբին օրհներգանման «Հայաստան» երգը գրեց, հարմար կլինե՞ր օրհներգի:

- Այդ երգը չի գրվել այդ նպատակով: Ուղղակի սիրվեց, քանի որ հայկական ոգի եւ հայ երաժշտության լավ մշակում ուներ:

- Իսկ հիշու՞մ ես, թե այդ երգի պրեմիերան որտեղ է եղել եւ ովքե՞ր են կատարել առաջին անգամ:

- Ճիշտն ասած, փոքր էի, չեմ հիշում:

- Իսկ ես հիշում եմ՝ քո մանկապարտեզում. պստիկ երեխեքի ձեր խմբով կատարեցիք հանդեսի ժամանակ: Ինչեւէ, առաջիկա օրերին գնալո՞ւ ես Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկի համերգին, կարծեմ՝ Գերգիեւի հետ մտերմություն ունես:

- Մենք նույն օրը՝ ամսի 19-ին, բացօթյա համերգ ունենք Ազգային ժողովում՝ նվիրված անկախությանը: Իսկ հետո մաեստրո Գերգիեւի համերգն է: Իհարկե գնալու եմ:

- Նարեկ Հախնազարյանն է նվագելու, հավանո՞ւմ ես իրեն:

- Նա փայլուն երաժիշտ է եւ համար մեկ թավջութակահարներից:

- Չգիտեմ՝ տարիքի՞ցդ է, թե՞ մասնագիտությունիցդ. լրագրողներս այսքան առատաձեռն չենք՝ իրար գնահատելիս: Լավ, մի անուն էլ տամ՝ շուտով ջազ դաշնակահար Տիգրան Համասյանն էլ է համերգ տալու Երեւանում, ի՞ր մասին ինչ կասես:

- Համասյանը իմ լավագույն ընկերներից է, Չայկովսկու դպրոցում սովորել ենք նույն դասարանում, մեծացել ենք միասին, նա փայլուն երաժիշտ է եւ բացառիկ տաղանդ ունի:

- Միեւնույն է՝ մեծ հաշվով երաժշտական աշխարհում էլ կա մասնագիտական խանդ, ավելին՝ մասնագիտական ազգային խանդ: Ապացույցը՝ Նարեկ Հախնազարյանի հասցեին Մարկ Գորնշտեյնի արած արտահայտությունները, ինչպե՞ս ես դրանց վերաբերվում:

- Եթե դիրիժորը այդպիսի բան է թույլ տալիս նվագախմբի մոտ՝ մենակատարի հասցեին, իհարկե, սխալ է: Բայց քանի որ այդ հարցով զբաղվում է ամբողջ Ռուսաստանը, իմ կարծիքը ոչ մի նշանակություն չունի:

- Քեզ հետաքրքրո՞ւմ է, թե լայն իմաստով ինչ է կատարվում Հայաստանում, թե՞ միայն երաժշտական կյանքն է հուզում: Կյանքում տղայական կռիվ արած կա՞ս:

- Դե կռիվներն ինչ-որ լուրջ աստիճանների չեն հասել: Բայց մենք էլ ենք երկրի առօրեական, կենցաղային ռիթմի մեջ: Ես կարծում եմ, որ երաժիշտը չպիտի մեկուսացած լինի: Ամեն ինչում կամ: Նույնիսկ քաղաքականից եմ տեղյակ, չնայած այն ինձ քիչ է հետաքրքրում:

- Տանը դեռ ունե՞ք օձեր ու կրիաներ:

- Հա: Իմ հայրն է դրա սիրահարը: Օձեր, կրիաներ, թութակներ:

- Ապրելու տեղ մնո՞ւմ է ձեզ:

- Իհարկե, մնում է: Այդ բոլորը Մոսկվայում են, այստեղ շատ քիչ քանակությամբ՝ միայն օձեր կան:

- Իսկ եթե ամուսնանաս, այդ կենդանիներին ի՞նչ ես անելու:

- Դեռ չեմ պատրաստվում: Ես ինձ փորձում եմ պինդ պահել, կարծում եմ, որ դրան պատրաստ չեմ:

- Քսան տարի հետո ինչի՞ հասած կլինես:

- Քանի որ արվեստն էտապային բան չի, շատ բարդ հարց է: Նույնիսկ եթե հարցնեք, թե մեկ տարի հետո ինչ կուզենամ անել, շատ երկար կմտածեմ: Ընդհանրապես, եթե մենք խոսում ենք Հայաստանի մասին, ես կուզենամ, որ Հայաստանում լինի լավ կրթություն, լավ հասարակություն: Բայց եթե խոսում ենք, թե որպես արվեստագետ ինչ կուզեմ անել, այդ հարցին ես պատասխան չեմ կարող տալ:

- Լավ, ուրեմն, հաջորդ հարցազրույցի համար կհանդիպենք Հայաստանի անկախության 40-ամյակին՝ 20 տարի անց:

- Պայմանավորվեցինք:

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica