close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր՝ տուն պահելու ժամանակը

Հարթակ

3 Փետրվարի 2017, 18:00
 Մեր՝ տուն պահելու ժամանակը

Սերժ Սարգսյանը երեկ մեջբերել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին: Վերջինս ի դեպ, ըստ ՀՀ նախագահի, ԱՄՆ լավագույն նախագահներից մեկն էր: Թրամփը, օրինակ ԱՄՆ լավագույն նախագահ է համարում Աբրահամ Լինքոլնին, շատերիս կարծիքով էլ ԱՄՆ լավագույն նախագահը Վուդրո Վիլսոնն է, մանավանդ` երբ նա իրավարար վճիռներ է կայացնելիս եղել, բայց սա, ինչպես ասում են, ճաշակի հարց է: Ես, օրինակ, ու վստահ եմ` շատերը, ԱՄՆ նախագահներից ամենաշատը սիրում եմ Բենջամին Ֆրանկլինին, մանավանդ նրա՝ կանաչ ֆոնի հանրահայտ նկարը, նամանավանդ` երբ շատ է լինում եւ գրպանումս, ինչեւէ…

Նախագահը Քենեդուն մեջբերել է ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան  քաղաքական դպրոցի ուսանողների մոտ: Խոսելով Ղարաբաղյան խնդրի եւ բանակցությունների մասին՝ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ չի կարելի այս հարցում գնալ զիջումների՝ ճնշումների տակ: Եվ մեջբերել է Քենեդու հայտնի խոսքերը. «Երբեք մի' վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի' գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ»: Ապա Հայաստանի նախագահը հավաստիացրել է, որ կոնկրետ Ղարաբաղյան հարցով մենք երբեք ճնշման տակ զիջումների չենք գնում: «Չնայած մենք պատրաստ ենք փոխզիջումների, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որեւէ ճնշում՝ լինի արտաքին, թե` ներքին, չի կարող ազդել մեզ վրա, հակառակ պարագայում` մեր՝ տուն գնալու ժամանակ է»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի այս խոսքերից, անկեղծ ասած, տպավորություն է առաջանում, որ բանակցությունների ժամանակ մեզ ճնշում են, կամ նաեւ մեզ են ճնշում, հակառակ պարագայում` նա չէր շեշտի, որ որեւէ ճնշում, այդ թվում` արտաքին, չի կարող ազդել մեզ վրա, բայց այս մտքի մեկնաբանումը թողնենք վերլուծաբաններին: Ինձ այլ եւ մի շատ պարզ բան է հետաքրքրում այս ամենի մեջ: «Մենք պատրաստ ենք փոխզիջումների» մտքի մեջ «մենք» -ը ովքե՞ր են, որտե՞ղ են ապրում, որտե՞ղ է նրանց տունը, հայրենիքի սահմանները մինչեւ ո՞ւր են ձգվում, օրինակ` Աղդամ հասնո՞ւմ են: Ի դեպ, քանի՞ մարդ է ազատագրված Աղդամում տուն կառուցել եւ ոչ միայն` Աղդամում: Գիտեմ, որ կառուցողներ եղել են, բայց քանի՞սը, սա շատ կարեւոր թիվ է, որովհետեւ ես այդ թիվն իմանալուց հետո ձեզ պետք է ասեմ, թե աշխարհում քանի միլիոն հայ է ապրում: Ուրեմն ո՞ւմ նկատի ուներ նախագահը՝ «մենք» ասելով: Օրինակ` ԱՄՆ լավագույն նախագահներից մեկը՝ նույն ինքը Քենեդին, երբ ասում էր՝ «մենք», նկատի ուներ ամերիկացի ժողովրդին, ու քանի որ մեր նախագահը, փաստորեն, կարդում է Քենեդու մտքերը, պետք է որ, «մենք» ասելով, նկատի ունենա հայ ժողովրդին` սկսած ազատամարտիկներից, ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքներից, այս պահին առաջին գծում կանգնած տղաների ծնողներից, վերջացրած Գլենդեյլում նախագահ Ֆրանկլինի պատկերով հարյուր ամերիկյան դոլարը մայր Հայաստանեն քեշ ուղարկել պատրաստվող շատ հայրենասեր Մայքլ պապիկով: Բոլորս, այսինքն` բոլոր կուսակցությունները, կուսակցությունների համակիրները, անկուսակցականները, ամուսնացածները, չամուսնացածները, գետերն ու առվակները, բոլորս` անխտիր, որ «մենք» ենք կոչվում, պատրաստ ենք փոխզիջումների: Այ հենց հիմա «նա ստարտ» կանգնած ենք, ու սպասում ենք, որ Ադրբեջանն էլ շորտիկ-մայկան հագնի, եւ փոխզիջումները սկսվեն: Այդպե՞ս է: Նախագահն ասում է, որ այդպես է, եթե, ասելով «մենք», նախագահը նկատի ունի՝ մեզ, ուրեմն այդպես է: Ցանկացած հակառակ կարծիք, որը կհնչի Հայաստանում եւ մանավանդ լայն թափ կհավաքի, կընկալվի որպես ներքին ճնշում, իսկ Սերժ Սարգսյանն ինչպես ասել է՝ այդ թվում ներքին ճնշումները չեն կարող ազդել մեզ վրա:

Լավ, իսկ ովքե՞ր են ներքին ճնշումներ իրականացնողները, եթե ոչ` մենք: Ուրիշ «մենք» էլ կա՞, ասենք` կա «մենք», որը պատրաստ է փոխզիջումների, եւ կա «մենք», որը ներքին ճնշումներ է կիրառում առաջին «մենք»-ի վրա, որ փոխզիջումների հանկարծ չգնա: Այդպե՞ս է: Հավանաբար, այդպես է, ամեն դեպքում` մենք տարբեր բաներ ենք ուզում, ամեն դեպքում` Հայաստանում չկա մեկն, ով ասի՝ պետք չէ գնալ փոխզիջումների, պետք է ամբողջը զիջել-տալ-պրծնել: Հետեւաբար, եթե մեր նկատմամբ ներքին ճնշումներ կան, ապա ոչ թե` որովհետեւ պահանջում են ամբողջը տալ, ոչ թե փողզիջումների գնալ, այլ քանի որ պահանջում են ոչինչ չզիջել: Ո՞վ է հա'մ հաղթում, հա'մ փոխզիջումների գնո՞ւմ: Քենեդին, օրինակ կարո՞ղ էր հա'մ հաղթել, հա'մ էլ փոխզիջումների գնալ: Քենեդին, ի դեպ, իր վերոհիշյալ խոսքն ասել է ԱՄՆ ներքին քաղաքական պայքարի ժամանակ՝ իր քաղաքական ընդդիմախոսներին ուղղված, նրանց մասին, եթե ավելի բաց եք ուզում՝ նրանց փոխզիջումներ անելու ունակության եւ անհրաժեշտության մասին:

Տեղ հասանք: Բանն այն է, որ երբ մի երկրում իշխանությունը չի տրվում, ի դեպ, ներքին ճնշումներին եւ փոխզիջումային լուծումներ չի գտնում իր ընդդիմախոսների հետ պարտադիր անհրաժեշտ բանակցություններում, ուրեմն այդ երկրի՝ տուն գնալու ժամանակն է: Բայց քանի որ Հայաստանն այսպիսի երկիր չէ, բոլորս ամուր կանգնած ենք մեր տներում, ավելին` ո'չ պատրաստ ենք, ո'չ էլ ցանկանում ենք մի թիզ անգամ զիջել մեր տներից, որքան էլ ճնշեն, քանի որ իսկապես հնարավոր չէ ազդել մեզ վրա` լինի արտաքին, թե` ներքին ճնշում:

Մենք ասելով՝ նկատի ունեմ նրանք չէ, մենք:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica