close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադելի հայրն ու հայաստանյան դաշինքները

Հարթակ

25 Հունվարի 2017, 14:23
 Ադելի հայրն ու հայաստանյան դաշինքները

Թուրքիայի Բոդրում քաղաքում ապրող Մեհմեդ Ասարը, ով սազի վարպետ է եւ լավ էլ երգում է, հայտարարել է, որ ինքը աշխարհահռչակ երգչուհի Ադելի հայրն է: Ասարը պատմել է, որ ժամանակին, երբ Ադելի մայրը եկել էր Բոդրում, իսկ ինքն էլ տաքսու վարորդ էր, մի լավ պտտեցրել է թուրքական քաղաքում տիկին Փեննի Էդքինսին, ապա հավանել են միմյանց, հետո` սիրել, բայց կարծես` ոչ շատ ուժգին, քանի որ երկու շաբաթից տիկին Էդքինսը վերադարձել է Բրիտանիա` թողնելով, որ պարոն Մեհմեդը տառապի անպատասխան կամ անհնար սիրուց: Մի խոսքով` այսօր Մեհմեդ Ասարը պնդում է, որ ինքն Ադելի հայրն է: Որպես ապացույց` Ասարը նշում է, որ իր եւ Ադելի կզակը, աչքերը, դեմքի կառուցվածքը, մազերը, անգամ` ձեռքի մատների` միմյանցից հեռավորությունն իրար նման են: Ավելին` ինքն ու Ադելը երգելիս նման շեշտադրումներ են անում: Մեհմեդը շեշտել է, որ ինքը հիմա ապահովված մարդ է, եւ իր այս հայտարարությամբ ինքն ամենեւին էլ չի ցանկանում գումար աշխատել, այլ պարզապես ուզում է, որ իր աղջիկը, այսինքն՝ Ադելը, իմանա ճշմարտությունը:

Առհասարակ, ճշմարտություն իմանալը լավ բան է: Չնայած, օրինակ, քաղաքականության մեջ ճշմարտությունը գիտեն միայն նրանք, ովքեր այն չեն բարձրաձայնում, այն էլ՝ ոչ բոլորը: Ամեն դեպքում` ինձ, օրինակ, շատ հետաքրքիր է, թե ի՞նչ տրամաբանությամբ են կազմավորվում հայաստանյան նոր դաշինքները: Ասենք` Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան, Արամ Գասպարի Սարգսյան եւ Պարույր Հայրիկյան, չհաշված՝ Վիկտոր Դալլաքյանին: Տեսեք` կոնկրետ այս դաշինքը ո'չ ընդհանուր գաղափարախոսություն ունի, ո'չ ընդհանուր սկզբունքներ ունեն, ո'չ կյանքում ընկերներ են, ո'չ բոլորը միասին Արեւմուտքի ընկերներն են, ոչ էլ` Ռուսաստանի:

Կամ` «Ելք» ընդդիմադիր դաշինքը: Ինչպես հիշում եք, այս դաշինքում են Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Արամ Զավենի Սարգսյանը: Իսկ այս երեքին անգամ Թեւան Պողոսյանի տանն ըմպած թեյը չի միավորում, քանի որ անձամբ Արամ Զավենին այդ թեյախմությանը չի մասնակցել:

Կամ` Գագիկ Ծառուկյանի դաշինքը, կամ ինչպես նա է սիրում արտահայտվել՝ լայն կոնսոլիդացիան: Ճիշտ է, այստեղ դեռեւս համալրում չկա, գոնե` արժանահիշատակ, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր է, թե ովքե՞ր եւ ինչո՞ւ են միանալու Ծառուկյանին: Կա վարկած, որ Ծառուկյանին հաջողվելու է նորից միավորել նախկին ԲՀԿ-ն, գուցե նաեւ` նախկին վարչապետին: Ու կզարմանաք, բայց սա միակ դաշինքը կլինի, որը գոնե տրամաբանություն կունենա, հասկանալի կլինի, թե մարդիկ ինչու են միասին, քանի որ առաջ միասին էին, եւ քանի որ առաջ էլ, հիմա էլ խնամի են:

Բայց ուրիշների հարցո՞ւմ… Գիտե՞ք, չի բացառվում, որ Հայաստանում դաշինք են կազմում` ելնելով Մեհմեդ Ասարի տրամաբանությունից: Դե, այսինքն, կզակով իրար նման են, կամ` դեմքի կառուցվածքով, կամ` աչքերով, կամ` մատների հեռավորությամբ, լավ` գոնե երգելու շեշտադրումներով, գենետիկորեն: Համենայն դեպս, այլ տրամաբանություն, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս են Արամ Գասպարի Սարգսյանն ու Պարույր Հայրիկյանը մեկ դաշինքում, ես չգտա:

Լավ է` գոնե Ադելի հայրը գտնվեց, չնայած՝ գտնվե՞ց…

Հովիկ Աֆյան

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica