close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2017
+22°
+30°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2017
USD1478.85
GBP1624.32
EUR1558.10
RUB17.99
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Թուրքմենական գազը Հայաստանո՞ւմ

Թեմա

10 Հունվարի 2017, 20:41
 Թուրքմենական գազը Հայաստանո՞ւմ

Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Իրանի և Թուրքմենստանի դեսպաններին: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ վարչապետն ասել է, թե Հայաստանը ցանկանում է այդ երկու երկրների հետ եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն ծավալել:

Այն որ Հայաստանն ամեն ինչ անում է սերտացնելու հարաբերություններն Իրանի հետ, հաստատվեց նախորդ տարեվերջին այդ երկրի նախագահ Հասան Ռոհանիի՝ Երևան կատարած պաշտոնական այցով: Բայց, որ Հայաստանը հետաքրքրություններ ունի նաև Թուրքմենստանի հետ կապված՝ ընդհուպ այն աստիճանի, որ վարչապետը նոր սկսված տարվա իր առաջին իսկ պաշտոնական հանդիպումն անցկացնում է այդ երկրի դեսպանի հետ եռակողմ ֆորմատով, ոչ միայն ուշագրավ է, այլև ինտրիգային:

Ինչո՞վ կարող է Թուրքմենստանը հետաքրքրել Հայաստանին: Մի երկիր, որը լինելով թուրքական աշխարհի ներկայացուցիչ,  հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Արդեն մի քանի տարի է՝ Անկարան հետևողականորեն փորձում է մինչ այս նկատելիորեն անկախ տնտեսական և արտաքին քաղաքականություն վարող Թուրմենստանին ներքաշել մի կողմից պանթուրքական իր ռազմավարական պլաններ, մյուս կողմից էներգատարների կառուցման խոշոր նախագծերի տիրույթ: Մի քանի օրից կայանալու է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարների և էներգետիկայի նախարարների հանդիպումը: Ըստ ամենայնի՝ այն կապված է TANAP գազատարի շինարարության նախագիծը իրատեսական դարձնելուն, որում հավասարապես շահագրգռված են թե՛ Անկարան, և, թե՛ Բաքուն: Խնդիրն այն է, որ միայն Տրանսկասպյան գազատարի նախագծին Թուրքմենստանի և Ղազախստանի միանալու պարագայում այդ խոշորածավալ նախագիծը կդառնա տնտեսապես շահավետ և ձեռք կբերի հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն: Առայժմ, սակայն Աշխաբադը ի դեմս Անկարայի և Ադրբեջանի, տեսնում է ավելի շատ մրցակիցների, քան բնական դաշնակիցների: Առավել ևս Ադրբեջանի պարագայում, որի հետ մեղմ ասած լուրջ խնդիրներ ունի Կասպիցի հատակի «բաժանման» հարցում: Դժվար է, սակայն պատկերացնել, որ Կարեն Կարապետյանի նախաձեռնության նպատակը թուրք-ադրբեջանական ձեռնարկումներին խոչընդոտելն է. Երևանը դրա համար որևէ լծակ գործանականում չունի:

Սակայն Թուրքմենստանը գտնվում է այսպես կոչված առևտրային մեծ «Մետաքսի ճանապարհին», որը ներկայումս փորձում է վերականգնել Չինաստանը՝ այդ նպատակի իրագործման համար կատարելով հսկայական ներդրումներ: 2015թ. սեպտեմբերին Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցից հետո հայտարարվեց, որ Հայաստանը ցանկանում է ընդգրկվել այդ խոշորածավալ նախագծում և դառնալ «Մետաքսի ճանապարհի» եթե ոչ առաջնային, ապա գոնե երկրորդային հաղորդուղիներից մեկը: Այս գործընթացում Հայաստանն առավելապես ընդգրկվեց Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համատեքստում: Չի կարելի բացառել, որ փորձելով ստեղծել Հայաստան-Իրան-Թուրքմենստան առևտրատնտեսական նոր առանցք՝ Երևանը փորձում է շահագրգռել իրանական և չինական կողմին՝ ներդրումներ կատարել ավելի քանի 3.5մլրդ դոլար արժողության Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծում: Բայց սա կարճաժամկետ հեռանկարի կտրվածքով այնքան էլ իրատեսական չի թվում: Եվ դժվար է հավատալ, որ սա է դեսպանների հետ հանդիպելու Կարեն Կարապետյանի շտապողականության պատճառը:

Վարչապետի այս տարօրինակ հանդիպման մասին Կառավարության հաղորդագրության մեջ մի կարևոր շեշտադրում է արվել: «Հանդիպմանը արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ»,-ասվում է դրանում: Այս ընդգծումը վկայում է, որ խոսքը թերևս, վերաբերում է Իրանի տարածքով Թուրքմենստանից գազ ստանալու հնարավորության քննարկմանը: Խնդիր, որ ներկա պահին Հայաստանի համար խիստ հրատապ է: Բանն այն է, որ Վրաստանը և «Գազպրոմը» տևական բանակցություններից հետո այդպես էլ չկարողացան համաձայնության գալ Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի տարանցման դիմաց վճարման հարցի շուրջ: Ռուսական կողմը ուզում է հետայսու Թբիլիսիին վճարել արժույթով: Մինչդեռ էներգակիրների սղության խնդիր ունեցող Վրաստանը պնդում է նախկինում գործող կարգը շարունակելու վրա, ըստ որի տարանցման դիմաց ստանում էր Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսի չափով կապույտ վառելիք: Հունվարի 1-ից կողմերի միջև պայմանագիրն այլևս չի գործում: Եվ հիմա, փաստորեն, Հայաստանի գազամատակարարման հեռանկարը կախված է նրանից, թե պահի տակ ի՞նչ որոշում կկայացնեն վրացիները, ինչ տրամադրություններ կլինեն Թբիլիսիում: Նման անորոշությունը պետք է անհանգստացներ Երևանին և հենց այս համատեքստում էլ, թերևս, պետք է դիտարկել Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ էներգառեսուսրների մատակարարման հարցերի քննարկումը վարչապետի կողմից:

Հարցն այն է՝ սա Երևանի՞ նախաձեռնությունն է, թե՞ Մոսկվայի: Ամենևին չի բացառվում, որ վարչապետը նման հանդիպում նախաձեռնելով  փորձում է Թբիլիսիին ցույց տալ, որ ոչ միայն կարող է դիտարկել հարավային ուղղությունից իր գազամատակարարման հարցի լուծման տարբերակը, այլև որ արդեն ունի դրանց ուղղված կոնկրետ ծրագրեր, որոնք ներկայացում է Աշխաբադին և Թեհրանին: Սա կարող է վրացական կողմի վրա ճնշում գործադրելու միջոց  լինել՝ ցույց տալու համար, որ Վրաստանը կարող է կորցնել Ռուսաստանից մոտ 250մլն խ/մ գազ ստանալու կամ գազի տարանցման դիմաց հավելյալ շահույթ ստանալու հնարավորությունը: Եթե այդպես է, ապա սրանով Երևանն օգնում է «Գազպրոմին»՝ ճնշում գործադրել վրացական կողմի վրա և հասնել ցանկալի արդյունքի:

Մինչդեռ եթե սա առանց Մոսկվայի դրդման Երևանի նախաձեռնությունն է, ապա կարող է նշանակել միայն մեկ բան. որ Հայաստանը փորձում է թուրքմենական գազը Իրանի տարածքով Հայաստան հասցնել՝ նաև Վրաստան արտահանելու նպատակով: Հայաստանն արդեն Իրանից գազ է արտահանում Վրաստան և ապահովում է Մեղրու և Քաջարանի տարածարջանի գազամատակարարումը: Սակայն, թե այս երկուսից որի հետ գործ ունենք, առայժմ հասկանալի չէ:  

Այլ հարց է, որ Թուրքմենստան-Իրան-Հայաստան էներգետիկ միջանցքի ստեղծումն հիմա այնքան էլ իրատեսական չէ: Խնդիրն այն է, որ էներգետիկայի հարցում Թեհրանի և Աշխաբադի հարաբերությունները մեղմ ասած այնքան էլ հուսադրող չեն: Ներկա պահին երկու երկրները գտնվում են լուրջ վեճի մեջ: Իրանը Թուրքմենստանին մեղադրում է իր հյուսիային շրջաննների գազամատակարարումը պայմանագրային պարտավորությունների խախտմամբ դադարեցնելու մեջ: Իսկ Թուրքմենստանն իր հարավային հարևանից պահանջում է վճարել գազամատակարարման դիմաց կուտակված պարտքերը: Հայտնի չէ, թե այս թնջուկն ինչով կավարտվի: Եվ այս իրավիճակում Երևանի նման ամբիցիոզ քայլն առայժմ ավելի շատ հիշեցնում է դիվանագիտական, քաղաքական տրյուկ: Կարևոր է սակայն, որ այս ուղղությունը կառավարության տեսադաշտում է:          

Գեւորգ Դարբինյան

 

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
24 Հուլիսի 2017, 23:50 ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
6 տարեկան երեխա է կորել
24 Հուլիսի 2017, 23:36 6 տարեկան երեխա է կորել
Եղանակն՝ առաջիկա օրերին
24 Հուլիսի 2017, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica