close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2017
+13°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2017
USD1481.77
GBP1619.89
EUR1540.26
RUB18.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

25 տարի ընտրություններ ենք անցկացրել, որից 20 տարին` խեղաթյուրված. Հրանտ Թոխատյան

Հարցազրույց

9 Հունվարի 2017, 14:02
 25 տարի ընտրություններ ենք անցկացրել, որից 20 տարին` խեղաթյուրված. Հրանտ Թոխատյան

«Մենք ասում ենք ո՛չ համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական օրինախախտումներին»,- ասված է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հայտարարության մեջ: Change.org-ում սկսված «Արդարություն Հայաստանում» արշավին, որը նախաձեռնել էին Սփյուռքի և Հայաստանի մի շարք անվանի գործիչներ, որոնց թվում՝ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Վահե Բերբերյանը, Ալեքսիս Օհանյանը, Էրիկ Նազարյանը, Հասմիկ Պապյանը, Հրանտ Թոխատյանը, Սերժ Ավետիքյանը, Վիգեն Չեթերյանը և ուրիշներ, արդեն միացել է 4000-ից ավելի` ՀՀ քաղաքացիություն ունեցող անձ։

Yerkir.am-ը զրուցել է դերասան Հրանտ Թոխատյանի հետ: 

 

-Պարո'ն Թոխատյան, մի փոքր տարօրինա՞կ չէ փաստը, որ այդքան անվանի մարդիկ են հավաքվել մի գաղափարի շուրջ և ընդամենը 4500 մարդ է ստորագրել նախաձեռնության տակ: Մարդիկ հոգնե՞լ են, այլևս չե՞ն հավատում ոչնչի, թե՞ պատճառն այլ է:

-Տեսեք` մտահղացումը ծագեց, երբ Արսինե Խանջյանին հուլիսյան դեպքերի ժամանակ բերման ենթարկեցին, և այդ ժամանակ Վահե Բերբերյանն էլ էր այստեղ, ու մենք զանգահարեցինք Սերժ Թանկյանին ու սկսեցինք մտածել` ի՞նչ անել: Կայքով ստորագրահավաք սկսելու գաղափարը նրանցն էր, բայց ես կարծում եմ, որ կայքը մեզ համար մի քիչ խորթ է, քանի որ սովոր չենք այդ հարթակին: Նրանք ընդունեցին արևմտյան ճանապարհը, քանի որ նրանց մոտ դա ընդունված է, սակայն փորձը ցույց տվեց, որ այն մեզ մոտ չի աշխատում: Բացի այդ` օրինակ, իմ ծանոթներից ու ընկերներից բոլորն ասում են, որ միանում են նախաձեռնությանը, բայց նայում ես ստորագրողների քանակին ու միացողներին` իրար չեն համապատասխանում թվերը: Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել` կա'մ ինձ խաբում են, ինչին ես չեմ հավատում, կա'մ ձևը չգիտեն, քանի որ սովոր չեն:

-Նախաձեռնության միտքն արդարության հասնելն է, արդար ընտրություններ ունենալը: Ո՞ր պարագայում, ի՞նչ փոփոխությունների հետևանքով կարող եք հանգիստ շունչ քաշել:

-Ես շատ լավ գիտեմ, որ արդարություն մաքուր ձևով որևէ տեղ չկա, ամեն տեղ էլ արդարության հետ մեկտեղ կա անարդարություն: Երբ արդարությունը գերիշխի անարդարության վրա, այդ ժամանակ կարող եմ շունչ քաշել, իսկ հակառակ դեպքում, այսինքն` այն, ինչ կատարվում է մեզ մոտ, ուղղակի ոտնահարում են մեր` բոլորիս իրավունքները: Մարդիկ այն վիճակին են հասել, որ, անգամ երբ ինչ-որ քայլ ես անում` ի նպաստ երկրի կամ ժողովրդի, արդեն չեն էլ հավատում դրան, մտածում են` տեսնես` տակն ի՞նչ կա, կամ այն հին անեկդոտի պես մտածում են. «Հետաքրքիր է` որտե՞ղ են ուզում ինձ քցած լինել»: Դժվար աշխատանք ենք սկսել, սակայն պետք է անենք ամեն ինչ` մեր նպատակին հասնելու համար, քանի որ,  կարծում եմ, որ կա փաստ` Սփյուռքը պետք է անպայման մասնակցություն ունենա հայաստանյան կյանքին, չի կարելի այդ մարդկանցից միայն փող ուզել:

-Երբ Թանկյանն ու Էգոյանն ասացին, որ իրենց նպատակն է գալ Հայաստան և մարդկանց կրթել, որ տեր կանգնեն իրենց քվեին, չվաճառեն իրենց ձայնը, շատերին դուր չեկավ միտքը և քննարկումների տեղիք տվեց: Սա՞ էլ մեր` «հայավարի» բնավորությունից է գալիս, որ մեղադրում ենք բոլորին, բայց հենց հերթը մեզ է հասնում, անթերի ենք դառնում:

-25 տարի մենք ընտրություններ ենք անցկացրել, որից 20 տարին` խեղաթյուրված /առաջին ընտրությունը մի կողմ թողնենք/: 1996-ից սկսած` խաբել են մեզ, իսկ մենք անընդհատ փորձում ենք խոսել այն մասին, որ ծախում ենք մեր ձայնը, լինում են լցոնումներ, օգտագործում են անգամ հանգուցյալների ձայնը: Բնականաբար, դրսում ապրող մեր հայրենակիցները հետևություն են անում` կա՛մ մենք չենք հասկանում` քվեն ինչ է, կա՛մ տեր չենք կանգնում մեր քվեին` թեկուզ պատճառները տարբեր լինեն: Այդ իսկ պատճառով էլ նրանք իրենց թույլ են տալիս արտահայտություն, թե` մենք գանք ու սովորեցնենք, քանի որ իրենք դրսում անցել են այդ ճանապարհը: Նրանք ասում են` գանք ու սովորեցնենք, որպեսզի չվախենաք, չհիասթափվեք: Կարծում եմ` ավելի շատ այդ մեսիջը կար նրանց խոսքում:

-Ապրիլին սպասվում են հերթական ընտրությունները, ի՞նչ եք անելու դուք` նախաձեռնության անդամներդ:

-Կարծում եմ` իմ ընկերների հետ պետք է այստեղ դիտորդական աշխատանքներ ծավալել` շրջել ընտրատեղամասերով, հետևել ընթացքին:

-Երաշխիք տեսնո՞ւմ եք, որ կողքի ընտրատեղամասում, որտեղ դիտորդ չի լինի, ընտրություններն արդար կանցնեն, կամ հաշվարկի ժամանակ լցոնումներ չեն լինի:

-Դրա համար էլ փորձում ենք մարդկանց ասել, որ տեր լինեն իրենց քվեին: Մեզ միացել են նաև Ռուսաստանի մեր հայրենակիցները: Խմբեր կկազմենք ու կշրջենք ընտրատեղամասերում: Բացի այդ` բավականին մեծ կապ կա Ղազախստանի հետ, որտեղ մեծ համայնք ունենք, և նրանք էլ խմբեր են կազմելու և գալու: Վստահ եմ, որ նույնը կլինի նաև Եվրոպայի դեպքում: Կարծում եմ` կկարողանանք հավաքել այն քանակությամբ մարդ, որպեսզի ամեն ընտրատեղամասում ներկայություն ապահովենք: Մեզ կմիանան նաև տեղում գործող մեր գործընկերները, նրանք էլ մեծ թիվ են կազմում, այնպես որ` կարծում եմ` մարդկային ռեսուրսները բավարար կլինեն: Հույս ունենալ, որ դա 100 տոկոսով կաշխատի, բնականաբար, չեմ կարող: Ես պարտավոր եմ չհավատալ, պետք է 100 տոկոս անել այն ամենը, ինչ քեզնից հասնում է, և չհավատալ:

-Պարո'ն Թոխատյան, Դուք հաճախ եք հայտնվում քննադատությունների թիրախում, մասնավորապես` մարդիկ հաճախ են հիշեցնում, որ տարիներ առաջ ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչ էիք անում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

-Վերջերս մենք` «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամները, մամուլի ասուլիսով հանդես եկանք, և հիմա, երբ նայում եմ ասուլիսի մեկնաբանությունները, տեսնում եմ` որքան բացասական բաներ կան իմ մասին գրված: Դրան պետք է սովոր լինես, երկխոսության մեջ չպետք է մտնես, որովհետև անիմաստ է: Սկսած 1996-ից` իմ բոլոր ներկայացումներն այս ամենի` երկրում տիրող իրավիճակի մասին են, այդքանը: Այն, ինչ փորձել եմ անել Արցախյան պատերազմի առաջին օրերին, երկրաշարժի ժամանակ, ապրիլյան քառօրյայի ժամանակ, արել եմ խղճիս համար և ամենևին էլ չեմ մտածել, որ այդ ամենը լուսաբանել է պետք, քանի որ կարծում եմ` դա աշխատանք է, որն ուղղակի պետք է անել: Միանշանակ կարծիք լինել չի կարող` դու պարտավոր ես անել, բայց միշտ էլ կլինեն մարդիկ, որ կասեն` ժամանակին ձայնդ տվել ես մեկ ուրիշին, վատ մարդ ես, թշնամի ես: Եթե այդպես են կարծում, ես այդ կարծիքը ուղղել չեմ կարող, միայն կարող եմ անել այն, ինչ անում եմ և ինչ ճիշտ եմ գտնում:

 

Զրուցեց Կարինե Հարությունյանը

Հայտնաբերվել է օձ
27 Մայիսի 2017, 16:05 Հայտնաբերվել է օձ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica