close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+2°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ժառանգության» հուսահատության «մանիֆեստը»

Թեմա

9 Հունվարի 2017, 20:07
 «Ժառանգության» հուսահատության «մանիֆեստը»

Դեկտեմբերի վերջին «Ժառանգություն» կուսակցությունը հանդես եկավ «Իշխանափոխության մանիֆեստի առաջարկություն» անվանումով մի հայտարարությամբ: Դրանով կուսակցությունը հռչակում է այն 9 սկզբունքային հիմնակետերը, որոնց շուրջ համաձայնությունների ձեռք բերման պարագայում պատրաստ է նախընտրական միավորում կազմել այլ ուժերի հետ: Նշելով, որ կուսակցությունը հասարակական համախմբման և խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով գնալու ջատագով է, «Ժառանգություն»-ն առաջ է քաշում ընտրություններում հաղթելու պարագայում առանց ՀՀԿ-ի ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու և երկամյա ժամկետում նոր սահմանադրական հանրաքվե անցկացնելու պահանջ:

Նման հայտարարության տարածումն ինքնին քաղաքականապես առողջ ակտ է: Դրանով կուսակցությունը սահմանում է այն պլատֆորմը, որի շրջանակում միայն պատրաստ է բանակցել քաղաքական նախընտրական կոնֆիգուրացիաներ ձևավորելու շուրջ: Սա կուլիսային, գործարքային քաղաքականությունը մերժելու առարկայական դրսևորում է, ինչի պահանջը հասարակությունը ձևակերպել է վաղուց: Բացի դրանից` «մանիֆեստի» հրապարակումը վկայում է, որ մեծ հաշվով «Ժառանգություն»-ը կամ նրա հիմնական ակտիվը վերադառնում է կառուցողականության դաշտ, որից սկսեց հեռանալ սահմանադրական բարեփոխումները մերժելիս, և որը աղետալի կուլմինացիային հասավ նախորդ տարվա ամռանը, երբ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ փաստացի անուղղակիորեն կանգնեց զինված հեղափոխության խրամատներում և սկսեց ամեն կերպ աջակցել գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին:

Պետք է ենթադրել, որ «Ժառանգության» այս շրջադարձը թելադրված էր զինված ապստամբության միջոցով իշխանափոխության ուղեգծի անհեռանկարայնության հետ համակերպմամբ: Բայց ամենակարևոր պատճառը, թերևս, իր այդ ծայրահեղականությանը հարող մոտեցումներով ընտրություններից առաջ կատարելապես միայնակ մնալու և մարգինալացման վտանգի գիտակցումն էր: Անցած տարի «Ժառանգությունը» փաստացի դուրս մնաց նախընտրական միավորումների ձևավորման շուրջ ընթացող բանակցություններից: Իշխանափոխության` նրա պատկերացումները կիսող ուժեր ուղղակի չեն գտնվել, և դա բնական է. հնարավոր չէ հայտարարել հեղափոխության մասին և գնալ ընտրություններով, այսինքն` օրինական ճանապարհով իշխանափոխության:  Մյուս կողմից` ամենասկզբունքային երկու հարցերում «Ժառանգությունն» իր «մանիֆեստով» փաստացի գնացել է առաջին հայացքից չերևացող, բայց սկզբունքային զիջումների:

Նախ՝ ընդգծված հակառուսական և արևմտամետ գիծ դավանող «Ժառանգությունն» այս հայտարարությամբ ընդամենը դնում է բոլոր գերտերությունների հետ Հայաստանի հարաբերությունները «վերաձևակերպելու» խնդիր՝ առանց կոնկրետացնելու, թե ինչ է ենթադրում այդ «վերաձևակերպում» ասվածը, և գերտերություններից յուրաքանչյուրի ու հատկապե`ս Ռուսաստանի պարագայում ի՞նչ ծավալ է այն ունենալու:

Երկրորդ՝ «Ժառանգությունն» իր «մանիֆեստում» խոսում է նոր Սահմանադրություն ընդունելու, ապա դրանից հետո խորհրդարանական կամ, ուշադրություն դարձնենք, նախագահական ընտրություններ անցկացնելու խնդիր: Հիշեցնենք, որ ի սկզբանե «Ժառանգությունը» Հայաստանում բացառապես խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից է եղել: Այդ դիրքորոշումն ընկած է նաև նրա` 2012թ. նախընտրական ծրագրի հիմքում: Եվ, չնայած դրան, «Ժառանգությունն» իր «մանիֆեստով» չի բացառում նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգին վերադարձը, ինչի մասին է վկայում հանրաքվեից հետո նախագահական ընտրությունների անցկացման տարբերակի չբացառումը:

Ակնհայտ է, որ, երկու դեպքում էլ լղոզված մոտեցումներ արտահայտելով, «Ժառանգությունը» փորձում է չեզոքացնել դաշինքների ձևավորմանն ուղղված` հետագա հնարավոր բանակցություններին խանգարող գործոնները: Պարզ երևում է, որ այս հրատապ, կանխակալ զիջումներին կուսակցությունը գնում է առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի` մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի համատեքստում: Ծառուկյանը դեմ էր  խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն և իր քաղաքական շարժումը հենց այդ հողի վրա էր կառուցում: Բացի դրանից` նա եղել ու մնում է ռուսամետ հետագծում և երբեք, անգամ` Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած ժամանակ չի հրաժարվել դրանից: Հենց այս գործոնները հաշվի առնելով էլ` «Ժառանգությունը» գնում է իրենց Ծառուկյանից բաժանող ցանկապատի հեռացմանը՝ առանցքային կետերում հռչակելով իր սկզբունքներից հրաժարումը: Ի դեպ Lragir.am-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բացառել համագործակցությունը ինչպես Ծառուկյանի, այնպես էլ պրոռուսական կողմնորոշում ունեցող այն գործիչների հետ, որոնք, սերելով իշխանությունից, ներկայումս փորձում են այլընտրանքային նոր բևեռ ստեղծել:

Փաստորեն, մի կողմից «Ժառանգությունը» հայտարարում է, որ անցնելու ճանապարհ չունի  այն ուժերի և գործիչների հետ, որոնք որևէ չափով պատասխանատվություն են կրում Մարտի 1-ի համար, իսկ մյուս կողմից` գնում համագործակցության այդ ընթացքում իշխանության մաս կազմած ուժերի հետ: Մի կողմից ամենակատիվ կերպով փողոցներում կատաղի պայքարում է Հայաստանում Ռուսաստանի գերազդեցության դեմ,  մյուս կողմից` համագործակցության ժեստ անում Հայաստանի անվտանգության և տնտեսական համակարգերը միայն Ռուսաստանի և եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների հետ կապող ուժերի հետ: Հանդես է գալիս խորհրդարանական կառավարման գաղափարներով, բայց գործում լրիվ հակառակ տրամաբանությամբ:  Սա խոսում է այն հուսահատ վիճակի մասին, որում հայտնվել է «Ժառանգությունը»: Եվ այն, ինչ հրապարակել է կուսակցությունը, ոչ թե իշխանափոխության մանիֆեստ է, մանավանդ, որ իշխանափոխության հետ առհասարակ որևէ աղերս չունի, այլ անսկզբունքայնության և անօգնականության:

Գևորգ Դարբինյան 

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica