close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2017
+11°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2017
USD1481.35
GBP1637.89
EUR1565.97
RUB18.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե սպարտացիների նման տեր չկանգնենք երկրին, բացառվում է, որ հետագայում այստեղ Հայաստան կլինի

Քաղաքական

9 Փետրվարի 2017, 17:30
 Եթե սպարտացիների նման տեր չկանգնենք երկրին, բացառվում է, որ հետագայում այստեղ Հայաստան կլինի

Տավուշի մարզի Նոյեմբերյանի ենթաշրջանի ընտրատարածքում Հայ Յեղափոխական Դաշնակցության ռեյտինգային ցուցակով կառաջադրվի ծնունդով կողբեցի, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը:

Yerkir.am-ի զրուցակիցը Արտավազդ Սահակյանն է:

-Պարո'ն Սահակյան, 1998-ին Դուք նույնպես խորհրդարանում էիք, իսկ հետագայում պաշտոնից հեռանալու փաստը մեկնաբանեցիք այսպես` ուզում եք մասնագիտական գործունեությանը վերադառնալ: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, որ կրկին որոշեցիք քաղաքական դաշտ մտնել:

-Քաղաքական դաշտից դուրս գալով` ես իմ խոստումը կատարեցի ու վերադարձա բժշկություն: 18 տարի դուրս էի քաղաքականությունից, բայց երբեք իմ մտքով չէր անցնում, որ այս տարիների ընթացքում Հայաստանն այսպիսի ծանր խնդիրներ կունենա` տնտեսական անկում, հայաթափում, մեկուսացում: Ես շուտով կդառնամ 64 տարեկան, հսկայական աշխատանքային փորձ ունեմ և կարծում եմ, որ իմ կենսափորձը կարող է օգտակար լինել որոշակի քաղաքական հարցեր լուծելու նպատակով:

-Իսկ Ձեր տեղն առողջապահության ոլորտում բաց չի՞ մնա, հանրապետության առաջատար մասնագետներից եք:

-Հասարակական կարգով կշարունակեմ աշխատել, քանի որ ԱԺ աշխատանքը չի բացառում գիտական և բուժական աշխատանքը: Առայժմ պայքարում եմ, որպեսզի օգտակար լինեմ երկրիս:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք հենց ՀՅԴ-ի ցուցակով առաջադրվել, այլ կուսակցություններից նույնպես ունեիք առաջարկներ: Դաշնակցության ո՞ր արժանիքի համար ընտրեցիք այս կուսակցությանը:

-Սա իմ նախաձեռնությունը չէ, բայց ես Դաշնակցության հետ հարաբերվել եմ` սկսած 1990 թվականից, Ղարաբաղ մեկնելիս` Սաֆոնովյան դժնի օրերին: Ես տեսել եմ` ՀՅԴ-ի ներկայացուցիչներն իրենց ինչպես էին պահում այդ օրերին: Չեմ ասում, թե բոլոր դաշնակցականներն են անթերի, բայց ես շփվել եմ Գևորգ Քեփենեքյանի հետ, ով հիմա Լիոնի փոխքաղաքապետն է, Արամ Ղազարյանի հետ, իսկ քրոջս տղան` Արտակը, ով պատերազմի հերոս է, զոհվեց Շահեն Մեղրյանի ջոկատում: Բացի այդ` ես բավականին մտերիմ եմ ՀՅԴ-ի այսօրվա ներկայացուցիչների հետ, և նրանց հետ ինձ ավելի շատ մտերմացրեց Հախվերդյանը, չնայած այն հանգամանքին, որ նա հիմա Դաշնակցության հետ չէ: Դաշնակցության անցած ուղին ես համարում եմ համատեղելի իմ գործունեության հետ: Ի տարբերություն մյուս կուսակցությունների, այս կուսակցությունն ավելի ժողովրդավար է և ունի պատմություն: Արհեստածին կուսակցություններ նույնպես ճանաչում եմ, բայց ես նախընտրեցի այս կուսակցությունը և չեմ կարծում` սխալվել եմ: Ես հարգանքով եմ վերաբերվում մյուս կուսակցություններին, եթե դրանք, իրոք, անկեղծորեն Հայաստանի ամրապնդմանը և բարգավաճմանն են նպաստում:

-18 տարի է անցել, այս ընթացքում երկրի կառավարման մոդելը փոխվեց, և ԱԺ-ն, փաստորեն, դառնում է երկրի առաջին քաղաքական մարմինը: Պատասխանատվության զգացումն ավելի չի՞ մեծանում սրանից:

-Իհարկե, բայց Հայաստանն այնպիսի պետություն է, որ նույնիսկ այս որոշակի փոփոխությունները չէ, որ որոշակի դեր են խաղալու: Հայաստանում ավելի շատ գործում է անձերի դերակատարությունը, ավելի շատ ասիական տիպի երկիր ենք, որքան էլ քրիստոնեության խաչը կրենք: Իմ կարծիքով` պետք է բավական մեծ ճիգեր գործադրվեն, որ  ընդհանրապես մեր մտածելակերպը փոխենք: Վրաստանում փոփոխություններ եղան, քանի որ նրանք ուժ գտան վերափոխվելու: Ուզում եմ Ռաֆայել Պատկանյանի խոսքերից մեջբերել. «Հայե՜ր, երբեք չերկմտենք, 

Կկատարվի այս ամեն, 

Եթե իսպառ մենք հանենք.

Փոքրոգություն մեր սրտեն»:

Սրա մեջ է հարցը, թե չէ` ստացվում է` մեր պապերը 3-4 հազար տարի կարողացան այս հողը պահպանել, իսկ հիմա 400 000 քառ. կմ-ից մեզ մնացել է 42 000 քառ. կմ տարածք: Աստիճանաբար, ձնհալի պես հալվում ենք. հայկական լեռնաշխարհից մի փոքր հատված է մնացել, որտեղ հայախոս զանգված կա, և դա էլ վերանում է: Եթե մենք սպարտացիների նման չկարողանանք տեր կանգնել մեր երկրին ու սոցիալական արդարության, քաղաքական ազատությունների հասնել, ապա բացառվում է, որ այստեղ հետագայում Հայաստան լինի: Մեզ մոտ բևեռացում է` միջին բիզնես չկա, և մարդիկ գյուղերից հեռանում են: Ես Տավուշի մարզից եմ և ամեն շաբաթ կա՛մ Տավուշ, կա՛մ Ղարաբաղ եմ այցելում: Ի դեպ, Տավուշի սահմանամերձ շրջաններում ավելի վատ վիճակ է, քան Ղարաբաղում, և հենց սրա դեմ պետք է պայքարել:

-Արտագաղթ, սոցիալական անարդարություն, մարդկանց իրավունքների ոտնահարում` այս ամենի դեմ պայքարելու ոչ միայն ուժ, այլ նաև միջոցներ տեսնո՞ւմ եք:

-Կարծում եմ՝ նոր կառավարությունն ավելի լավ կաշխատի, քան նախկինն էր: Իհարկե, չեմ կարծում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կախարդական փայտիկ ունի, բայց ես հույսեր եմ կապում նրա հետ: Ես ճանաչում եմ նաև նրա հորը, ով ընկերս է: Մենք պետք է հիմնովին փոխվենք, ու չպետք է այնպես ստացվի, որ նա, ով գա իշխանության, այդ դիրքը չարաշահի ու իշխանությունը դիտարկի միջոց միայն իր կարողությունները մեծացնելու ու բազմապատկելու համար:

-Հիմա քաղաքական դաշտում յուրաքանչյուր ձայնի համար պայքար է գնում, և լուրեր կան, որ մեկ ընտրաձայնի համար պատրաստ են անգամ 100 դոլար ընտրակաշառք բաժանել: Ձեր գլխավոր հաղթաթուղթը բարի համբավն է. հույս ունե՞ք, որ միայն Ձեր անվան ու համբավի շնորհիվ մարդիկ կքվեարկեն Ձեր օգտին:

-Ես կցանկանայի հավատալ, բացի այդ` նախորդ ընտրությունների ժամանակ ես ընտրակաշառք չեմ բաժանել, Դաշնակցությունն էլ երբեք նման բան չի արել: Մարդիկ, ովքեր ժողովրդին դարձնում են մուրացկան, հանցագործներ, մեր թշնամիներից ավելի վատն են: Մի հետաքրքիր բան էլ ասեմ` լեռնային շրջաններում մեր ժողովուրդն ավելի թասիբով է, անգամ փող բաժանելու դեպքում` տավուշցիները քվեարկում են այն մարդու օգտին, ում համակրում են: Եթե այս անգամ էլ արդար ընտրություններ չլինեն, մեր ապրելն անիմաստ է մեր հողի վրա, 20-25 տարի հետո հայ չի մնա այստեղ, և թուրքն առանց պատերազմի կհասնի իր ցանկացածին: 

-Վերջին շրջանում քաղաքական դաշտում իրարանցում է` կուսակցությունները դաշինքներ են կազմում, ՀՀԿ-ից մարդիկ դուրս են գալիս ու ընդդիմադիր իրենց կոչում, այս ամենը խորթ չէ՞ Ձեզ համար:

-Ես այդքան էլ հակված չեմ տարբեր ընդդիմադիրներին հավատալու կամ չհավատալու: Չեմ ուզում որևէ կուսակցության հասցեին վատ բան ասել, հարգում եմ բոլորի իրավունքը, բայց, միաժամանակ, գտնում եմ, որ ՀՅԴ-ն հենց այն կուսակցություն է, որն արժանի է ներկայացված լինել ԱԺ-ում:

-Քաղաքական դաշտում Ձեր կողմից առաջին բուժումը ո՞րը կլինի:

-Մենք մի շարք կարևոր խնդիրներ ունենք լուծելու` սոցիալական արդարություն, քաղաքական ազատություններ, ինչպես նաև միջին բիզնեսի զարգացում, որը բացակայում է մեզ մոտ, մենաշնորհների վերացում և ամենավճռականը` ինտելեկտուալ երիտասարդության ներուժի պահպանում հայրենիքի սահմաններում: Ամենասարսափելի մեր կորուստը ուղեղների արտահոսքն է, քանի որ բռնի ձևով չենք կարող մեր հանճարեղ երիտասարդների պահել Հայաստանում: Երբեմն նույնիսկ ցնցվում եմ, թե ինչքան լուսավոր երիտասարդներ ունենք, ովքեր ստիպած են լինում գնալ Հայաստանից: Սակայն ես հույս ունեմ, որ շատ բան է փոխվելու: Եթե հույս չլիներ, ինչո՞ւ չպետք է առաջադրվեի: Ես արյուն եմ տվել մեր երկրի համար, առաջին օրերից ազատագրական շարժման մասնակից եմ եղել, պարզ է, որ այս ամենն ինձ համար ցավոտ է: 

Կ. Հ.

Գարեգին Բ-ն մեկնել է Բեռլին
17 Հոկտեմբերի 2017, 15:43 Գարեգին Բ-ն մեկնել է Բեռլին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica