close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի’ արա այդպես, ներկերով մարդո’ւկ

Հարթակ

21 Նոյեմբերի 2016, 13:52
 Մի’ արա այդպես, ներկերով մարդո’ւկ

Իսկ կարելի՞ է հանդես գալ աշխարհի բոլոր առնետների անունից: Հենց այդպես` կանգնել եւ աշխարհի բոլոր առնետների անունից հայտարարությամբ հանդես գալ, թե` բա մենք՝ աշխարհի բոլոր առնետներս, այլեւս հրաժարվում ենք ապրել նկուղներում, աղբանոցներում եւ պահանջում ենք մեր հանդեպ՝ որպես հանրույթի, եւ մեզանից յուրաքանչյուրի հանդեպ՝ որպես վառ անհատականության, հատուկ լավ վերաբերմունք եւ տաքուկ սենյակներ՝ լի ամենատարբեր ուտելիքներով, որոնք պարբերաբար կհամալրվեն: Կարծում եմ` չի կարելի, համենայն դեպս, երբ որեւէ մեկը նման հայտարարությամբ հանդես գա, կծիծաղեն, լուրջ չեն ընդունի…

Ուրեմն ինչո՞ւ, տիկնա'յք եւ պարոնա'յք, կարելի է հանդես գալ ամբողջ ժողովրդի անունից: Եվս ծիծաղելի չէ՞: Ասենք` ծիծաղելի չէ՞, որ ասում են՝ «ժողովուրդն ասում է», «ժողովրդից հարցրե՞լ եք», «ժողովուրդը պատրա՞ստ է», «մեղք չէ՞»… Ժողովուրդը երբեք մեղք չի լինում, թույլ լինում է, երբ այս կամ այն նրա ներկայացուցիչն իր խոսքը սկսում է՝ «ժողովուրդը» բառով: Եթե նմանները շատ են, ուրեմն ժողովուրդը թույլ է, եթե ուժեղ լիներ, նմաններ չէին լինի:

Հիմա` նմաններ մենք ունենք: Պնդում են, որ ժողովուրդը դեմ է, որ իր աշխատավարձից հազար դրամ ուղղվի հիմնադրամին, որտեղից էլ մեր զոհված եւ վիրավորված տղերքի ընտանիքներին՝ որպես օգնություն: Որ պնդողներ կան, ճիշտ են ասում, բայց ամբողջ ժողովո՞ւրդը: Հասկանալի է, որ ամբողջ ժողովուրդը երբեք ինչ-որ բանի դեմ կամ կողմ չի լինում: Հասկանալի է նաեւ, որ ժողովուրդ կոչվածը ՏՏ ոլորտի առաջատար մասնագետը կամ սեփական գյուղի սարերից ու մաքսիմում հարեւանի ոչխարներից այլ բան չտեսած հովիվը չէ: Կզարմանաք, բայց ժողովուրդը մի քանի հոգի են՝ մեր պարագայում: Օրինակ` չինացիների պարագայում մի քանի հարյուր հոգի են, գերմանացիների՝ մի քանի տասնյակ, մենք մի քանիսն ենք: Երբ այդ մի քանիսն ինչ-որ բան են ուզում միասնակամորեն, ինչը երբեք չի եղել, դա կոչվում է ժողովրդի կամք: Ժողովրդի կամք կարելի է կոչել նաեւ այն, երբ այդ մի քանի հոգու մեծամասնությունն է միեւնույն բանն ուզում:

Հիմա` երբ դու վերցնում ես ներկերդ ու գնում Երեւանի շենքերի պատերին գրում. «Որդիս զոհվեց, վարկերս փակեցի. 1000 դրամ», այդպես քեզ ո՞վ է ասել, որ անես, ժողովո՞ւրդը: Բա գիտե՞ս, որ սա մի ժողովուրդ է, որի մինչեւ վերջին բջջի վրա «զոհված որդի» բառերն ազդեցություն թողնող են, որի ամեն տունը զոհված որդի ունի: Պարտադիր չէ՝ հարազատ, երբ որդին զոհվում է, կարեւոր չէ՝ քոնն է, թե` հարեւան Սիմոնինը, զոհված լինելու հանգամանքը զոհվածին հարազատեցնում է բոլորին: Գիտե՞ս: Գիտես ու գրո՞ւմ ես. «Որդիս զոհվեց, վարկերս փակեցի»: Լավ դու ո՞վ ես, գոնե ծածուկ մի' արա, գոնե ցույց տուր դեմքդ, թող ժողովուրդն իմանա, թե ով է հանդես գալիս իր անունից: Վախենո՞ւմ ես, բա ժողովրդի անունից հանդես եկողը կվախենա՞…

Չնայած հենց նա էլ պետք է վախենա, որովհետեւ ժողովուրդը միշտ չէ, որ հանդուրժելու է իր անունից հանդես եկողներին, իր զոհված տղերքի անունները շահարկողներին, նրանց թիկունքից հերոսություն խաղացողներին, նրանց թողած եւ սարքած երկրում տիրություն անողներին: Մի օր ժողովուրդը սկսելու է չհանդուրժել, ու այդ մի օրը բավարար է լինելու՝ քաղաքի պատերը աղբից մաքերու համար: Ու ոչ միայն քաղաքի եւ ոչ միայն պատերը…

Ուրեմն` քանի դեռ շուտ է, նոր ես սկսել, էլ մի' արա այդպես, լա՞վ: Թեև չի բացառվում, որ դու այս լեզուն չես էլ հասկանում, այդ պարագայում ադրբեջաներեն ասեմ, սա գուցե հասկանաս՝ «դահա բելա էլամա, յախշը՞»: Իսկ եթե, այդուհանդերձ, հայերենն է քո լեզուն, ասեմ, որ պատերին դա գրելու փոխարեն կարող ես շփվել մարդկանց հետ, ավելի շատ ճանաչել նրանց, ավելի շատ կարդալ, ավելի շատ բան իմանալ, ավելի հաճախ, ավելի ճիշտ՝ գոնե մեկ անգամ սահմանին լինել, այնտեղ գոնե մեկ գիշեր անցկացնել, լսել ու տեսնել ու, ամենակարեւորը, զգալ, թե ինչպես են կրակում հենց քո ուղղությամբ, եւ ողջ մնալ… Հետո էլի կարող ես ներկերդ առնել եւ շրջել քաղաքով ու պատերին գրել, այ այդ ժամանակ հետաքրքիր կլինի շատ, թե ի՞նչ կգրես եւ ո՞ւմ անունից… Որդի կորցրած ծնողի՞:

Ի դեպ, երբ հոդված եք գրում ձեր վիրտուալ պատին կամ էլ ձեր շենքի քարե պատին միտք եք գրում, միշտ հիշեք որդի կորցրած ծնողներին, երբ հիշեք, նրանց անունից էլ հանդես չեք գա: նրանց անունից նրանց որդիներն արդեն իսկ հանդես եկել են եւ դա արել են փառքով:

Հովիկ Աֆյան

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica