close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2017
+15°
+18°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2017
USD1481.93
GBP1633.83
EUR1569.16
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երբեք չվախենաք ձեր ճանապարհը փոխելուց». Լևոն Մկրտչյանը բաց դաս վարեց Արզականի դպրոցում

Հասարակություն

17 Փետրվարի 2017, 15:57
 «Երբեք չվախենաք ձեր ճանապարհը փոխելուց». Լևոն Մկրտչյանը բաց դաս վարեց Արզականի դպրոցում

Արզականի Խ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Ավետիքյանը կարդալ շատ է սիրում, քանի որ իր ինտելեկտն է բարձրանում: Նա ասում է, որ դեռ միայն հասցրել է հայ գրականությանը լավ ծանոթանալ` Րաֆֆի, Սևակ, Թումանյան, իսկ արտասահմանյան գրականությունից Շեքսպիրի գործերն է կարդացել:

«Կարծում եմ` շատ կարևոր է, որ սկզբից հենց հայ գրականություն կարդանք, մեր արժեքների հետ ծանոթանանք և նոր միայն արտասահմանյան գրականությանն անցնենք: Վերջերս, օրինակ, Րաֆֆու «Սամվելը» կարդացի և շատ տպավորված եմ, հատկապես` Սամվելի հայրենասիրությամբ: Սամվելի` ծնողներին սպանելու երևույթը, ճիշտ է, դժվար որոշվելիք, բայց ընդունելի արարք եմ համարում. հանուն հայրենիքի պետք է ամեն ինչին էլ դեմ գնաս»,- ասում է Սուսաննան ու հավելում, որ Սամվելի նման հայրենասեր հիմա մեր զինվորներն են:

Փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Արզականի Խ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց: Նախարարը նշեց, որ մեր կրթական համակարգի շատ ամուր հենքը, որը պահել է իր ավանդույթները, գյուղական դպրոցն է, դրա համար էլ այս դպրոց է այցելել: Լևոն Մկրտչյանը զրույց-բաց դաս անցկացրեց դպրոցականների հետ` խոսելով կրթության և ընթերցանության կարևորության, ինչպես նաև մասնագիտություն ընտրելու դժվարության մասին: Բացի այդ` նախարարը խոստացավ 11 համակարգիչ նվիրել դպրոցին, քանի որ տեղի համակարգիչները շատ հին էին:

Դիմելով աշակերտներին` նախարարն ասաց, որ կուզեր նրանց մի քանի կարևոր խորհուրդ հաղորդել: «Եթե հավատ ունենք, պետք է հստակ գիտակցել` մարդկությունը 3 կարևոր արժեք է ստեղծել` անհատին` իր իրավունքներով, ով էլ միացել է մեկ ուրիշի հետ և ստեղծել երկրորդ կարևոր արժեքը` ընտանիքը, որն էլ դիմակայելու համար միացել է այլ ընտանիքների, ու ստեղծել են ազգ: Բնության հիմնական օրենքը տեսակի պահպանման խնդիրն է, իսկ տեսակը պահպանելու համար գիտելիք է պետք, որը պետք է սերնդեսերունդ փոխանցվի»,- ասաց նա` հավելելով, որ խորհուրդ կտար առանձնացնել նպատակն ու միջոցը, քանի որ նպատակը պետք է լինի մեծ ու հստակ, իսկ միջոցն ուղղակի նպաստում է այն իրագործելուն:

Ըստ Մկրտչյանի` լավ կամ վատ աշխատանք չկա, ինչպես չկա վատ մարդ կամ բացարձակ հերոս, ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի նպատակները կյանքի կոչվեն: «Կյանքում երբեք չվախենաք ձեր ճանապարհը փոխելուց»,- հավելեց նա:

Աշակերտներից մեկը նախարարին հարցրեց, թե մասնագիտություն ընտրելիս ինչպե՞ս կողմնորոշվեն: Ի պատասխան Մկրտչյանը նշեց, որ նախ պետք չէ ծնողներին շատ լսել: «Չեմ ասում` ծնողներին ընդհանրապես մի' լսեք, բայց ծնողները, սովորաբար, իրենց չիրականացված երազանքները փորձում են երեխաների միջոցով իրականացնել: Դուք մեղավոր չեք, որ մասնագիտություն ընտրելիս չեք կողմնորոշվում: Մենք պետք է բուհերին ասենք, որ հերթով մտնեն դպրոցներ ու ներկայացնեն` որ ֆակուլտետի հետևում ինչ կա»,- ասաց նա:

ԿԳ նախարարը նաև գրքեր էր բերել` դպրոցի գրադարանը համալրելու: 8-րդ դասարանում սովորող Սերժիկ Մնացականյանն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սուտ է տարածված կարծիքը, թե հիմա երիտասարդներն ավելի քիչ են կարդում: Սերժիկն ասում է, որ ինքն ու իր ընկերները շատ են սիրում կարդալ, իսկ հետո քննարկել` ինչ սովորեցրեց գիրքը: «Մեզ մոտ գիրք կարդացողին ոչ թե ծաղրում են, այլ նա կարող է գլուխ գովել ընկերների մոտ, որ այսինչ գիրքը կարդացել է: Վերջին գիրքը, որ կարդացել եմ, Նար-Դոսի «Սպանված աղավնին» էր: Օրինակ` վերջում հասկացա, որ չի կարելի խոստում տալ ու չկատարել, չի կարելի խաբել»,- ասաց Սերժիկը: 

Կորած երեխային գտել են
21 Հոկտեմբերի 2017, 10:25 Կորած երեխային գտել են

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica