close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հո դուք կանաչի վաճառո՞ղ չեք

Հարթակ

5 Դեկտեմբերի 2016, 15:38
 Հո դուք կանաչի վաճառո՞ղ չեք

Մհեր Սեդրակյանի տունը ոչ ոք չի խուզարկել: Պարոն Սեդրակյանն այսօր եկել է ԱԺ, քանի որ մեկնարկել է խորհրդարանի հերթական քառօրյան, ու հենց այդպես էլ հայտարարել է, որ թեև ասում էին, թե իր տունը խուզարկել են, բայց ոչ ոք չի խուզարկել: Անկեղծ ասած` Մհեր Սեդրակյանը քաղաքական այս իրավիճակում, երբ դեռ բազաթիվ թելերով կապված է քաղաքական մեծամասնության հետ, որը դեռ հստակ չի որոշել նրա հետագա ճակատագիրը, հազիվ թե ասեր, որ` այո, իմ տունը խուզարկել են: Եվ ուրեմն` այստեղ նորությունը ոչ թե այն է, որ Սեդրակյանների տունը չեն խուզարկել, այլ այն, որ Մհեր Սեդրակյանը եկել էր խորհրդարան, որտեղ, ի դեպ, աշխատում է: Պատահական չէ, որ լրագրողները հետաքրքրվել են պատգամավորից, թե ինչո՞ւ նա աշխատանքի չէր գալիս: Սեդրակյանը շատ հանգիստ եւ առանց նախիրի մասին անեկդոտ հիշելու պատասխանել է. «Չէի ուզում, չէի գալիս»: Լրագրողները ճշտել են` բայց չէ՞, որ սա Ձեր աշխատավայրն է, ուր Ձեզ սպասում են, դեռ չեն մոռացել, ուր կա'մ սիրում են, կա'մ հայհոյում են… Սեդրակյանը պատասխանել է.  Հարցեր կան, որոնք ձեզ չեն վերաբերվում, իմ հետ կապված են…»:

Այստեղ շատ կարեւոր է ճշտել, թե ո՞վ է Մհեր Սեդրակյանը, նկատի չունեմ` Էրեբունի շրջանում, նկատի ունեմ՝ կարգավիճակով: Ասենք` ԱԺ պատգամավո՞ր է, թե՞ շուկայում կանաչի վաճառող, որն, իմիջիայլոց, ամենեւին էլ ամոթալի զբաղմունք չէ, մանավանդ` եթե կանաչիդ ընտիր է: Եթե ԱԺ պատգամավոր է, այն էլ` մեծամասնական համակարգով ընտրված, ապա նա իրավունք չունի աշխատանքի չգալու անձնական հարցերի պատճառով, քանի որ այն պահից, երբ էրեբունցիները նրան ընտրել են խորհրդարանում իրենց ներկայացնող պատգամավոր, նա պարտավոր է գնալ աշխատանքի, այնտեղ պաշտպանել եւ ներկայացնել իր համայնքի բնակիչների շահերը, ելույթներ ունենալ, մասնակցել օրինագծերի մշակմանն ու ընդունմանը, մի խոսքով՝ աշխատել: Այսինքն` եթե Սեդրակյանը պատգամավոր է, ապա նա չի կարող աշխատանքի գնալ, երբ ուզում է, եւ հակառակը` երբ չի ուզում աշխատանքի չգնալ: Նրա աշխատանքի գալն ու չգալը մեզ վերաբերում է, ու մանավանդ` Էրեբունու բնակիչներն իրավունք ունեն իմանալու, թե իրենց պատգամավորն ինչո՞ւ չի գնում խորհրդարան եւ ի՞նչ է անում, երբ չի գնում խորհրդարան: Ու ոչ միայն` Էրեբունու, եւ ոչ միայն` Սեդրակյանը:

Սակայն եթե նա շուկայում կանաչի է վաճառում, թեկուզ` ընտիր, ապա իրավունք ունի այդ օրը, ելնելով ինչ-ինչ, անձնական, ներաձնական, վերանձնական և այլ պատճառներից, աշխատանքի՝ շուկա չգնալ, անգամ` եթե մշտական հաճախորդներ ունի, որոնք այդ օրը նրանից պատրաստվում էին քյարաուզ գնել ձմռան թթվի համար: Կապ չունի, եթե խոսք չի տվել, որ անպայման գալու է, ուրեմն իրավունք ունի չգալու:

Կատակը՝ կատակ, բայց, տիկնա'յք եւ պարոնա'յք, մենք խոսում ենք Ազգային ժողովի պատգամավորի մասին, եւ կրկնում եմ` կապ չունի, թե` ում: Սեդրակյանը միայն նրանցից մեկն է, ովքեր, երբ ուզում են` գալիս են, երբ չեն ուզում` չեն գալիս, եւ հիմնականում՝ չեն ուզում: Այդպիսիք էլի կան եւ ոչ միայն` հանրապետականներից: Ու շատ հետաքրքրական է, թե երբ չեն գալիս խորհրդարան, իրենց բիզնես ունենալն էլ Սահմանադրությամբ չի կարելի, բա ի՞նչ են անում: Ասենք` տանը նստած` գի՞րք են կարդում, թե՞, ընկերներով հավաքված, խոսում են հայ ժողովրդի բարդ ճակատագրի մասին` առաջարկելով մեր կյանքն ավելի լավը դարձնելու իրենց տեսլականը: Ամեն դեպքում` երբ պատգամավորը երկար ժամանակ աշխատանքի չի գալիս, ուրեմն կա'մ սկսել է կարդալ, ինչը լավ է, կա'մ սկսել է խորհել, ինչը հնարավոր չէ՝ առանց կարդալու, կա'մ սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընկերների հետ, ինչը լավ է, եթե ընկերներն են լավը, կա'մ էլ գոնե սեղանի ուտելիքն է առողջարար:

Այնպես որ` բացակայելուց առաջ մի պատասխան մտածեք, հարգելի' պատգամավորներ, թե ինչո՞ւ չէիք  գնում աշխատանքի, որովհետեւ շատ հնարավոր է, որ մարդիկ լինեն, որ ձեզ հարցնեն՝ հո դուք կանաչի վաճառող չե՞ք, որ երբ ուզեք՝ աշխատանքի գնաք, երբ չուզեք՝ չգնաք:

Հովիկ Աֆյան 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica