close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուկաշենկոյի ադրբեջանական «լեզգինկան». սադրանք Հայաստանի դեմ

Թեմա

29 Նոյեմբերի 2016, 19:40
 Լուկաշենկոյի ադրբեջանական «լեզգինկան». սադրանք Հայաստանի դեմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարություն է ընդունել ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Կողմերը կարևորում են ԼՂ խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին ու ԵԱՀԿ որոշումներին»:

Հայտարարության մեջ բացակայում են ԼՂ կարգավորման գործընթացում որպես հիմք ընդունված` միջազգային իրավունքի մյուս երկու առանցքային սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը և ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից խուսափելը: Թեև հայտարարության մեջ ընդհանրական հղում է կատարվում նաև «ԵԱՀԿ որոշումներին», սակայն փաստը, որ շեշտվել է միայն պետության տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը, ակնառու է դարձնում բացառապես Ադրբեջանի շահերով առաջնորդվելու և կարգավորման հարցում կողմնակալություն դրսևորելու` Լուկաշենկոյի դիտավորությունը:

Առաջին անգամը չէ, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկեր հորջորջվող Բելառուսը և նրա տիրակալն իրենց դիվանագիտական նման ցինիկություն են թույլ տալիս` ԼՂ հարցի հետ կապված: Ապրիլյան պատերազմի առաջին օրը Լուկաշենկոն զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և լիակատար աջակցություն հայտնել հենց Բաքվի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ: Իսկ Բելառուսի ԱԳՆ-ն ապրիլի 2-ին հանդես էր եկել Երևանին և Բաքվին ուղղված՝ կրակը դադարեցնելու կոչ-հայտարարությամբ, որում բառացիորեն, տառ առ տառ արտահայտված էր այն դիրքորոշումը, որն արտացոլվել է Ալիև-Լուկաշենկո հայտարարության մեջ:

Այդ կողմնակալ հայտարարության պատճառով Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, որտեղ փոխնախարար Շավարշ Քոչարյանը տարակուսանք էր հայտնել է Մինսկի վարքագծի կապակցությամբ և շեշտել, որ «նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն եւ հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ուժի կիրառումը»:

Բելառուսի ԱԳՆ-ի և Բաքվում ընդունված այս հայտարարության բովանդակային նույնությունը վկայում է, որ Բաքուն պարզապես օգտագործել է ապրիլյան պատերազմի կապակցությամբ պաշտոնական Մինսկի դիրքորոշումը: Սակայն առավել քան հասկանալի է, որ եթե Բելառուսի բռնապետը ցանկություն չունենար ընդառաջելու Ադրբեջանի իր գործընկեր բռնապետին, նրան ոչ ոք չէր կարող դրդել նման փաստաթուղթ ստորագրել:

Մինսկին և Բաքվին  միավորում են ոչ միայն երկու բռնապետերի կառավարման և մտային ընդհանրությունները, այլև, առաջին հերթին, տնտեսական լուրջ կապերը, որոնք Լուկաշենկոյի համար միշտ ավելի արժեքավոր են եղել, քան քաղաքական գործոնները կամ տարբեր միջազգային ձևաչափերում իր ստանձնած պարտավորություններին հավատարիմ լինելը: Ի վերջո, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը ոչ միայն բելառուսական արտադրանքի հիմնական սպառող երկրներից է, այլ նաև գուցե գլխավոր գործընկերը ռազմամթերքի, զինտեխնիկայի առուվաճառքի առումով, թեև Բելառուսը ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի «դաշնակիցն» է: Այս իմաստով` Լուկաշենկոն միտումնավոր է տուրք տվել Բաքվի սադրանքին, որի ամբողջ նպատակը Հայաստանի հանդեպ նրա, այսպես կոչված, «դաշնակիցների» իրական դիրքորոշումը մերկացնելն է և թե՛ ՀԱՊԿ-ում ու թե՛ ԵԱՏՄ-ում ներքին տարաձայնությունները ու Հայաստանի մեկուսակցումը խորացնելը: Լուկաշենկոն դա արել է՝ շատ լավ հասկանալով, թե ինչպիսի ռեակցիա այն կառաջացնի Երևանում, և, ըստ էության, արել է` թքած ունենալով այդ ռեակցիայի վրա:

Այս քայլը Հայաստանին դնում է շատ անհարմար դրության մեջ: Եթե ապրիլին, դեսպանին ԱԳՆ հրավիրելով և պարզաբանումներ պահանջելով, նոտա հղելը պայմանավորված էր Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության հետ, ապա հիմա Երևանը ստիպված է արձագանքել իր «դաշնակիցը» հանդիսացող երկրի կողմից երկրի նախագահի մակարդակով այդ նոտան արհամարհելու իրողությանը: Առավել քան տրամաբանական է, որ եթե դեսպանին հրավիրելու միջոցով հնարավոր չեղավ ազդել Բելառուսի այս անհավասարակշիռ և դիվանագիտության էթիկայից դուրս վարքագծի վրա, Երևանի արձագանքը պետք է շատ ավելի կոշտ ու սկզբունքային լինի՝ ընդհուպ շոշափելով դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու հարցը: Եթե Երևանը նախընտրի չնկատելու տալ Լուկաշենկոյի այս բացահայտ սիրախաղը Ալիևի հետ և վերջինիս երաժշտության տակ կովկասյան «լեզգինկա» պարելը, լիովին կանլրջացի ինքն իր կարգավիճակը թե' ՀԱՊԿ-ում և թե' դրանից դուրս՝ իր շահերը և պետական արժանապատվությունը վերջնականապես դարձնելով այլ երկրների համար Ադրբեջան մուտքին կեղտոտ կոշիկները մաքրելու լաթի:

Գևորգ Դարբինյան  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica