close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարոն Մարգարյանի աներորդին որոշել է լավ պատգամավոր դառնալ

Հարթակ

17 Հունվարի 2017, 20:03
 Տարոն Մարգարյանի աներորդին որոշել է լավ պատգամավոր դառնալ

Ռոբերտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջն, ինչպես ասում են, ռասկրուտկա անելիս մոռացել է մի շատ կարեւոր բան: Նա, բացի հասարակական-քաղաքական գործիչ եւ ԱԺ պատգամավոր լինելուց, նաեւ Տարոն Մարգարյանի աներձագն է: Սա շատ կարեւոր է, քանի որ առանց այս տեղեկատվության բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերերի կարող է տանջել մի հարց, թե ինչպե՞ս է պարոն Ռոբերտ Սարգսյանը դարձել հասարակական-քաղաքական գործիչ եւ ԱԺ պատգամավոր: Կարծում եմ` այս թերացումը զուտ տեխնիկական բնույթի է, եւ որքան մոտենան ընտրությունները, այնքան պարոն Սարգսյանի էջում կհայտնվեն նրա եւ քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի բարեկամական կապերը փաստող լուսանկարներ, տեղեկատվություններ, զարհամանահրաշ պատմություններ եւ պարզապես լեգենդ-առասպելներ:

Ի դեպ, պարոն Սարգսյանը, հավանաբար, նոր է որոշել ակտիվանալ «Ֆեյսբուք»-ում: Բանն այն է, որ նա միայն հունվարի 11-ին է իր էջում տեղադրել մի լուսանկար, որից հասկացվում է, որ նա իր որդիներից մեկին առաջին անգամ ճանապարհում է դպրոց: Մինչդեռ բոլորիս էլ հայտնի է, որ առաջին անգամ դպրոց կարելի է ճանապարհել բացառապես սեպտեմբերին, եւ, դատելով լուսանկարից, հենց սեպտեմբեր ամիսն է, սակայն այն ժամանակ ո'չ ընտրություններն էին մոտ, ո'չ էլ պարոն Սարգսյանն էր որոշել ակտիվանալ «Ֆեյսբուք»-ում:

Մի խոսքով` պարոն Տարոն Մարգարյանի պարոն աներորդին այսուհետ ակտիվ է լինելու ոչ միայն հինգշաբթի օրերին, երբ ընդունելու է քաղաքացիների, ոչ միայն ԱԺ-ում, երբ օր ու արեւ չի տալու կառավարությանն իր սուր հարցադրումներով եւ թեմատիկ ելույթներով, այլեւ` «Ֆեյսբուք»-ում: Մարդուն հարկավոր է ռեյտինգ հավաքել, եւ մարդը հասկանում է, որ այս պահին ինքը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ռեյտինգ հավաքի: Չունի: Բայց կունենա, անշուշտ, այսուհետ բոլոր քաղաքացիները կարող են իրենց հարցերն ուղղել պարոն Ռոբերտ Սարգսյանին, պարոն Սարգսյանն էլ իր ֆեյսբուքյան գերակտիվ էջի միջոցով սպառիչ կպատասխանի քաղաքացիների հարցերին: Օրենքի շրջանակներում կօգնի, որպեսզի լուծվեն քաղաքացիների հարցերը, մի խոսքով` լավ պատգամավոր կդառնա: Չի բացառվում, որ ԱԺ-ում էլ մի երկու, երեք, չորս /նայած, թե որքան կհասցնի/ ելույթ ունենա, որպեսզի քաղաքացիները վերջապես իմանան, որ Ռոբերտ Սարգսյան անունով պատգամավոր կա, շատ էլ լավն է, «Ֆեյսբուք»-ում էլ իրենց ընկերն է ու միշտ օնլայն:

Ու մինչ պարոն Ռոբերտ Սարգսյանը ռեյտինգ է հավաքում, որպեսզի մասնակցի ԱԺ ռեյտինգային ընտրություններին, մի հարց տամ, նրան չէ, բոլորին, ովքեր այս օրերին զբաղված են կամ սկսել են զբաղվել ռեյտինգահավաքությամբ: Գիտե՞ք, եթե անցած չորս տարիների ընթացքում դուք լավ աշխատեիք, ելույթներ ունենայիք, օրենքներ մշակեիք եւ համառորեն հասնեիք դրանց ընդունմանը, պարբերաբար հանդիպեիք ձեր ընտրողների հետ եւ փորձեիք լուծել նրանց հարցերը, գոնե բարձրաձայնեիք դրանք, ապա այսօր ֆեյսբուքյան էջ ակտիվացնելու կարիք չէիք ունենա, քանի որ ռեյտինգ կունենայիք:

Լավ մնացեք ու ուշադիր եղեք. «Ֆեյսբուք»-ում ամեն բան մի' սեղմեք-բացեք, լիքը վիրուսներ կան, հա'մ դուք կվարակվեք, հա'մ էլ ձեր բազմահազար ընկերներին կվարակեք:

Հովիկ Աֆյան

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica