close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անգործությունից քշվածները

Հարցազրույց

10 Սեպտեմբերի 2011, 11:23
 Անգործությունից քշվածները

Skype-ով հարցազրույց տված զրուցակիցներս տարվա 6-7 ամիսը Մոսկվայում են, իսկ ձմեռում են հայրենի Գեղարքունիքի մարզում: Ոմանք ընտանիքի բոլոր տղամարդկանցով են «խոպանում»՝ հայրերով ու որդիներով: Նրանց կամքով, զրույցից հանում եմ իրենց ազգանուններն ու գյուղի անունը:

«Հույս ունեմ՝ մինչեւ գանք, կառավարությունը փոխված կլինի: Կյանքը իրան-իրան չի փոխվում, պիտի կառավարության հետ փոխվի: Մեր գյուղի 99,9 տոկոսը ստեղ է: 10-րդ դասարանից մինչեւ 60 տարեկան բոլոր տղամարդիկ ստեղ են: Մարդ է մահանում, չեն կարողանում տանեն, թաղեն: Ես ամառվա կեսին հելնեմ, գնամ գյուղ՝ ուղղակի կգժվեմ, որովհետեւ անապատ է, ուրիշ ոչ մի բան չկա: Ձեր ամուսնյակը, որ բացակայում է, ինչքա՞ն դժվար է ձեզ համար, բա գիտեք՝ մեզ համար հե՞շտ ա»:

Խոսողը կարծես թե Օնիկն էր, որին ընդհատողն Արտավազդն է.

- Ես մի քառասունհինգ տարեկան կնիկ ունեմ, իրա երեսի կնճիռները կարաս թերթես, կարդաս: Էնքան ա մտածել՝ կնճռոտել ա…

- Իսկ ձեր գյուղապետը գոնե հոգո՞ւմ է այնտեղ մնացած ձեր ընտանիքների հոգսը: Թե՞ ինքն էլ է ձեզ հետ խոպան եկել:

- Լավ գյուղապետ ունինք: Բայց ի՞նչ անի, էրթա՝ պաչա՞ մեր կնիկներ: Մենք ենք պահում էդ խեղճ տղուն, պահակության փող ենք տալիս:

Լեւոնն է միջամտում.

- Գյուղապետին փող տալու մասով էդի սուտ բան է, կատակ էր անում: Գյուղապետը մենակով ի՞նչ պիտի անի, քանդված, համակարգը շուռ տված երկրում ենք, էդ գյուղապետը ի՞նչ անի, էդ առանձին գյուղը ի՞նչ անի: Էդ գյուղը չպիտի՞ ուրիշ տեղից դիզվառելիք բերի, էդ գյուղում խանութների ապրանքները ուրիշ տեղից չե՞ն գալիս մտնում, էդ գյուղը ամբողջովին կապված չէ՞ էդ պետության հետ: Ոնց որ պետությունն է, նենց էլ գյուղն է լինում: Գյուղապետը մեր կողմից ընտրված, շնորհքով, հարգված մարդ է:

- Ո՞ր կուսակցության անդամ է:

- Մեր գյուղապետների մեծ մասը ո՞ր կուսակցությունից է լինում:

- Հանրապետական:

- Դու ես ասել: Անկախ իրա կուսակցական պատկանելությունից, մեր կողմից ընտրված մարդ է: Ինքը հանրապետակա՞ն կլիներ, դաշնա՞կ կլիներ, թե հնչակ, ինքը որպես էդ մարդը, կընտրվեր: Թե իրա սռոկի մեջ իրան ոնց կդրսեւորի, էդ ուրիշ հարց է, լավ կդրսեւորի՝ էլի կընտրենք, վատ կլինի` չենք ընտրի, հիմա մարդը փորձում է ինչ-որ բաներ անել:

Լեւոնը երիտասարդ է, չորրորդ անգամ է խոպան գնում, Արտավազդն առավել տարեց է, ասում է. «Երեսուն տարի է՝ էս գործին եմ: Հա, տո կարող ա մնանք, էլ հետ չգանք: Փող կառնինք, կը տանինք Հայաստան, կը խլին, նորից պարտքով կը վերադառնանք»:

- Ո՞վ է խլում:

- Պետությունը: Ապրանքի գներով, փողի կուրսերով, վերաբերմունքով: Հեսա ընտանիքներին էլ կարող ա կանչենք՝ գան ստեղ մնան: Հնարավորություն չկա Հայաստանում ապրելու, գազը՝ թանկ, լույսը՝ թանկ:

- Ի՞նչ գործ եք անում Մոսկվայում:

- Խառը՝ բանվորություն, ասֆալտ…

Խոսափողին է մոտենում Օնիկը.

- Աղջի'կ ջան, փողը շատ մեծ դժվարությամբ ենք վաստակում, բայց շատ թանկ է Հայաստանում ամեն ինչը՝ սնունդը, վառելիքը, հագուստը. գները համապատասխանում են եվրոպական գներին: Բայց եվրոպացու վաստակած փողը անհամեմատելի է: Դրա համար էլ մարդիկ նեղանում են կառավարությունից, ուզում են գնան ուրիշ երկրի, նեղության մեջ ապրեն: Այստեղ էլ ոչ մի իրավունք չի պաշտպանվում, էսօր կանք՝ վաղը չկանք, անորոշ վիճակ է: Կոպիտ ասած, եթե մենք աշխատենք, ու մեզ փող չտան, մեզ ոչ ոք չի պաշտպանի այդ փողը ստանալու համար:

- Բա որ ձեր իրավունքները պաշտպանված չեն, ո՞ւր եք տանում ձեր ընտանիքները:

- Ավելի լավ է՝ պատվով մեռնեն, քան անպատիվ ապրեն: Ստեղ ես ավելի լավ եմ գոյատեւում, քան Հայաստանում:

Արտավազդն է միջամտում.

- Ամեն տարի՝ վատ, վատ, վատ, վատ, մի հատ լավ բան չենք տեսնում: Մարդը, քանի գնա՝ ծերանում ա, չէ՞, վատանում ա, քիթումռթից էլ կվատանա, ու նույնն էլ՝ մեր Հայաստանը, քանի գնում, վատանում ա, ոչ մի լավ բան: Ավելի ճշգրիտ ասած, մեր բանվորական կարծիքն ա, որ հարկավոր ա մեր կառավարության հիմնական ապարատը փոխել:

Օնիկն է նորից նստում համակարգչին ավելի մոտ.

- Հայաստանում ավելի լավ եմ զգում, բայց որ փողը պակասում ա՝ ընտանիքի վիճակը ծանրանում ա, մեկը մյուսի լեզուն չի հասկանում: «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել», այ, էդ վարյանտն ա:

- Դուք լավ ուտող-խմող տղամարդիկ եք, չէ՞, արաղ սիրող:

- Արաղ սիրում ենք չափի մեջ:

Արտավազդը զարմանում է հարցիցս.

- Ոնց որ ասես՝ դու քո էրեխուն չե՞ս սիրում:

- Որ խմում եք, Հայաստանի կենացն էլ եք խմում, չէ՞:

Օնիկն է պատասխանում.

- Խմում ենք, որ լավ լինի: Ես ձեր հարցի նպատակը հասկացա: Մենք էլ պակաս հայրենասեր չենք: Արտավազդն էլ երեւի չի բերի ընտանիքը ստեղ, ջղայնացած ասում ա… Բայց որ մի քիչ էլ նեղվի, կարող է՝ բերի:

- Իսկ ձեր գյուղում skype կա՞, տնեցիների հետ կարողանո՞ւմ եք խոսել:

- Հա: Էսօր լավ էլ գիտությունը զարգացած է, սաղի հետ էլ խոսում ենք: …-ում skype կա, «Վիվա Սել», «Օրանժ», «Բի լայն», սաղ կա, առել ենք մեր ընտանիքների համար: Արտավազդը հիսունվեց տարեկան է, դրա քսանհինգ տարին ինքը իրա կնկա հետ չի ապրել:

- Իմ կնկա հետ ապրեմ՝ չապրեմ, նաղդի գոհ եմ:

Լեւոնը պատրաստվում է գալ Հայաստան՝ ամուսնանալու: Տարեցների կարծիքով՝ հիմի խոպանչուն աղջիկ կտան: Ռուսաստանի անուն որ լսին՝ կտան: Որովհետեւ Հայաստանում գիտեն, որ գործ չկա, գործ չունեցողին չեն տա:

- Դուք, որեւէ կուսակցության համակի՞ր եք…

- Մենք՝ չէ, բայց դաշնակցական Ավետին եմ խոսքը փոխանցում:

Ավետն է խոսում.

- Միակողմանի ծնողազուրկ եմ ու տասնութ տարեկանից արդեն յոթ տարի է` ես գալիս եմ խոպան: Բայց մեր աշխատած փողով հազիվ կարանք գոյատեւենք:

- Էդ փողը, որ բերում եք Հայաստան, ինչի՞ վրա եք ծախսում:

- Ապրելու, չենք կարողանում ինչ-որ բան հետ գցենք, որովհետեւ ամեն ինչ թանկանում է: Անցած տարի եմ ամուսնացել, երեք-չորս ամիս եմ մնացել ու էկել եմ Ռուսաստան: Սպասում եմ երեխայիս: Կինս Հայաստանում է: Երեխայի ծնվելու ժամանակ պիտի որ գամ, եթե լավ լինի: Վաստակելը՝ նորմալ վաստակում ենք, գոհ ենք մեր առած փողից: Հայաստանում աշխատավարձ ստացողներից բոլորից բարձր ենք ստանում, բայց էլի չի հերիքում: Վեց-յոթ-ութ ամիս լինում ենք այստեղ, հինգ-վեց ամիս՝ Հայաստան. նայած տարի: Ձմռանը մենակ ծախսում ենք, ոչ մի տեղից եկամուտ չկա:

- Բա ձմռանը պարապ-սարապ՝ ո՞նց եք դիմանում:

- Բա ի՞նչ անենք: Աշխատանքի տեղ չկա, ուղղակի օր ենք անցկացնում, որ էլի հետ գանք, փող աշխատենք:

- Որեւէ մեկդ չի՞ պատկերացնում, թե ինչպես փողը Հայաստանում աշխատեք:

- Պետության ղեկավարները պիտի փոխվեն:

- Շատ են փոխվել: Հաստա՞տ իրենց փոխվելով է:

- Իրենք փոխվել են, բայց հիմքը չի փոխվել: Արմատապես պիտի փոխվի: Զավոդները, ֆաբրիկաները պիտի սարքեն: Չինաստանում միլիարդից ավելի մարդ կա, Հայաստանում միլիոնին չեն կարողանում գործ տալ:

- Ինչքան հասկանում եմ, ձեր հիմնական բողոքը Հայաստանում աշխատատեղ չլինելն է ու բարձր գները:

Հստակ չէ, թե ում ձայնն է.

- Հիմնական խնդիրը՝ թող աշխատանքով ապահովեն, մի քիչ հարմար լինի, որ կարանք մարդուն վայել կյանքով ապրենք: Ինչո՞ւ Վրաստանում ավտոների մաքսը երեք տոկոս է, մեզ մոտ՝ երեսուն-քառասուն: Երկու հազար դոլարանոց ավտոն բերում, ծախում են վեց հազար դոլար: Էլի մարդու բարեկեցություն է՝ որ ես իմ մեքենայով գնամ մի տեղ, գամ, առողջ լինեմ, հանգիստ լինեմ: Ավտոյից բացի, շատ օրինակներ կան: Հիմա ես ուզեմ՝ էժան հեռուստացույց բերեմ, բայց որ բերեցի, հասցրեցի, աերոպորտը ասում է՝ բերեք մաքսազերծենք: Թող մի քիչ մաքսը քիչ դնեն, ես իմ հեռուստացույցին մի հիսուն դոլար տամ, բերեմ տուն: Բայց որ մի հինգ հարյուր դոլարի պիտի մաքս մուծեմ, էլ ո՞ւր բերեմ: Բա իրա՞նք ինչու մաքս չեն մուծում, հարկ չեն մուծում:

- Մի լավ բան չասեցիք:

- Ինձ թվում է՝ կլավանա, վերեւներն էլ մի քիչ պիտի ճնշվեն, մի քիչ չափավոր իրանց պահեն: Եթե մեզ նման մարդիկ ավելի շատ խոսեն, կլավանա երեւի: Թասիբ ա պետք, պիտի հասկանան, որ մենք էլ մարդ ենք, մենակ իրենք չեն, որ լավ ավտո քշեն: Մեր էրեխեն էլ պիտի դպրոցից ժպիտը դեմքին, ուրախ տուն գա, ոչ թե փռթած շորերով ու մրսած: Պարզ է, իրանք ավելի բարձր մակարդակի պիտի ապրեն, էդ ընդունելի ա, բայց մենք էլ, աշխատում ենք, չէ՞, պիտի մենք էլ ապրենք, գոնե երեսուն տոկոս սովորական մարդուն վայել կյանքով ու չհամեմատվենք Աֆրիկայի ջունգլիների հետ:

- Մի բան խնդրեմ, երեւի թեմային չվերաբերվող հարց է, բայց էս հարցը տպեք, էլի: Ճանապարահային ոստիկանները, որ առանց ամրագոտիները գցելու ավոտ են վարում, իրե՞նց ով պիտի տուգանի: Կարելի՞ ա, որոշ գերադաս մարմիններում տալ էդ հարցը: Օնիկն է ասողը, ասեք …եցի Օնիկն է հարցնում: Որոշ մարդիկ կարան առանց ռեմենի քշեն, որոշ մարդիկ՝ չէ: Մեկին՝ հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի: Էդ էլ, հա՞, մի հատ հարցրեք:

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica