close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուտով արեւ կգա

Հարթակ

16 Հունվարի 2017, 20:48
 Շուտով արեւ կգա

Արեւ չկա, կորել է: Վերջին անգամ հայտնվել էր մի քանի ամիս առաջ, հետո կորավ: Հիմա սպասում ենք, ինչպես ԲՀԿ-ն է սպասում, ինչպես ԲՀԿ-ին են սպասում, ինչպես ԲՀԿ-ից են սպասում: Բայց ԲՀԿ-ում արեւին չէ, որ սպասում են. մարդիկ շատ լուրջ դեմքերով սպասում են պարոն Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձին: Ասում են, որ ընթացիկ շաբաթվա վերջում պարոն Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ: Ժողովրդի մի մեծ մաս, սակայն, դեմ չի լինի, որ պարոն Ծառուկյանը ոչ թե իր կողքին կանգնի, այլ` գլխին, մեջքին, առջեւում, մի խոսքով` տանի, առաջնորդի, ապահովի, լավ-լավ, շատ-շատ բաներ տա` քեշ եւ քաղցր:

Ընտրություններին դեռ մեկուկես ամիս ժամանակ կա, արեւ էլ կլինի, պարոն Ծառուկյանի հայտարարությունն էլ կլինի, հույսով լի ժողովուրդ էլ կլինի, բայց մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու: Նկատի չունեմ՝ մինչեւ ապրիլի 2-ը, նկատի ունեմ` ընտրություններից հետո: Ավելին` մինչեւ ապրիլի 2-ն ավելի շատ բան կփոխվի, քան դրանից հետո: Օրինակ` ճանապարհները կբարեկարգվեն, ինչպես գրված է լինում բոլորիս հորոսկոպներում, հնարավոր է տնօրենը կանչի, եւ պաշտոնի առաջխաղացում ունենանք, կամ գյուղապետը կանչի, եւ մի գործ տան, բայց` պայմանով, որ ընտանիքի բոլոր չափահաս անդամների անուններն ու անձնագրային տվյալները ներկայացնենք իրեն: Հայն էլ` աշխատասեր ժողովուրդ, հանուն աշխատանքի` ամեն ինչ կներկայացնի, մանավանդ, որ գյուղապետը կասի, որ Կանադայից իրենց գյուղի հին բնակիչներից մեկի ծոռը որոշել է օգնել գյուղին, եւ հենց դրա համար են իրեն պետք գյուղացիների անձնագրային տվյալները: Ինչեւէ, այսպես մինչեւ ապրիլ կապրենք, մեզ ինչ-որ բաներ կտան՝ ապրելու համար խիստ պիտանի, մենք էլ կապրենք: Երջանիկներին շատ կտան եւ քեշ, մի քիչ անբախտներին հնարավոր է միայն խոստում տան կամ կարտոֆիլ, եթե անասունները սոված են, նաեւ` կոմբիկեր:

Հինգ հազար դրամներն էլ չեն աշխատի: Պահանջարկները փոխվել են, ավելացել, կյանքն էլ թանկացել է: Առաջ հինգ հազար դրամը հերիքում էր մի օր, հիմա` կես օր, այն էլ` եթե վերջում մածուն չառնես: Հիմա կսկսվի տասը հազար դրամից: Այսքանով մի օր հաստատ կապրես, մարդավարի չէ, դրան մոտ: Վերցնողներ կլինեն, բայց` քիչ, շատերն ավելի վաղ վերցրած կլինեն, օրինակ` գյուղապետարանի ավագ այգեգործի պաշտոնի խոստումը, եթե ճնշող մեծամասնությամբ հաղթանակը լինի, եթե ճնշող մեծամասնությամբ չլինի, բայց էլի լինի, գյուղի գրադարանի տնօրենի պաշտոնը: Շատ փող չկա, փակվող հաստիք է, բայց փոխարենը գրադարանը շենք ունի, շենքն էլ գրադարանի տարածքում է, տարածքն էլ, ճիշտ է, շատ մեծ չէ, բայց կարելի է ելակ ցանել, կարտոֆիլ, բազուկ եւ տանձենիներ, էլ չեմ խոսում խոտի մասին, որն անուշ-անուշ կուտեն կովերը, մանավանդ` առջեւում գարուն է, շուտով արեւ կլինի:

Հիմա պետք է մի քիչ ձգել, համբերել, սպասել, բայց տանը նստած չէ, շատ ուշադիր` շուրջբոլորը նայելով: Պարոն Գագիկ Ծառուկյանը վերադառնո՞ւմ է, շատ լավ, գնացինք մոտը, չի՞ վերադառնում, շատ լավ, գնացինք Մելիք-Ադամյան: Սկզբունքորեն բացառելի՞ է, լո՞ւրջ… Շատ լավ, ուրեմն ստիպված եք լինելու էլի սպասել, քանի որ հանրապետության բնակչության մի մեծ հատվածի համար սկզբունքորեն բացառելի ոչինչ չկա, եւ դա անգամ մեծ հաշվով լավ է:

Մի խոսքով՝ շուտով արեւ կգա, բայց իսկապես կգա, իսկական արեւ: Այլ հարց է, թե մենք որտե՞ղ կլինենք այդ արեւի տակ եւ անկախ նրանից, որ, մեզանից շատերի կարծիքով, հենց մենք չենք մեր արեւը:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica