close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազգ-բանակը կրակելու համատարած ունակությունն է

Հարթակ

16 Նոյեմբերի 2016, 20:56
 Ազգ-բանակը կրակելու համատարած ունակությունն է

Ազգը բանակ դառնո՞ւմ է: Սա շատ կարեւոր հարց է, համենայն դեպս՝ շատերին է հուզում: Եթե չի դառնում, ապա ի՞նչ եւ ինչո՞ւ են խոսում պաշտպանության նախարարությունից, թե ազգ-բանակ հայեցակարգ է պետք: Եթե դառնում է, ապա` ինչպե՞ս: Ասենք` բոլորս ապրելու ենք նույն կազարմայում, ենթարկվելու ենք նույն հրամանատարին, ով մեզ ամեն առավոտ վազեցնելու է, հետո «գազ» հրամանով ստիպելու է հակագազ հագնել, հետո` շարային պարապել, ըստ երեւույթին` Հանրապետության հրապարակում, հետո ազգովի գնալու ենք ճաշարան, որտեղ ուտելու են ջրիկ պյուրե եւ պնդիկ ցորեն, երբեմն՝ միս, մեկ-մեկ՝ ձուկ, առավոտները նաեւ գոլ, հաճախ էլ՝ սառած թեյ /չշփոթել՝ սառը թեյի հետ/: Մի խոսքով` ինչպե՞ս: Տպավորություն է, որ բոլորը գիտեն, թե բանակն ինչ է, յուրաքանչյուրը ծառայել է, բայց քանի որ այնտեղ միայն դժվարություններ է տեսել եւ բացառապես վատ օրեր, չի ուզում, որ ազգը դժվարություններ տեսնի եւ վատ օրեր ունենա` բացառապես: Դե, հայրենասեր են, էլի, պետությունը՝ չգիտեմ, բայց ազգը սիրում են, կան, որ խենթանում են, այնքան շատ են սիրում: Իսկ սերը կուրացնում է: Պոետները, իհարկե, համաձայն չեն լինի այս պնդմանը, բայց մեր պոետները կա'մ արտագաղթել են վաղուց եւ այս ամենով առանձնապես հետաքրքրված չեն, կա'մ մահացել են վաղուց, կա'մ էլ անունով են պոետ: Այնպես որ` կարող ենք հանգիստ հայտարարել, որ սերը կուրացնում է, ընդվզում չի լինի: Կուրանալու արդյունքում էլ շատ բան չես տեսնում, ու քանի որ աշխարհում շատ լավ բաներ կան, շատ լավ բաներ չես տեսնում:

Ազգ-բանակն այդ լավ բաներից է: Լավ օրից չէ, բայց լավ բաներից է: Լավ օրից չէ, քանի որ, երբ ազգը բանակ է դառնում կամ այդ ցանկությունն է հայտնում, կնշանակի ազգը պատերազմի մեջ է, ընդ որում՝ տեսանելի ապագայում չավարտվող: Իսկ լավ բան է, քանի որ տեսանելի ապագայում չավարտվող պատերազմի մեջ գտնվող ազգը կարող է եւ բանակ չդառնալ, մնալ ուղղակի ազգ, ավելի ճիշտ՝ դիմանալ, քանի դեռ այդ չավարտվող պատերազմը չի ստիպել, պարտադրել, բերել եւ վզներիս փաթաթել այդ ավարտը: Այսինքն` երբ նման իրավիճակում ազգը բանակ է դառնում, դա լավ է, նման իրավիճակը, հակառակը, վատ է:

Հիմա` ո՞րն է խնդիրը, այն, որ շատերը չե՞ն հասկանում, թե ազգ-բանակն ինչ է, բայց, եղբա'յր, կարդացեք, դուրս եկեք, մարդկանց հետ խոսեք, զրուցեք, գուցե տեսնեք, թե ինչպե՞ս է մայրը սպասում իր որդուն, հայրը ոտքի կանգնում զինվոր որդու կենացը խմելիս, մորաքույրը պարտք անում, որ քրոջ զինվոր որդուն ինչ-որ բան ուղարկի բանակ, հորաքույրը մի մոմ ավելի է վառում եկեղեցում, որ եղբոր` զինվոր որդին ողջ տուն դառնա, այ դա հենց ազգ-բանակի հիմքն է, այսինքն` նման ազգը բանակ կդառնա: Ինչպե՞ս, շատ պարզ` ջութակ նվագելով, գիտությամբ զբաղվելով, ֆուտբոլ խաղալով, նկարելով, հոդված գրելով, գիրք գրելով, մանավանդ՝ կարդալով, բիզնես դնելով եւ հատկապես՝ հարկ վճարելով: Պարտադիր չէ` անպայման Արարատի մասին կամ Արցախին նվիրված, պարտադիր է լավ, նվիրվածությամբ: Գիտության, արվեստի, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնեսի` հնարավորինս շատ ճյուղեր՝ բանակի հետ կապելով: Սա չի նշանակում, որ ֆլեյտահարը պետք է գնա, զորամասում համերգ տա, կամ խանութպանը պետք է ձրի կոնֆետ ուղարկի իքս զորամաս, ավելի ճիշտ՝ սա միայն դա չի նշանակում, սա նշանակում է, որ ֆլեյտահարն էլ կարող է կրակել, եթե պետք է, խանութպանն էլ, լրագրողը՝ նույնպես, գիտնականը՝ եւս: Բոլորը` անկախ սեռից: Ընդ որում` կրակել պարտադիր չէ զենքից, պարտադիր է՝ թշնամու ուղղությամբ: Կամ` թշնամիների: Մեր բախտը բերել է, մերը մեկն է, բայց չի բերել՝ ե'ւ արեւելքից է, ե'ւ արեւմուտքից:

Ազգ-բանակն, ուրեմն, կրակելու համատարած ունակությունն է, սեփական տունն ամեն գնով պահելու վճռականությունն է, ավելի լավ ապրելու առարկայական ձգտումն է, ամենօրյա աշխատանքն է, եթե աշխատանքը կա, եթե չկա` ամեն աշխատանքի պատրաստ լինելն է:

Իսկ կազարման, տոնական օրերի զույգ մանդարինն ու սեւ կետերով դեղին խնձորները, ազգովի ճաշարանն ու հակագազ հագնելը, վազելը, շարային պարապելը կապ ունեն բանակի հետ: Ազգ-բանակը ուրիշ բան է, դուք կրկին հարցնում եք, թե ի՞նչ է…

Հովիկ Աֆյան

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica