close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նավթալինի հոտ է գալիս, տղե’րք

Հարթակ

6 Դեկտեմբերի 2016, 17:07
 Նավթալինի հոտ է գալիս, տղե’րք

Բաքվում, ինչպես ասում են ՀԱԿ-ից, կոնկրետ` հաճախ Լեւոն Զուրաբյանը, ռեժիմը խուճապի մեջ է: Ճիշտ է` ՀԱԿ-ն ու դրա խմբակցության ղեկավար Զուրաբյանը, ռեժիմ ասելով, ամենեւին էլ Բաքվում գործողին նկատի չունեին, բայց դա ՀԱԿ-ի խնդիրն է, չխորանանք: Իրականում Բաքվի ռեժիմը խուճապի մեջ է հայտնվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից հետո: Նա, հիշեցնենք, կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ուսումնասիրել գերմանական Audi եւ Mersedes ավտոմոբիլային կոնցեռների պատմությունը: Իմաստն այն է, որ առաջինը 9 տարով է մեծ Ադրբեջանից, երկրորդը՝ 2: Շարմազանովն էլ, սա բացահայտելով, երեւի հույս ունի, որ, Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, ադրբեջանական իշխանական ամբողջ համակարգի ներկայացուցիչները, անգամ` ընդդիմությունը, նույնիսկ Բաքվի՝ Հեյդար Ալիեւի անվան պողոտայում գործող սուպերմարկետի երիտասարդ հսկիչը, գլուխները կախելու են, քանի որ բացահայտվել է իրենց երկրի հին չլինելը:

Անկեղծության համար ասեմ, որ Շարմազանովի այս հայտարարությունն իրականում պատասխան է. մասնավորաբար` Իլհամ Ալիեւը բոլորովին վերջերս կրկին խոսել էր «հին ադրբեջանական» Երեւանի, Զանգեզուրի, մասին, Շարմազանովն էլ, ահա, Ալիեւին կոչ է անում ուսումնասիրել գերմանական ընկերությունների պատմությունը եւ հասկանալ, որ դրանք ավելի հին են, քան Ադրբեջանը:

Այս պատմության մեջ, սակայն, մի նրբություն կա, ենթադրենք` Ալիեւը հասկացավ, Մեհրիբան խանըմն էլ հասկացավ, Ալի Հասանովն էլ հասկացավ, սուպերմարկետի հսկիչն էլ հասկացավ, որ Ադրբեջանն այդքան հին չէ, ավելի ճիշտ՝ բոլորովին նոր է, հետո՞: Ամաչելո՞ւ են ու ասեն՝ Ղարաբաղը, որն իրականում Արցախ է կոչվում, ձեզ լինի, մեզ կներեք, եթե թեյ ուզենաք խմել, սիրով սպասում ենք Բաքվում, թե՞ պարզապես փախչելու են իրենց կողմից օկուպացված հին հայկական հողերից ու հայ-ադրբեջանական իրական սահմանին մի մեծ, անանցանելի պատ են կառուցելու, որ ոչ մենք իրենց տեսնենք, ոչ էլ իրենք՝ մեզ: Լավ, Ադրբեջանի հին չլինելը առիթ-անառիթ հիշատակալու իմաստը ո՞րն է: Ո՞վ է ասել, որ նոր երկրները հին երկրներից իրավունք չունեն հող ուզելու, խլելու, օկուպացնելու: Չէ, հասկանալի է, որ խլելու կամ օկուպացնելու իրավունք ոչ ոք չունի, բայց չե՞ն անում: Ադրբեջանն, օրինակ, նոր երկիր է, Շահումյանի կեսը չի՞ խլել, օկուպացրած չի՞ պահում: Ավելին` որքան նոր է երկիրը եւ բարակ դրա պատմության գիրքը, այնքան ավելի հավակնոտ է: Ուրեմն ի՞նչ ենք ուզում ամեն անգամ, երբ ասում ենք, որ մեր տան դիմացի ընկույզի ծառն ավելի հին է, քան Ադրբեջանը: Ի դեպ, նույն Audi-ին ճիշտ յոթ տարով ավելի հին է, քան Mersedes-ը, բայց դա չի նշանակում, որ ավելի վատ մեքենա է արտադրում, առավել եւս` չի նշանակում, որ առաջինը միշտ երեսով է տալիս իր հինավուրց լինելը:

Լավ, ի՞նչ պարծենալու բան է այդ հինավուրցությունը: Ավելի ճիշտ՝ հինավուրցությո՞ւնն է ավելի պարծենալու բան, թե՞ բարեկեցությունը: Օրինակ` Հունաստանը հին երկիր է՝ հինավուրց պատմությամբ, բայց ճգնաժամի մեջ ու միլիարդներով արտաքին պարտք ունի, փոխարենը Լեհաստանն ավելի նոր երկիր է ու մի եվրո ԵՄ-ին պարտք չէ: Սա չի նշանակում, որ Ադրբեջանն ավելի բարեկեցիկ երկիր է, քան մենք, բայց սա նշանակում է, որ մեր հինավուրցությունը նախ չի նշանակում, որ մենք ենք ավելի բարեկեցիկ, բացի այդ` օդում կրակոցի պես մի բան է, իսկ մենք գոնե վերջին ապրիլին զենքի խնդիր ունեինք ու եղածը փամփուշներով իրավունք չունենք օդ կրակելու:

Եվ ուրեմն` պատմության երկարությունն ու անգամ փառապանծությունը ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար ոչ միայն քիչ են, այլեւ` ծիծաղելի, եթե, իհարկե, այն, ում պատմում ես ազգիդ պատմությունը ոչ հայ է, ոչ հույն, ոչ էլ հրեա:

Բայց չեմ կարծում, որ Բաքվում հիմա ծիծաղում են մեզ վրա. որպեսզի ծիծաղես ինչ-որ բանի վրա, պետք է հասկանաս, որ դա ծիծաղելի է: Ավելին` ես վստահ եմ, որ նրանք հիմա ընկած Ադրբեջանում մի հին բան են փնտրում, որ վրան դաջեն՝ Ադրբեջան, ու ներկայացնեն աշխարհին: Ազգերը տարբեր են լինում, կան, որ ընկած են իրենց հինավուրցությունն ապացուցելու հետեւից, կան, որ զբաղված են իրենց բարեկեցության ապահովմամբ ու մի տեսակ լուռ ժպտում են հինավուրցների այս ապարդյուն շարժից իրենց Mersedes-ներում կամ Audi-ներում աշխատանքի գնալիս:

Ի դեպ աշխատելը, մանավանդ` մտածելով, հրաշալի բան է:

Հովիկ Աֆյան 

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica