close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+16°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.35
GBP1629.32
EUR1556.13
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ճիշտ ուղու վրա ենք կանգնած. Արթուր Եղիազարյան

Հարցազրույց

21 Հունվարի 2017, 11:25
  Մենք ճիշտ ուղու վրա ենք կանգնած. Արթուր Եղիազարյան

Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ինքնատիպ են լինելու մեր պատմության մեջ, քանի որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական համակարգի: Քաղաքական դաշտում նկատվող աշխուժության, այսպես ասած` դաշինքամանիայի, ընտրողների իրավագիտակցության մասին Yerkir.am-ը զրուցել է դաշնակցական Արթուր Եղիազարյանի հետ:

 

- Պարո'ն Եղիազարյան, Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր է, և առաջիկա խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են: Անհրաժեշտ նախապայմաններ տեսնո՞ւմ եք արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:

- Բավականին տարբերվող կլինի` նախորդ ընտրությունների համեմատ, որովհետև գործիքային այն կազմով, որն այսօր մշակվել է, քվեները շատ ավելի պաշտպանված են լինելու: Բայց բացարձակ գնահատել կարելի է միայն ընտրություններից հետո: Որովհետև մենք չենք կարող ասել` ինչ տեխնոլոգիաներ կարող են աշխատեցնել: Պատկերը պարզ կլինի ընտրության արդյունքների ուսումնասիրությունից հետո:

- Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի եկան քաղաքական ուժերը, իշխանությունը պնդում են, որ նոր Ընտրական օրենսգիրքը և նոր մեխանզիմները  թափանցիկ ընտրությունների երաշխիք են լինելու: Ընդդիմությունն այդ հարցում այդքան էլ լիահույս չէ…

- Համաձայնության եկան, որովհետև, իսկապես, Ընտրական օրենսգրքի գործիքակազմը այնպիսի մեխանիզմներ է սահմանում, որ շատ ավելի թափանցիկ է լինելու, սա միանշանակ է: Այդ ամենը պետք է փորձարկվի, ընտրությունը պետք է լինի, որպեսզի համոզվենք, որ իսկապես աշխատեց: Միգուցե լինեն ընտրակեղծիքի այլ մեխանիզմներ, որոնց մենք ծանոթ չենք: Դրանք գուցե ի հայտ գան ընտրությանը միայն: Նախապես գնահատել ճիշտ չի լինի: Ամեն դեպքում` տեսանելիության առումով, նախորդ Ընտրական օրենսգրքի համեմատ, սա ավելի առաջադիմական է:

- Պարո'ն Եղիազարյան, ի՞նչ դեր ունի ընտրողի, քաղաքացու իրավագիտակցությունը, քանի որ մեզ մոտ կա ընտրակաշառքի գործոն:

- Ընտրակաշառքը Ընտրական օրենսգրքի հետ ոչ մի կապ չունի: Ընտրական գործընթացը վերաբերում է  ընտրական տեղամասին, բայց ընտրական տեղամասից դուրս արվող խախտումների վրա ուղղակի մեխանիզմ գոյություն չունի, սա արդեն մարդկանց գիտակցության հարցն է. իհարկե բարոյական առումով ճիշտ կլինի, որ փող չվերցնեն: Նրանք պետք է հասկանան, որ դրանով խաչ են քաշելու իրենց հաջորդ 5 տարվա վրա` սխալ ընտրություն կատարելով: Ես մի քանի օր առաջ հաշվարկ էի արել, որ անգամ, եթե 50 հազար դրամ տան` 1 հոգու հաշվով` որպես ընտրակաշառք, այդ դեպքում էլ նշանակում է, որ հաջորդ 5 տարվա յուրաքանչյուր օրվա համար տալիս են 27 դրամ 30 լումա: Մարդը պետք է գիտակցի, որ այս ձևով իշխանության եկածը օրենքներով այնպիսի մեխանիզմներ է ստեղծում, որ ինքն այդ տվածի դիմաց մի բան էլ ավելի կարող է տանել:  Բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, մտավորականությունը պարբերաբար ժողովրդին այն արժեքին պետք է բերեն, որ ընտրությունների ժամանակ կաշառվելն անբարոյականություն է:  Ես չեմ էլ ուզում արդարացնել այն տեսակետը, երբ ասում են` թող վերցնեն գումարը, բայց չընտրեն այդ ուժին, պետք է ուղղակի չվերցնել:

- Իսկ կաշառք տվո՞ղը: Կաշառք տալն անբարոյականություն չէ՞:

- Իհարկե, անբարոյականություն է, դա քրեորեն պատժելի արարք է, բայց ընտրությունների ժամանակ քանի որ ընտրակաշառքը զանգվածային բնույթ կարող է կրել, բոլորս հասկանում ենք` երևույթը կա, բայց չենք կարողանում փաստել, սա է խնդիրը:

-Կարող ենք փաստել, որ ՀՅԴ-ն միակ քաղաքական ուժն էր, որ կողմ էր խորհրդարանական համակարգին, պայքարեց և  հասավ դրան, մինչդեռ այսօր տարբեր քաղաքական ուժեր, որոնք դեմ էին սահմանադրական փոփոխություններին, իրար հերթ չտալով, ցանկանում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ինչո՞վ եք սա պայմանավորում:

- ՀՅԴ-ն միակ քաղաքական ուժը չէ, որ խորհրդարանական տիպի պետության կողմնակից է: ՀՅԴ-ն միակ ուժն է, որ ի սկզբանե խորհրդարանական տիպն էր որդեգրում և իր սկզբունքները ոչ մի պարագայում չփոխեց. կոալիցիայի մաս եղավ, ընդդիմություն եղավ, սակայն ոչ մի պարագայում իր տեսակետը չփոխեց: ՀՅԴ-ն մշտապես աշխատել է այս ուղղությամբ, մինչև որ, այս իշխանության օրոք համագործակցելով, հաջողության հասանք, ու այս գաղափարը կյանքի կոչվեց և սահմանադրական բարեփոխումներով, մենք արդեն անցում ենք անում դրան: Այստեղ խնդիրն ուրիշ է` շատ ուժեր կան, որ կողմնակից էին խորհրդարանական համակարգին, բայց պահի ազդեցությամբ քաղաքական ինչ-որ գործընթացներում կարող են իրենց սկզբունքներին հակառակ դիրքորոշում ունենալ, հետո նորից վերադառնալ դրան: Այս հեղհեղուկ վիճակը բնորոշ է շատ քաղաքական ուժերի: Այստեղ եմ կարևորում հենց քաղաքացու իրավագիտակցությունը. պետք է կարողանա գնահատել քաղաքական ուժերին, որովհետև մեր երկրում ընտրական պրոցեսը կառուցվում է ոչ թե հանունի համար, այլ ընտրում են իշխանության դեմ պայքարի մարտավարությունը` առանց մտածելու` եթե հեռանա այս իշխանությունը, ո՞վ է փոխարինելու, այդ փոխարինողն ի՞նչ է իրեն առաջարկելու: Մարդիկ պետք է, ի վերջո, հասկանան, որ իրենք ընտրության են գնում իրենց ապագայի համար, ոչ թե մեկին դեմ լինելու: Մեկին դեմ լինելը դեռ իրեն լավ կյանք չի ապահովելու: Իսկ այսօր հերթ չեն տալիս մեկը մյուսին, որովհետև սա պետություն է, օրենք է, և սա է մեխանիզմը:

- Քաղաքական դաշտում դաշինքներ կազմելու խելագար գործընթաց է սկսվել: Քաղաքական ուժերը, անհատները, որ երեկ դեռ իրար քննադատում էին և մեղադրում հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերի մեջ, այսօր ուզում են միանալ, անհատներ, որ 2 շաբաթ առաջ դեռ իշխանության մաս էին, այսօր քննադատում են այդ իշխանությանը: Սա նորմա՞լ է:

-Նորմալ է: Մեր երկրում լղոզված քաղաքական դաշտ կա: Նման իրավիճակները կանխատեսելի էին, որովհետև երբ ծրագրերի, գաղափարների շուրջ չի լինում, նաև կարող են անբնական դաշինքներ առաջանալ: Այստեղ կան խմբային շահեր, բայց սա էլ մի էտապ է, որը պետք է հաղթահարվի: Վերջ ի վերջո, այստեղ էլ փուչիկը պետք է պայթի, և վերջին հաշվով այս մեխանիզմը տանելու է նրան, որ մի օր արդեն համախմբվելու են նպատակային ծրագրի և գաղափարի շուրջ: Այս պահին դեռևս դա քիչ է տեսանելի: Բայց այս ընտրությունը կբերի այն տեսլականը, որն արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ ավելի առարկայական կդառնա: Իսկ դա անձանց խնդիրն է, դա ժողովուրդը պետք է հասկանա: Հիմա կան մարդիկ, ովքեր, այո, մի քանի ամիս առաջ իշխանության մաս էին և իշխանության մաս են եղել տարիներով ու տասնամյակներով, իրենք են պետական շատ ոլորտներ ղեկավարել, և ուզում եմ հասկանալ` իրենք ի՞նչն են ուզում քննադատել, իրենց գործունեությո՞ւնը: Ընդդիմությունը քննադատություն է, իսկ եթե իրենք իրենց են քննադատում, սա արդեն զավեշտ է: Պետք է ժողովուրդը հասկանա`ով ով է, և կարողանա ճիշտ ընտրություն անել:

- Գուցե նրանք հասկացել են իրենց սխալները և փորձում են ուղղե՞լ …

- Իսկ որտե՞ղ տեսանք ինքնախոստովանանք: Ո՞վ խոստովանեց, ո՞վ ասաց` կներեք, ժողովո'ւրդ, ես սխալ եմ եղել կամ սխալ եմ վարվել, դրա համար դուրս եմ եկել` ինքս իմ սխալների դեմ պայքարելու: Ո՞վ է նրանցից խոստովանել, չկա նման բան… Ծիծաղելի է, որ մարդը երեկ իշխանություն էր, այսօր ասում է, թե ինքը վարձով է ապրում, երբ որ տեսնում ենք, թե ինքը նյութական ինչ բարեկեցություն է այս տարիների ընթացքում ապահովել: Նրանք ոչ միայն ինքնախոստովանանքի չեն գնում, նաև ծաղրում են հանրությանը, բայց ամեն ինչը կախված է հանրության գիտակցությունից:

-Այս պահին տեսնո՞ւմ եք գաղափարական դաշինքներ կամ անձանց, ովքեր իրար շուրջ են համախմբվում` ինչ-ինչ գաղափարներից ելնելով:

- Այս պահին դժվար է ասել, դեռ ընտրապայքարը չի սկսվել, չգիտենք` դաշինքները և քաղաքական ուժերն ինչ ծրագրերով են հանդես գալու: Ես կարող եմ ասել մեզ համար /նկատի ունի ՀՅԴ-ն- խմբ./. մենք մշակում ենք, ունենալու ենք համապատասխան տեսլական ունեցող ծրագիր, իսկ մյուսներինը արդեն ընթացքը ցույց կտա:

- ՀՅԴ-ն առանձի՞ն է գնալու ընտրություններին:

- Այս պահի դրությամբ` այո, չեմ ուզում կտրուկ բաներ ասել, որովհետև խմորային վիճակ է քաղաքական դաշտում: Մինչ այս պահը ոչ մի քննարկում չկա, որ մենք այլ քաղաքական ուժի հետ կգնանք: Մենք ունենք մեր ծրագիրը, մեր մոտեցումները: Կլինի իրավիճակ, մենք կմտածենք ինչ-որ մեկի հետ համագործակցելու մասին, կամ այլ ուժեր կմտածեն մեզ հետ միանալու մասին, դրա համար դեռ ժամանակ կա, դեռ սպառված չէ ամեն ինչ: Երկրի անվտանգությունը կարող է հիմք հանդիսանալ, որ դաշինքով գնանք, որովհետև ինչքան էլ նեղպետական ընտրություններ են, ես վստահ եմ, որ դրսի ուժեր են շահագրգռված  լինելու` որոշակի ազդեցություններ ունենալ ներսի քաղաքական որոշ ուժերի միջոցով: Այսինքն` ընթացքը ցույց կտա` ովքե՞ր են խմբավորվում, ի՞նչ նպատակ են հետապնդում: Այսօր դաշտը բազմազան է, բազմազանության մեջ մենք ընտրում ենք մեր սեփական գույնը և մեր ընթացքը, բայց եթե իրավիճակ առաջանա, որ Հայաստանում բախում է լինելու սևի և սպիտակի միջև, այստեղ արդեն կողմնորոշման հարց կլինի: 

- ՀՅԴ-ն միշտ նշում էր, որ մեզ մոտ ոչ թե անձերի խնդիր է, այլ` համակարգի…

-Այո, միանշանակ: Այսօր բոլորը դժգոհում են օրվա իշխանությունից: Եթե համակարգը մնում է նույնը, անձերը փոխվեն, գան ուրիշները, նույն բանն է լինելու` ինչից դժգոհում ենք: Ի՞նչ տարբերություն` ով է անձը: Դրա համար պայքարում ենք երևույթի վերացման համար, ոչ թե` անձերի: Հայաստանում իշխանափոխություն չի եղել` 1991 թվականից սկսած, սա նույն իշխանությունն է, փոխվել են անձերը, փոխվել են քաղաքական ուժերը, բայց համակարգը նույնն է եղել, գործելաոճը, մոտեցումները: Այս դեպքում մենք մշտապես դժգոհել ենք: Հասկանում ենք, որ անձերի խնդիր չէ, պետք է համակարգը փոխվի, և մենք այս Սահմանադրությամբ արդեն գնում ենք դրան:

- Չե՞ք վախենում ձախողելուց:

- Եթե դու հավատում ես քո գաղափարին, հավատում ես քո ուղուն, պետք է հաջողես: Չձախողելու համար դու պետք է բացարձակ ազդեցիկ իշխանություն ունենաս: Ի տարբերություն մի շարք այլ ուժերի, Դաշնակցությունը միշտ տարբերվում է նրանով, որ իր շահը պայմանավորում է երկրի շահով, մենք չունենք նեղ խմբային շահեր:  Երբ տարիներ առաջ քննարկվում էր` խորհրդարանակա՞ն տիպի  երկիր, թե՞ նախագահական, երջանկահիշատակ Վահան Հովհաննսիյանը ԱԺ ամբիոնից ասաց` անգամ եթե խորհրդարանում ՀՅԴ-ն տեղ չունենա, սա է ճիշտ ուղին: Ես վստահ եմ, որ անցնելու ենք խորհրդարան, բայց եթե անգամ նման իրավիճակ լինի, ես կրկնում եմ հարգարժան Վահան Հովհաննիսյանի խոսքերը` սա’ է ճիշտ ուղին:

-  2018 թվականին նախագահի` լիազորությունները վայր դնելուց հետո այս խորհրդարանը լինելու է երկրի գլխավոր մարմինը, կունենա՞նք որակյալ խորհրդարան, մտահոգություն չունե՞ք, որ  գաղափարական չի լինի:

- Միանշանակ ներկայիս խորհրդարանից տարբերվելու է, սա ուղղակի անվիճելի է, որովհետև այսօրվա համակարգն ուղղորդվում է մեկ կենտրոնից: Նման վիճակը դուրս է գալու: Ներկայիս խորհրդարանում կան գործարար մարդիկ, և անկախ նրանից, որ կան օրենքներ, որոնք նրանց շահերի դեմ են, նրանք նույնիսկ դրանց ուղղորդված կողմ են քվեարկում, սա նշանակում է, որ, իրոք, անառողջ է: Հրաշք չի լինելու,  միանգամից իդեալական չի լինելու ամեն ինչ, բայց սա արդեն առաջընթաց քայլ է, շատերին, նաև` քաղաքական ուժերին, ցույց կտա հետագա ուղին շատ ավելի գրագետ, շատ ավելի կազմակերպված մյուս ընտրություններին գնալու համար, այսինքն` քայլ առ քայլ կմոտենանք: Մենք ճիշտ ուղու վրա ենք կանգնած, պետք է այդ ուղղությամբ քայլերն ամրանան, որպեսզի ունենանք մի երկիր, որում ՀՀ քաղաքացին արժանապատիվ կյանքով է ապրելու:

- ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն երկու խոշոր քաղաքներում` Գյումրիում և Վանաձորում, այդքան էլ լավ արդյունքներ չգրանցեց, դրանից հետևություններ արե՞լ է կուսակցությունը, և ի՞նչ հույսերով եք գնում խորհրդարանական ընտրություններին: 

- ՏԻՄ ընտրություններն ու խորհրդարանական ընտրությունները տարբեր են:  Հստակ շեշտեցիք երկու տեղ, բայց պետք է նշել, որ շատ տեղերում էլ ՏԻՄ ընտրություններում Դաշնակցությունը հաղթեց, և այսօր մենք ավելի շատ ունենք ՀՅԴ անդամ համայնքապետեր: Միգուցե Վանաձորում և Գյումրիում ճիշտ չեն հաշվարկել, ընտրական մարտավարությունը ճիշտ չեն կառուցել: Նաև պետք է հաշվի առնել, որ համայնքային ընտրություններում տեղական ուժեր ի հայտ եկան, որոնք համապետական ընտրություններին չեն մասնակցելու: Ամեն դեպքում` պետք է հետևություն անել: Վերջիվերջո, երբ պարտվում ես, դա ոչինչ չի արդարացնում, պիտի մտածես` ո՞րն էր քո պարտության պատճառը, և հետևություն անես,  մշակես այնպիսի մարտավարություն, որ ժողովրդին ավելի ընկալելի և հասկանալի լինի, որ այդ քվեները քեզ տան: Այո, հետևություններ արել ենք, նաև միջոցներ ձեռնարկեցինք` սխալները քննարկելու, ուղղելու: Ուսումնասիրություններ են արվել, և վստահությունը ունենք, որ գնում ենք խորհրդարանական ընտրություններին: Ճիշտ է` մենք միշտ շեշտում ենք, որ  ունենք մեր ստաբիլ ընտրազանգվածը, բայց այդ ձայների քանակն այնքան էլ բավարար չէ` երկրում ավելի մեծ ազդեցություն ունենալու և մեր ծրագրերն ավելի մեծ ծավալով կյանքի կոչելու համար, հետևաբար` մեզ պետք է հավատարիմ ընտրազանգվածի ձայներն ավելի մեծացնել, մեր լսարանը և մեր խոսքը ավելի մեծ շրջանակի հասանելի դարձնել: Հավատ ունենք, իհարկե,  վստահ եմ, որ առաջընթաց քայլ կլինի, նախորդ ընտրությունների համեմատ: Չնայած իմ վստահությանը` պետք է սպասենք արդյունքներին: Առաջ չընկնենք:

Զրուցեց Ամալյա Առաքելյանը                           

 

 

Ես ազգայնական եմ. Թրամփ
23 Հոկտեմբերի 2018, 11:54 Ես ազգայնական եմ. Թրամփ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica