close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2018
+14°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2018
USD1483.03
GBP1647.65
EUR1567.51
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես գիտեմ` ինչ է զինվորի կորստյան ցավը…

Հարցազրույց

28 Հունվարի 2017, 12:02
 Ես գիտեմ` ինչ է զինվորի կորստյան ցավը…

1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը` ազդարարելով ազգային բանակի ստեղծումը: Այսօր Հայոց ազգային բանակը 25 տարեկան է:
Բանակի ստեղծման դժվարությունների, Արցախյան ազատամարտի, և մեր` արդեն 25-ամյա բանակի մասին Yerkir.am-ը զրուցել է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, ով մարտական գործողություններին մասնակցել է Շուշիի պաշտպանական շրջանի 52-րդ գումարտակի կազմում:

-Արցախյան ազատամարտը դեռ չի անցել խոր պատմության գիրկը, Դուք մասնակից եք եղել ազատամարտին:  Սկզբնական շրջանում չունեինք կանոնավոր բանակ, 92 թվականին այն նոր սկսեց կազմավորվել, սակայն դա չխանգարեց, որ հաղթենք:

-Այդ տարիները մեր ժողովրդի միասնականության, հերոսական մաքառման տարիներն էին: Սկզբնական շրջանում, ճիշտ է, մենք չունեինք կանոնավոր բանակ, սակայն յուրօրինակ ֆենոմենի շնորհիվ մեր կամավորները, որոնք հիմնականում երիտասարդներ էին, այդ թվում` ուսանողներ, կային նաև ավելի փոքր տարիքի կամավորներ, կարողացան ոչ միայն հաղթել, այլև հենց մարտի դաշտում ստեղծել կանոնավոր բանակ:

-Կարո՞ղ եք նշել տարբերությունը` ի՞նչն էր բացակայում կամ պակասում կամավորական ջոկատներին այդ շրջանում, որն այսօր ունի մեր ազգային կանոնավոր բանակը:

-Ես այս հարցին կպատասխանեմ որպես պատմաբան: Նախ`  Հայոց բանակի հիմքը հենց կամավորական ջոկատներն էին, որոնք պատերազմի սկզբում իրենց ուսերի վրա վերցրեցին ռազմական գործողությունների ամբողջ պատասխանատվությունը: Պատերազմի հետագա ընթացքը ցույց տվեց կանոնավոր բանակ ունենալու անհրաժեշտությունը, և ներդաշնակորեն, գրեթե առանց ցնցումների անցում կատարվեց կանոնավոր բանակին, որն արդեն կարող էր լուծել ռազմավարական խնդիրներ: Այսինքն` մեկը մյուսի շարունակությունն էր:

-Ի՞նչ  հիշողություններ են մնացել ազատամարտից:

- Այդ իրադարձությունների հետ կապված շատ հիշողություններ կան: Ամենահիշարժանը, որ մեր գումարտակն աչքի ընկավ. դա եղել է Ակնայի (նախկինում` Աղդամ) մոտ գտնվող  բնակավայրերից մեկի դիրքերում, երբ մեր գումարտակը զբաղեցրել էր կարևոր մարտական դիրքեր, որոնք անմիջապես սկսվում էին ջրանցքից, որն ադրբեջանական կողմը ցանկանում էր գրավել: 94 թվականի հունվար-փետրվար ամիսներն էին, որը ազատամարտի երևի ամենաողբերգական, ամենաշատ կորուստների ժամանակաշրջանն էր: Այդ մարտերում հատկապես աչքի ընկավ մեր 2-րդ վաշտը, որը հիմնականում բաղկացած էր քարինտակցիներից: Այդ ժամանակ մեր գնդի մարտիկները շատ քաջագործություններ էին կատարում: Միայն  մի դեպք ասեմ, որ մեր հակատանկային դասակի մարտիկ Էդուարդը հաշված րոպեների ընթացքում ոչնչացրեց հակառակորդի երեք տանկ` ընդամենը երեք րոպեի տարբերությամբ:

-Խոսում եք ընդհանուր` ձեր գնդի մասին, դրվագ եք պատմում ուրիշի մասնակցությամբ, իսկ Ձեր մասնակցությամբ դեպք կհիշե՞ք:

-Ես իմ մասին խոսել չեմ սիրում: Ի՞նչ ասեմ, պատերազմ էր, կռվում էինք: Ես սովորական զինվոր եմ եղել: Իմ մասին չեմ խոսի, բայց մեր գումարտակի հրամանատար Սամվել Հարությունյանը առաջարկել է ինձ` որպես պատմաբանի, մեր գումարտակի մարտական ուղին շարադրել: Հենց մի փոքր ազատ ժամանակ ունեցա, այդ աշխատանքով կզբաղվեմ:

-Դժվա՞ր էր կռվել ադրբեջանական զինուժի դեմ, որը գերզինված էր, իսկ մեր սպառազինությունը, մեղմ ասած, համեստ էր:

- Մեր բանակի, կամավորական ջոկատների հիմնական ուժը մեր զինվորն էր, նրա կամքը, նրա բարոյահոգեբանական վիճակը, որի շնորհիվ մենք հաղթանակ տոնեցինք:

-94 թվականի հրադադարից հետո առաջին անգամ` ապրիլի սկզբին, Ադրբեջանը լայնածավալ պատերազմի փորձ արեց, սակայն այս անգամ էլ, կարելի է ասել, կրկին ձախողեց: Ի՞նչ դասեր մենք պետք է քաղենք ապրիլից, և ըստ Ձեզ` ի՞նչ ապացուցեց մեր բանակը, մեր զինվորը:

-Մեր բանակի բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է: Այդ տղաները 18, 19 տարեկան էին և շատ ավելին արեցին, քան մենք կարող էինք անել Արցախյան ազատամարտի ժամանակ: Ադրբեջանական կողմը մինչև ապրիլն էլ սահմանին անընդհատ փորձել է սադրանքների դիմել և լարված պահել իրավիճակը, սակայն, փառք Աստծո, մեր տղաները միշտ էլ դրսևորել են խիզախություն և բարձր մարտական կամք:

-Խոսվում է փոխզիջումների մասին` փոխզիջումներ կարգավիճակի դիմաց: Թերևս հարկ է հիշել առաջին նախագահի հայտնի ելույթը, սակայն սրա լավագույն հակակշիռը մեր բանակն է, որը, կարծես, այլ տրամադրվածություն ունի և ամենևին էլ կողմ չէ տարածքային փոխզիջումներին:

-95 թվականից ՀՀ առաջին նախագահի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա: Ես, ճիշտն ասած, ցավ եմ ապրում, որ Արցախյան հիմնահարցի նկատմամբ նման դիրքորոշում կա, և առհասարակ ցավալի է, որ նման դիրքորոշում ունեցող մարդը զբաղեցրել է մեր ամենաբարձր պաշտոնը հենց Արցախյան ազատամարտի շրջանում: Ընդհանրապես ասեմ, որ «տարածքների զիջում» այդ բառակապակցությունը մեզանից ինչքան արագ դուրս գա, այնքան մենք շատ ավելի լավ վիճակում կլինենք: Այդպիսի ելույթները թուլացնում են ոչ միայն մեր բանակը, այլ նաև այն ժողովրդին, որն այսօր ապրում է այդ ազատագրված տարածքներում` Քարվաճառի շրջան, Քաշաթաղի շրջան: Ապրիլյան պատերազմի ժամանակ Քաշաթաղից շատ մարդիկ գնացին` պաշտպանելու իրենց հողը: Այդ մարդիկ ապրում են այնտեղ և զգում են իրենց այդ հողի տերը, և իրոք, պատմական արդարությունը վերականգնվել է: Հիմա պատկերացնո՞ւմ եք` քաղաքական գործիչը դուրս է գալիս և խոսում ինչ-որ տարածքներ զիջելու մասին: Պատկերացնո՞ւմ եք այդ մարդկանց բարոյահոգեբանական վիճակը: Այն մարդը, ով այդտեղ վարուցանք է անում, հող է մշակում, և մեր ամենաբերրի հողերը գտնվում են այդ հատվածներում եւ նպաստում մեր տնտեսության ու ժողովրդի սոցիալական պայմանների բարելավմանը, սկսում է արդեն մտածել` արժի՞ ինքը մշակի այդ հողերը, թե՞ ոչ: Այս կասկածներն են, որ թուլացնում են մեր պետականությունը, և այդպիսի եզրույթներն ընդհանրապես պետք է վերանան: Իսկ ընդհանրապես զարմանալի չէ, որ առաջին նախագահը նման ելույթ է ունենում, և ես ուրիշ բառով չեմ կարող բնութագրել այդ ելույթը, քան դավաճանական քայլ մեր երկու պետականությունների նկատմամբ: Պատահական չէ, որ Արցախում կատարված սոցիոլոգիական հարցումով` բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել այդ հարցին: Խորհուրդ կտայի քաղաքական գործիչներին ընդհանրապես մոռանալ «տարածքների փոխզիջում» բառակապակցությունը:

-Երբ գիտակցում ես, որ ունես 25 տարեկան ազգային բանակ, ի՞նչ զգացումներ է դա առաջացնում Ձեզ մոտ:

-Միայն ու միայն հպարտության զգացումներ ունեմ: Պատահական չէ, որ Հայոց բանակը մեր պետությունների ամենակայացած կառույցն է: Ես հպարտ եմ, որ ծառայել եմ Հայոց բանակի շարքերում, ինչպես նաև իմ շատ հարազատներ, բարեկամներ իրենց լուման են դրել այս բանակի կայացման գործում:

-Ձեր շնորհավորական խոսքը մեր բանակին 25-ամյակի կապակցությամբ, ի՞նչ կմաղթեք:

-Շնորհավորում եմ մեր բանակի 25-ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ, որ այլևս որևէ ծնող իր երեխայի մահը չտեսնի: Բոլոր այն զինվորներին, ովքեր այսօր կատարում են իրենց զինվորական պարտքը, ցանկանում եմ քաջություն, կամք և ամենակարևորը` որ նրանք ողջ և առողջ վերադառնան տուն: Ես գիտեմ` ինչ է զինվորի կորստյան ցավը. ազատամարտի ժամանակ կորցրել եմ 19-ամյա եղբորս … 

 

Զորւցեց Ամալյա Առաքելյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica