close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսկ առվակներն այստեղ միշտ են քչքչում

Հարթակ

3 Փետրվարի 2017, 15:31
 Իսկ առվակներն այստեղ միշտ են քչքչում

Ի՞նչ են ասում այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս ՀՀԿ-ից: Բացի Արարատի նախկին մարզպետից, ով, ըստ որոշ աղբյուրների, ՀՀԿ-ից դուրս գալով, հայտարարել է` «որտեղ` Հովիկ Արգամիչը, այնտեղ էլ` ես», իսկ Հովիկ Արգամիչն, ինչպես գիտենք, ՀՀԿ-ում չէ այլեւս, մյուս բոլորն ասում են նույն բանը, բնականաբար` տարբեր ձեւակերպումներով, բայց` նույն բանը: Ասում են, որ իրենք դուրս են եկել ՀՀԿ-ից, քանի որ ցանկանում են նպաստել երկրի առաջընթացին, զարգացմանը: Ովքեր միացել են կամ ցանկանում են միանալ Ծառուկյանի դաշինքին, նաեւ հավելում են, որ այսուհետ նպաստելու են նաեւ երկրի բարգավաճմանը, եւ այլն, եւ այլ լավ բաներ: Եթե այս մարդիկ լուրջ են ասում, իսկ այս մարդիկ լուրջ են, կնշանակի, որ ՀՀԿ-ում իրենք, այսքան տարի մնալով, ամենեւին էլ չեն նպաստել երկրի զարգացմանը, առաջընթացին եւ բարգավաճմանը: Ավելին, որն ավելի կարեւոր է, սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ինքը՝ որպես քաղքական ուժ, իշխանություն, չի նպաստում երկրի զարգացմանն ու առաջընթացին: Չի էլ թողնում, որ մյուսները նպաստեն: Հիշենք թեկուզ Արարատի մարզի Բյուրավան գյուղի ղեկավարի խոսքերը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո. «Ուզում եմ հանգիստ աշխատել»: Ու այնպիսի տոնով է ասում, որ ուզում ես ծառերից մի ճոճ կապել, առաջարկել` նստի այնտեղ, հանգիստ այնտեղից աշխատի: Եթե` լուրջ, ապա հարց է առաջանում՝ առաջ հնարավոր չէ՞ր, փաստորեն` չէր, քանի որ պարոն գյուղապետը կարող էր հանգիստ մնալ Հանրապետականի շարքերում եւ հանգիստ աշխատել:

Հասկանալի է, որ, Հանրապետականում մնացածների կարծիքով, բոլորովին այսպես չէ: Այդ մարդիկ վստահ են, որ հենց եւ միայն ՀՀԿ-ն է, որ նպաստում է երկրի առաջընթացին, ավելին` հայաստանյան քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչը /Մանվել Գրիգորյան-խմբ./ հստակ գիտի, որ անձրեւը ձյուն չէ, ձյունը՝ ձյուն է, անձրեւը՝ անձրեւ: Բայց, պարոնա'յք, ու քանի որ ՀՀԿ-ում նաեւ կանայք կան` տիկնա'յք, ձեզ լքում են, որպեսզի նպաստեն երկրի հզորացմանը, եւ դա շատերն են անում, ինչը նշանակում է, որ, շատերի կարծիքով, ՀՀԿ-ն չէ, որ տանում է Հայաստանը առաջընթացի ճանապարհով: Սա ձեզ չի՞ մտահոգում: Սա նորմա՞լ է, լավ այդ կուսակցությունը հո թերթ չէ՞, որտեղ աշխատող լրագրողներն աճեն, ապա լքեն խմբագրությունն՝ իրենց թերթերը հիմնելով, դա կուսակցություն է, եթե ճիշտ եմ հիշում, իսկ կուսակցությունը գաղափարներ ունի, սկզբունքներ ունի, տեսակ ունի, ձեւ ունի, անգամ` բնավորություն ունի: Հիմա ձեր իսկ ընկերները դուրս են գալիս ձեր շարքերից, քանի որ պնդում են, որ դուք սխալ ճանապարհով եք գնում, սխալ մարդկանց հետ եք գնում, եւ ինչն ավելի վատ է ձեզ համար` դուք միշտ եք սխալ ճանապարհով գնացել, ու նրանք նոր-նոր են դա հասկանում, առաջ չէին հասկանում, քանի որ առաջ Հովիկ Արգամիչ կար, ամառ էր, առվակներն ուրախ քչքչում էին՝ թափվելով մայր գետը: Չի բացառվում, որ մտահոգում է, ուղղակի չեք բարձրաձայնում, ինչը, կուսակցական կարգուկանոնի համաձայն՝ կարելի է նորմալ համարել, հո դուք «Ժառանգությունը» չե՞ք, որ իր ունեցած խնդիրներն այնքան շատ լինեն ու մեծ, որ այլեւս հնարավոր չլինի թաքցնելը: Բայց կներեք, դեմն առնո՞ւմ եք: Խոսքն ամենեւին էլ Հովիկ Արգամիչի հավատարիմների դուրս գալու մասին չէ, խոսքը նրա մասին է, որ յուրաքանչյուրը կարող է ձեր կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնել եւ իր հետ տանել իր հավատարիմներին՝  հայտարարելով. «Բա Արգամիչը ո՞նց տարավ»: Դա, իհարկե, հիմա չի լինելու: Ուրախացնելով ձեզ` ասեմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ էլ չի լինելու, հանգիստ ընտրվելու եք, էլի, բայց խնդիրն այն է, որ դուք հայտնվել եք մի ճանապարհի վրա, որտեղից ձեզ հետ ճանապարհը շարունակել էլ չեն ուզում, ու եթե չեն ուզում ձեր իսկ կուսակիցները, բա ի՞նչ ասենք ժողովրդի մասին…

Դուք, անշուշտ, կարող եք պնդել, որ կուսակցությունը լքածներն էին, որ չէին նպաստում երկիրն առաջ տանելու` ձեր նպատակի իրագործմանը, ու հիմա, երբ նրանք հեռացան, երկրի առաջընթացն այլընտրանք չունի: Գուցե ձեզ հավատացողներ էլ լինեն, հաստատ կլինեն, բայց դրանով խնդիրը չի լուծվելու, իսկ դուք խնդիր ունեք: Չափազանց մեծ եք, բազմանդամ եք, իսկ սա նշանակում է, որ միասնական չեք, թիմ չեք…

Կարդացեք Կոմկուսի պատմությունը: Չնայած ինչո՞ւ` կարդացեք, չէ՞ որ ձեզանից շատերն առաջ կոմունիստ էին, հետո հասկացան, որ կոմունիստական գաղափարախոսությամբ հնարավոր չէ երկիրն առաջ տանել, ու դարձան առվակներ, ձեւավորեցին ուրիշ մայր գետ, այն էլ ունեցավ իր առվակները, որոնք էլ, շատ բան տեսնելով ու հասկանալով, սկսեցին առանձին հոսել: Քչքչալով, անշուշտ…

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica