close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2017
+25°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2017
USD1478.20
GBP1615.92
EUR1559.83
RUB18.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Հաղթանակները չեն քննարկվում, բայց դրանց բացակայության դեպքում սկսում են իրար մեղադրել

Հարցազրույց

30 Հունվարի 2017, 17:35
 Հաղթանակները չեն քննարկվում, բայց դրանց բացակայության դեպքում սկսում են իրար մեղադրել

Yerkir.am-ի զրուցակիցն է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

 

Եթե Համազգային թատրոնը շենք չունենա, ի՞նչ պատասխան ենք տալու Սոս Սարգսյանին

Իմ կյանքի վերջին 7-8 տարիներին, որ աշխատում եմ Համազգային թատրոնում, շենքի լուծման հարցն առանցքային խնդիրներից մեկն է եղել ինձ համար: Ինչ վերաբերում է շենքի լուծման վերջին տարբերակին` որ մեզ տրամադրեն այն տարածքը, որտեղ հիմա գործում ենք, և թատերական ինստիտուտի ուսանողների բողոքին, ապա խնդիրն այն է, որ ուսանողներն ուղղակի ապատեղեկացված են: Ուսանողները մեր ուսանողներն են, իսկ թատրոնն` ի դեմս ինձ, երբևէ չի ասել` այս տարածքը տվեք մեզ, և վերջ: Մենք առաջարկել ենք համալիր լուծում` ուսանողների համար կառուցել ունիվերսալ բեմ և նոր միայն այս հատվածը տալ թատրոնին: Մենք առաջարկել ենք երկու կառույցների խնդիր լուծել, որը հավանության է արժանացել: Իմ ելույթն ուղղակի սխալ մեկնաբանվեց, բայց դա իմ խնդիրը չէ, այլ մեկնաբանողների և նրանց թիկունքում թաքնված թույլ, ետնաբեմից գործող մարդկանց: Ես շատ պարզ ու ճակատային պատրաստ եմ իմ ցանկացած քայլի պատասխանը տալ: Ես շարունակում եմ հավատալ, որ պետք է լուծվի խնդիրը. եթե Համազգայինը շենք չունենա, մենք ի՞նչ պատասխան պետք է տանք Սոս Սարգսյանին:

Քանդելը, ընդհանրապես, թերարժեքության բարդույթով տառապող մարդկանց խնդիրն է, իսկ կառուցելը` մեծ մարդկանց չափանիշը

Մենք թվով շատ չենք և ավելի շատ պետք է իրար օգնենք` ոտքի կանգնելու համար, ոչ թե խանգարենք: Իրար խանգարելու «սովորությունը» գալիս է ոլորտում որոշ մարդկանց` չկայացած լինելուց: Այո, սրանք չկայացած մարդկանց դրսևորումներ են. քանդելը, ընդհանրապես, թերարժեքության բարդույթով տառապող մարդկանց խնդիրն է, իսկ կառուցելը մեծ մարդկանց չափանիշն է: Անվերջ քանդում ու միայն իրենց անձն են կարևորում միջակությունները: Մյուս կողմից` մշակութային քաղաքականությունից շատ են խոսում, ավելի ճիշտ` դրա բացակայությունից, բայց  չգիտեմ` պատմության մեջ կա՞ մի օրինակ, երբ գրեն մի ծրագիր, և այն իդեալականորեն իրականացվի: ԽՍՀՄ-ում կար հստակ քաղաքականություն` բոլոր ոլորտներում, և մենք շատ լավ գիտենք, որ հատկապես դարասկզբին ինչ սարսափելի երևույթներ էին տեղի ունենում այդ պլանավորման պատճառով: Այսօր մենք անհամեմատ ազատություն ունենք, և այդ ազատության մեջ հիմնական պատասխանատվության բեռը դրվում է ստեղծագործող անհատների վրա: Ո՞վ է Տիգրան Մանսուրյանին «ստիպել» գրել այնպիսի «Ռեքվիեմ», որ գերմանացիները կատարեն, ավստրիացիները լսեն ու հուզվեն, ամերիկացիներն էլ հրավիրեն մաեստրոյին, որ կատարումը կենդանի լսեն իրենց մոտ:

Միայն պահանջում են` առանց մտածելու` մենք ի՞նչ ենք տալիս, մենք ի՞նչ ենք անում

Ես մի փոքր հակված եմ քննադատության սլաքներն ուղղել ոչ թե իքս կամ իգրեկ պաշտոնյային, այլ` ինքներս մեզ: Ես որևէ մեկին շողոքորթելու խնդիր չունեմ, ես ազատ մտածող եմ. իմ մտածողությունը միակ բանն է, որ ոչ ոք չի կարող խանգարել դրան, ես այդքանով եմ ինձ լիարժեք զգում: Հիմա ես հարց տամ` մեզ համար պատմական կարևորագույն երևույթ է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մենք ի՞նչ արեցինք, ոչինչ: Սա սարսափելի է: Մշակույթի նախարարությունից անգամ ասում էին` նախաձեռնություններ լինելու դեպքում մենք կօժանդակենք: Ցույց տվեք ինձ այն պիեսը, որը գրվեց ու հետաքրքիր նոր խոսք ուներ ասելու, ցույց տվեք այն բեմադրիչին, ով նոր կոնցեպտ առաջարկեց, և այն խմբին, որն իրականացրեց դա: Ո՛չ, մենք դա չարեցինք: Ես չեմ կարծում, որ որևէ պաշտոնյա իր պաշտոնավարման ընթացքում չէր ուզենա, որ հանճարեղ ստեղծագործություններ ստեղծվեին, քանի որ ինքն էլ դրանից իրեն լավ կզգար, չէ՞ որ իր ժամանակաշրջանում է այն ստեղծվել: Մեր մշակութային գործիչները նստում են ու պորտաբույծի հոգեբանությամբ պահանջում` տվե՛ք, պիտի՛ տաք` առանց մտածելու` իսկ մենք ի՞նչ ենք տալիս, մենք ի՞նչ ենք անում: Եվ ոչ միայն Ցեղասպանության մասին է խոսքը, Արցախյան պատերազմի վերաբերյալ հերոսական դրսևորումները բոլորը մարսե՞լ ենք… Մի ֆիլմ նկարեցինք /«Կյանքը ու կռիվը»/, ուրախությունից ազգովի խառնվել ենք իրար, բայց դա շատ քիչ է: Երբ ես այս հարցադրումները բարձրացնում եմ, սկսում են իրար մեղադրել` դրամատուրգները չեն գրում, նրանք էլ ասում են` ո՞ւմ համար գրենք: Այդպես չի: Հաղթանակները չեն քննարկվում, հաղթանակը հաղթանակ է, իսկ դրա բացակայության դեպքում սկսում են իրար մեղադրել:

Այսօր մշակույթի ոլորտում գերակշռում են երիտասարդ ծերունիները

Տեսեք` այսօր մեր «ստեղծագործողները», փորձում են կրկնել իրենց` 50 տարի առաջ բեմադրած պիեսները, որովհետև դրա մեջ ապահով են: Ես Սոս Սարգսյանին հաճախ եմ ցիտում. երբ հայաստանյան ընկերություններից մեկը մեզ առաջարկեց մեր դասականներից մեկի գործը բեմադրել, Սոս Սարգսյանն ասաց. «Սա շատ լավ է, խոպանի պես է` կմտնենք ու կվարենք, կփնտրենք ու կգտնենք»: 80 տարեկանում մարդն այդպես էր մտածում, բայց այսօր մշակույթի ոլորտում գերակշռում են երիտասարդ ծերունիները, մեր դաշտը հագեցած է նրանցով: Մարդիկ վախենում են մտնել չարված տարածքներ, օրինակ` մեր գրականության մեջ, այո, պիեսների առումով թույլ ենք, բայց եկեք խոստովանենք, որ բազմաթիվ գոհարներ կան պատմվածքների ու վիպակների մեջ, որոնք կարելի է դարձնել ներկայացման նյութ: Այստեղ մենք թերացած մարդիկ ենք, և երբ այսպես խոսում եմ` գործընկերներս չարանում են իմ դեմ: Պետք չէ չարանալ, պետք է սթափվել ու մտածել, նայել առաջ: Այսօրվա թատրոնից շատ բան չի պահանջվում` ստեղծել ներկայանալի աշխատանքներ, կարողանալ դրանք տարածել և այնքան կատարելագործել, որ այն հետաքրքիր լինի նաև օտարին: Դուդուկը եթե լավ չնվագեին Ջիվան Գասպարյանը կամ մեր մյուս վարպետները, այն սովորական փայտե գործիք կարող էր դիտվել, և աշխարհը չէր էլ հետաքրքրվի դրանով: Մեզ էլ պետք մեր մասնագիտության մեջ գտնել այդ պարզությունը, բայց մենք շատ դեպքերում ինքնախաբեությամբ ենք զբաղվում:

Քաղաքականացված հասարակություն ենք, ինչը սարսափելի է

Մենք նաև քաղաքականացված հասարակություն ենք: Սա շատ սարսափելի բան է: Ես չգիտեմ` դրա մեղավորն ո՞վ է, բայց կարծում եմ, որ մեղավորության չափաբաժին ունենք մենք` մշակութային գործիչներս: Մենք ավելի ակտիվ պետք է լինենք, ավելի ակտիվ մտնենք հասարակության մեջ: Մեզ մոտ քաղաքական կամ բացասական երևույթներն ավելի արագ են ընկալվում, քան դրական որևէ բան, ասենք` Նարեկ Հախնազարյանի համերգը: Իսահակյանի ասած` ոգու սովից է, որոշ մարդկանց մոտ եկել է ոգու սովը, և նրանք հագեցնում են այն վայրկյանանոց չարակամ դրսևորումներով: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես գտել եմ իմ ուղին, ես պետք է իմ գործով մտնեմ ժողովրդի մեջ, այլ ճանապարհ չեմ գտնում` միայն գործը:

ԱպրիլըԱպրիլը մեզ շատ բան սովորեցրեց, շատ բան կրկնեց ու ջրի երես հանեց: Ապրիլը մեզ համար շատ էր

Ապրիլը… Ապրիլը մեզ շատ բան սովորեցրեց, շատ բան կրկնեց ու ջրի երես հանեց: Ապրիլը մեզ համար շատ էր: Հիմնական թեզը, որ առաջ եկավ` հօգուտ հայ ժողովրդի էր, ինչպես Սարոյանն էր ասում. «Փորձեք ոչնչացնել այս ազգին և կտեսնեք, որ անկարող եք լինելու»: Մեր տեսակի մեջ անբացատրելի ինչ-որ բան կա, թե որ պահին ինչպես կդրսևորվենք: Չհամակարգված տեսակ ենք մենք: Խրամատում կանգնած տղերքը ոչ միայն մեզ են պարտավորեցնում, այլ նաև դիմացինին են զգուշացնում, թե` չոգևորվեք, մենք կանք: Ապրիլը մեզ շատ բան սովորեցրեց` իհարկե, շատ թանկ գնով, քանի որ մեզ համար մեկ երիտասարդ տղայի կյանքն ավելի թանկ է, քան մեծ դասը: Մյուս կողմից` մենակ հայերս կարող էինք մտնել ապրիլյան օրերի մեջ, չկորցնել մեզ և որոշ ժամանակ հետո օլիմպիական չեմպիոն ունենալ: Ես այսօր հակված չեմ մտածելու` ի՞նչ չեղավ կամ ի՞նչ պետք է լիներ ապրիլյան օրերին, ես ավելի շատ մտածում եմ` ի՞նչ է լինելու, ես ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ավելի լավ լինի: Անցյալից, այո, դասեր պետք է քաղել, բայց չսևեռվել անցյալի վրա: Ինձ համար կարևոր է վաղը, կարևոր է այն, որ, իբրև մշակույթի գործիչ, ինչպե՞ս ենք ապրիլը դարձնելու արվեստի նյութ: Այն, ինչ մենք` մշակութային գործիչներս, տեսնում ենք, պետք է գործի միջոցով ցույց տանք աշխարհին, իսկ մեկ ուրիշը մտածի` ի՞նչ զենք գնել, այսինքն` ամեն մեկս մեր շերտով պետք է նպաստենք ավելի լավ Հայաստան ունենալուն: Ինձ հետաքրքրում է միտքը, որ որդիս կամ որդիներս ավելի լավ Հայաստանում ապրեն, թե չէ` մի տականք ավելի, մի տականք պակաս, կանցնեն, կգնան. մենք Տիգրան Մեծին ենք հիշում, ոչ թե նրա ժամանակաշրջանում ապրած տականքներին:

Մենք կամերային ենք մեր տեսակով` մեր վանքերի նման պարզ ու գողտրիկ, բայց նաև` հոգևոր լիցքով հարուստ

Մեր խաչն է, որ երկարեցում է նպատակին հասնելու ճանապարհը: Մի անգամ Տիգրան Մանսուրյանն ասաց. «Որպեսզի մեր ձայնը լսելի լինի, մենք մի գործը ուրիշներից պիտի 10 անգամ ավելի լավ անենք»: Դա մեր ճակատագիրն է, բայց անժխտելի է, որ մենք ունենք նպատակներ: Եթե մեր նպատակները մաքուր են, լավ գործին են միտված, վաղ, թե ուշ կյանքի կկոչվեն. եթե մարդն ի սկզբանե թռչելու երազանք չունենար, երբեք չէր թռչի: Ես միշտ ասել եմ` մենք կարող ենք ունենալ համաշխարհային մասշտաբի թատրոն և թատերախմբեր, քանի որ Մոսկվայի գեղարվեստական թատրոն ստեղծողները մարդիկ են եղել, այդ կառույցը պահողներն էլ են մարդիկ: Շատ հաճախ ասում են` նրանք շատ փող ունեն, բայց հաշվի չեն առնում, որ մենք էլ ուրիշ բաներ ունենք, և եթե կարողանանք մեր ռեսուրսները ճիշտ հաշվարկել և նպատակային լինել, կարող ենք հասնել մեր ձգտածին: Ամեն ինչ չէ, որ փողից է կախված:  Մեզ պետք է մեր տեսակով, մեր գույնով ներկայանալ աշխարհին` շատ պարզ, այն, ինչ կանք: Մենք կամերային ենք մեր տեսակով` մեր վանքերի նման պարզ ու գողտրիկ, բայց նաև` հոգևոր լիցքով հարուստ, մենք մեր Կոմիտասի երաժշտությունն ենք, Սարյանն ենք, Խաչատրյանը: 

 

Կ. Հ. 

Հրդեհ` Ջրաշեն գյուղում
18 Օգոստոսի 2017, 12:23 Հրդեհ` Ջրաշեն գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica