close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2017
+30°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2017
USD1478.73
GBP1629.19
EUR1561.07
RUB18.06
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Դիվերսանտի դիակը պահելը հարցի լուծում չէ

Հարթակ

11 Հունվարի 2017, 20:47
 Դիվերսանտի դիակը պահելը հարցի լուծում չէ

Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն փորձի կապակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշացումով արված հայտարարության հասցեատերը Հայաստանն էր: Հայտարարության նպատակը վերջինիս դրդելն է Ադրբեջանին վերադարձնել դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված ադրբեջանցի զիծառայողի դիակը: Մնացած ուղերձները՝ հրադադարի ռեժիմի պահպանման, պայմանավորվածությունների կատարման հետ կապված, ընդամենը կողմերի միջև հավասարության պատրանք ստեղծելու համար էր: Եթե խնդիրը նման միջադեպերի կրկնությունը կանխելը լիներ, ապա Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին անհերքելի փաստերի առկայությամբ, համանախագահները հայտարարությունը կարող էին հնչեցնել դիվերսիոն հարձակումից անմիջապես հետո: Բայց դա արեցին միայն այն ժամանակ, երբ հասկացան կամ, երբ Ադրբեջանը դժգոհեց, որ հայկական կողմը հրաժարվում է հանձնել դիվերսանտի դին:

Այս իմաստով հայտարարությունը քննարկման առարկա է դարձնում հարցը, թե ո՞րն է դիակն այսքան երկար ժամանակ չհանձնելու իմաստը: Պարզ է, որ դա ինքնանպատակ լինել չի կարող: Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ դրանով պաշտոնական Երևանը փորձում է լուծել քարոզչական և դիվանագիտական երկու խնդիր: Առաջինը միջազգային հանրությանն ի տես միտումնավոր սրել այն փաստը, որ դիվերսիոն հարձակումն իրականացվել է ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծին, այլ Հայաստանի տարածքի նկատմամբ: Հանգամանք, որի նկատմամբ միջազգային կառույցները և հատկապես ԵԱՀԿ-ն մնացին անտարբեր: Երկրորդ՝ ստիպել այդ միջադեպին ոչ ադեկվատ հանդարտություն պահպանած ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությանը արձանագրել, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այդ միջադեպի և դրա հետևանքով տեղի ունեցած մարդկային կորուստների համար և ելնելով դրանից՝ մեծացնել ճնշումը նրա նկատմամբ Վիեննայի պայմանավորվածությունները ի կատար «ստիպելու» ուղղությամբ: Դրա մասին է վկայում համանախագահների հայտարարությանը Էդվարդ Նալբանդյանի նյարդային հետևյալ արձագանքը. «Հուսով ենք, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»:

Այս մեկնաբանությամբ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը փաստացի հասկացնում է, որ Երևանը համանախագահներից միջադեպի կապակցությամբ արձագանքին սպասել է ավելի շուտ՝ «անհապաղ», և ավելի հասցեական ու «խստորեն», քան այն, ինչ դեպքից 12 օր անց անում են միջնորդները: Դիակը չվերադարձնելով՝ հայկական կողմի ակնկալիքը եղել է Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը ՄԽ եռանախագահության մակադրակով  արձանագրվելուն հասնելը, ինչը, փաստորեն, չիրականցավ:

Նման տոնայնությամբ և Ադրբեջանի պատասխանատվությունը փաստացի լղոզող համանախագահների հայտարարությունը նշանակում է, որ դիակը հնարավորինս երկար պահելու և դրա շուրջ աղմուկ բարձրացնելու Երևանի մարտավարությունը մեղմ ասած չի աշխատել: Եվ չէր էլ կարող աշխատել, որովհետև այդ լեզվով դիվանագիտությունը միջազգային պրակտիկայում միշտ եղել է անհասկանալի և անընդունելի: 2014թ. նոյեմբերին ՄԽ համանախագահները նույնկերպ չընկալեցին զորավարժությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը միջդիրքային տարածքից դուրս բերելուն մոտ մեկ շաբաթ խոչընդոտելու Բաքվի որոշումը: Այն, ի վերջո, միջազգայնորեն լեգիտիմացրեց հայկական ԶՈՒ հատուկ ստորաբաժանումների կողմից օպերացիայի իրականացումը, որն կատարվեց փայլուն: Այն ժամանակ էլ Բաքուն էր «դիվանագիտական» այդ լեզուն բանեցնելով փորձում ցույց տալ, որ հայկական ողղաթիռը գրոհել է ադրբեջանական դիրքերը՝ հղում կատարելով ուղղաթիռի՝ միջդիրքային տարածքում ընկնելու փաստը:

Նման քաղաքականությունը էֆեկտիվ կարող է լինել միայն շատ կարճ ժամանակահատվածի կտրվածքով, երբ համընդհանուր ուշադրությունը դեռ սևեռված է միջադեպին: Երբ այն անցնում է ողջախոհ ժամկետը, այդ «լեզուն» սկսում է աշխատել  տվյալ մարտավարությանն ապավինողի դեմ, որովհետև տպավորություն է ստեղծում, որ վերջինս սեփական շահերը պաշտպանելու այլ ռացիոնալ տարբերակ չունի: Իսկ դա հուսահատության, անելանելիության և սեփական ձախողվածության անուղղակի ինքնախոստովանություն է: Այս առումով դիվերսանտի դին պահելը անիմաստ է և ձեռք է բերում բումերանգի էֆեկտ:

Համանախագահողներն առ այսօր, անգամ ապրիլյան պատերազմից հետո շարունակում են տպավորություն ստեղծել, թե ցանկացած պարագայում կողմերի նկատմամբ հավասար կամ դրան մոտ դիրքավորմամբ հանդես գալը պատերազմը կանխելու լավագույն կամ միակ միջոցն է: Տրամաբանությունն այն է, որ եթե կշեռքի նժարը թեքվի կողմերից որևէ մեկի օգտին, հակառակ կողմը կբոյկոտի բանակցային գործըթնացը և անցած տարիներին իրենց տեսանկյունից արձանագրված ամբողջ արդյունքը ջուրը կլցնի: Բայց այս մոտեցումը վաղուց արդեն չի աշխատում: Որովհետև Ադրբեջան հավասարության նրանց այս քաղաքականությունը անխնա շահագործում է՝ վերածելով թե՛ միջնորդներին, և ,թե՛ հայկական կողմին պատերազմի վերսկսման շանտաժի ենթարկելու միջոցի: Հավասարության այդ քաղաքականությունը Բաքուն ավելի ու ավելի մեծ զիջումներ պահանջելու քարտ բլանշ է դարձնում և  ընկալում որպես իր անպատժելիության  և միջազգային պարտավորություններն արհամարհելու, պատասխանատվությունից խուսափելու քվոտա:

Այլ կերպ ասած՝ համանախագահների այս ուղեգիծն ինքնին վերածվել է պատերազմի սպառնալիքի: Եթե ամեն դեպքում մոտեցումը լինելու է պարիտետային, ապա Ադրբեջանի ցանկացած ռազմական սադրանքին քառապատիկ կոշտ պատասխանելը ևս ընդունելի ու արդարացված է որպես շանտաժի միջոց: Գուցե ժամանա՞կն է, որ այդ վտանգը համանախագահներն զգան նաև հայկական կողմից և ստիպված լինեն գլուխներն ավազի մեջ խոթելու փոխարեն անցնել կողմերին ոչ թե լուծումներ պարտադրելու, այլ բանակցությունների սեղանին նստեցնելու «փափուկ ուժի», «փափուկ պարտադրանքի» մեթոդաբանության: Բայց դրան հասնելու «զենքը» ոչ թե դիվերսանտի դիակը պահելն է, այլ լրիվ ուրիշ բան...

Գևորգ Դարբինյան          

           

 

Փլուզում՝ Կապանում
27 Հուլիսի 2017, 15:42 Փլուզում՝ Կապանում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica