close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էլի չեն խաբում, էլի խաբվում են

Հարթակ

1 Փետրվարի 2017, 15:43
 Էլի չեն խաբում, էլի խաբվում են

Ենթադրելի է, չէ՞, որ քաղաքական ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ձեւավորված դաշինքները պետք է ունենան քաղաքական ընդհանուր ծրագիր: Ընդհանուր, այսինքն՝ բոլորի կողմից ընդունելի: Օրինակ` «Ծառուկյան դաշինք»-ում ընդգրկված քաղաքական կուսակցությունները, բացի իրենց կուսակցական ծրագրերից, դրանց հիման վրա պետք է ստեղծեն իրենց ընդհանուր դաշինքային ծրագիրը, որում պետք է ձեւակերպումներ լինեն, ոչ թե` «մենք ուզում ենք բարեկեցիկ Հայաստան, որտեղ կհարգվեն մարդու իրավունքները» ոճի մեջ, այլ ավելի առարկայական: Ասենք` առաջարկում ենք փոքր եւ միջին բիզնեսի համար վարկերի տոկոսներն ավելի ցածր դարձնել, քան խոշոր բիզնեսի համար: Եվ եթե, ենթադրենք, դաշինքի մեջ ընդգրկված ուժերից մեկը կամ անհատներից մեկը դեմ է այս մոտեցմանը, ուրեմն տրամաբանական է, որ այն կա'մ պետք է հանվի /եթե տվյալ ուժը կամ անհատը որոշիչ է դաշինքի կենսագործունեության համար/, կա'մ տվյալ անհատը պետք է դուրս գա տվյալ դաշինքից, քանի որ իր մոտեցումները սկզբունքորեն հակառակ են դաշինքի ընդհանուր մոտեցումներին:

Այս համապատկերում ես, իհարկե, կդժվարանամ ասել, թե ի՞նչ տեսք է ունենալու Օհանյան-Օսկանյան դաշինքի ընդհանուր ծրագիրը, կամ նույն` Ծառուկյանի դաշինքինը, մանավանդ, որ այդ դաշինքներում ընդգրկված են քաղաքական կուսակցություններ, որոնց գաղափարախոսությունը տարիներ շարունակ, իսկ որոշ դեպքերում նաեւ` դար, հակադիր են միմյանց, սակայն բոլորս հրաշալի հասկանում ենք, որ Հայաստանում, մանավանդ` հիմա, քաղաքական դաշինքները ձեւավորվում են ոչ թե ընդհանուր քաղաքական տեսլականի կամ գաղափարների նմանության հիման վրա, այլ պարզապես…

Բայց կարեւորը սա չէ, կարեւորն անգամ այն չէ, որ տվյալ դաշինքները ընտրություններում մասնակի հաջողության հասնելուց եւ խորհրդրանում հայտնվելուց հետո ինչպես են տրոհվելու, ինչ ուժգնությամբ եւ ինչպիսի բառապաշարով: Կարեւորը, կզարմանաք, բայց` ժողովուրդն է: Բանն այն է, որ սկսվում է խաբեության ժամանակաշրջանը, երբ քաղաքական տարբեր ուժեր սկսում են խաբել ժողովրդին, թեկուզ` միայն այն առումով, որ իրենք քաղաքական ուժեր են: Չէ, որ ժողովրդին խաբում են եւ դա անում են բազմակողմանիորեն, նորություն չէ, ընդ որում` ոչ միայն Հայաստանում եւ հայերի համար, բայց Հայաստանում խնդիրն այն է, որ ժողովուրդը շարունակում է խաբվել: Մի մասը, անշուշտ, այն էլ` փոքր մասը: Մեծ մասին հնարավոր չէ խաբել, քանի որ այդ մեծ մասը ընտրությունների օրը ընտրատեղամաս չի գնում, որովհետեւ այլեւս չի ցանկանում խաբվել: Արդյունավե՞տ միջոց է, բնականաբար` ոչ, քանի որ երբ խաբվել չցանկացող ժողովրդի մեծ մասը ընտրություններին չի մասնակցում, ուրեմն ընտրում են նրանք, ովքեր խաբվում են: Եվ այդ ընտրությունը պարտադրվում է նաեւ նրանց, ովքեր ընտրություններին չեն մասնակցել, ստացվում է, որ խաբեությունը տարածվում է բոլորի վրա, ազդում է բոլորի վրա, վերաբերում է բոլորին, եւ խաբվում են բոլորը:

Եվ ուրեմն`գալիք ընտրություններին հարկավոր է մասնակցել: Հասկանալի է, որ դժվար է, ավելի հաճելի զբաղմունքներ կան, ավելի հետաքրքիր մարդիկ կան մեր շրջապատներում, ավելի հետաքրքրական գրքեր կան մեր գրադարակներում եւ ֆիլմեր՝ համացանցում, բայց կարծում եմ` մեկ ժամով այդ օրը կարելի է եւ անհրաժեշտ է դուրս գալ տնից եւ ընտրության գնալ: Ընդ որում` առանց նախօրոք տարված քարոզչությանը առանձնապես եւ մանրախնդրորեն հետեւելու: Միեւնույն է` մենք այնպիսի ժողովուրդ ունենք, որն իր յուրաքանչյուր քաղաքական կուսակցության եւ նրա առաջնորդների մասին ամեն ինչ գիտի` ինչ են ասել, արել, ինչ են ասում, անում եւ ինչ կարող են ասել, անել: Կան, իհարկե, առանձին վունդերկինդներ, ովքեր ամեն ինչ գիտեն նաեւ Բուլղարիայի քաղաքական կուսակցությունների եւ նրանց առաջնորդների մասին /Վանգայից են իմացել/, կան նաեւ այնպիսիք, որ ծիծաղում են Հայաստանում տեղի ունեցող ցանկացած քաղաքական գործընթացի վրա, քանի որ իրենց Կրեմլի պատերին մոտ կանգնած խոպանչի աղբյուրները հայտնել են, որ Հայաստանում ամեն ինչ որոշվում է Մոսկվայից, Հայաստանում եւ արդեն նաեւ Վաշինգտոնի Սպիտակ տանը, բայց այս կատեգորիան փոքրամասնություն է, այնքան, որ եթե անգամ բոլորը մի դաշինք ընտրեն, այդ դաշինքը հազիվ թե անցնի խորհրդարան:

Մենք լուրջ մեծամասնության մասին ենք խոսում եւ լուրջ բաների մասին: Իսկ ընտրությունից լուրջ բան ժամանակակից քաղաքականության մեջ չկա: Ավելին` ընտրության օրն այն միակ օրն է, երբ իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին: Ընտրություններից հետո իշխանությունը կրկին անցնում է իշխանության ձեռքը: Ուրեմն այդ մեկ օրը պետք է օգտագործել: Փորձել ենք, չի՞ ստացվել, իսկ ո՞ւմ հետ ենք փորձել, սա ամենակարեւորն հարցն է, մանավանդ` այն ժամանակ, երբ տարբեր կողմերից խաբում են:

Հովիկ Աֆյան

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica