close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տղերքին չասեք, ամոթ է

Հարթակ

11 Նոյեմբերի 2016, 15:06
 Տղերքին չասեք, ամոթ է

Եթե խնդիրն իսկապես մեր զոհված եւ վիրավորված զինծառայողների, թույլ տվեք՝ տղերքի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն տրամադրելն է, ապա ավելի լավ միջոց եմ առաջարկում. կարելի է ոչ թե ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիներից 1000-ական դրամ պահել եւ այն ուղղել ստեղծվելիք հիմնադրամ, որից էլ մեր զոհված եւ վիրավորված տղերքի ընտանիքները ստանալու են իրենց օժանդակությունը, այլ կարելի է 1000 դրամը չֆիքսել: Օրինակ` եթե մեկը ստանում է 400 հազար դրամ, թող հիմնադրամին տա ամիսը 10 հազար դրամ, ով ստանում է 200 հազար դրամ, թող տա 5000 դրամ, ով ստանում է 100 հազար դրամ, թող տա 2000 դրամ, եւ վերջապես, ով ստանում է նվազագույնը 60 հազար, թող տա 1000 դրամ: Բանն այն է, որ այսպես հիմնադրամ ավելի շատ գումար կմտնի. պարզ հաշվարկ է` ինչ իքս թվով մարդ հազարական դրամ տա, ինչ իքս թվով մարդ նվազագույնը հազարակա՞ն տա, այն պարագայում, երբ մենք այսօր ունենք շատ աշխատողներ, ովքեր ստանում են մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ:

Սա միայն առաջարկություն է, որոնցից, ինչպես ես եմ հասկանում, դեռ շատ է լինելու: Համենայն դեպս, այն, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է իր աշխատավարձից հազար դրամ քիչ ստանալ, դեռ օրենք չէ: Պաշտպանության նախարարը ներկայացրել է կառավարությանը, կառավարությունը հավանության է արժանացրել, հիմա մնում է` մտնի ԱԺ, այնտեղ քննարկվի, իսկ սա ԱԺ-ում շատ, երկար, համառ եւ բարձր քննարկվելիք օրինագծերից է լինելու, հաստատվի կամ ոչ, եթե` այո /ինչն ամենահավանականն է/,  նոր դառնա օրենք: Այսինքն` երկար ճանապարհ դեռ կա, այդ ճանապարհին օրինագիծը դեռ որոշ փոփոխությունների, լրացումների է ենթարկվելու, եւ չի բացառվում, որ, ի վերջո, մենք ունենանք օրենք, ըստ որի` բարձր աշխատավարձ ստացողները շատ են տալու հիմնադրամին, ցածր աշխատավարձ ստացողներն` ավելի քիչ: Ի դեպ, այս պահին օրինագծով ենթադրվում է, որ նվազագույն աշխատավարձ ստացողներն այդ հազարական դրամները չեն տալու, նրանց փոխարեն տալու է պետությունը: Սա՝ ի միջի այլոց, որպեսզի թարգենք այն կարծիքի տարածում, թե պետությունը 40, 50, 55 հազար դրամ աշխատավարձ ստացողներից հազար դրամը տանելու է:

Ստացվում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են, դժգոհում են, քարկոծում են այս օրինագիծը հենց այս պատճառով, մեղմ ասած, չգիտեն, թե ինչպես է օրինագիծը դառնում օրենք, այն էլ նման` հասարակական հնչեղություն ունեցող եւ աղմկահարույց /ավաղ աղմկահարույց/ օրենքը: Այսինքն` էլի կարելի է առաջարկներ անել, լրացումներ կամ փոփոխություններ առաջարկել, բայց, եղբա'յր, օրինագիծը, սկզբունքը, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք ամեն ամիս մեր զոհված եւ վիրավորված տղերքի ընտանիքներին չնչին օգնություն ցուցաբերել, վա՞տն է, դե՞մ եք, ամոթ չէ՞…

Դեմ լինելու ուրիշ հիմնավորումներ էլ կան, օրինակ` պետությունը չի կարող իր քաղաքացուն պարտադրել, թող լինի, բայց` կամավորության սկզբունքով: Այսինքն` ես եմ, ուզում եմ իմ աշխատավարձից հազար կամ տասը հազար տալ հիմնադրամին, տալիս եմ, դու ես, չես ուզում անգամ հարյուր դրամ տալ կամ չես կարող, չես տալիս: Մի հարց` այս մարդկանց. երբ դուք որդի եք ունենում, եւ նա գնում է բանակ, իսկ նա, հիշեցնեմ, որ պարտավոր է գնալ բանակ, դուք բա չե՞ք մտածում, որ պետությունը պարտավորեցնում է ձեր որդուն ծառայել: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդ պարտավորությանը կողմ եք, ավելին` որոշ տեղերում հպարտանում եք ձեր զինվոր որդիով, բայց այս նոր ձեւավորվելիք պարտավորությանը դեմ եք: Մյուս կողմից` եթե մենք խոսում ենք պարտավորության մասին, այդ զոհված եւ վիրավորված տղան բա պարտավո՞ր էր… Ոչ ոք պարտավոր չէ, քանի որ բոլորս ենք պարտավոր, այո, պետությանը, եթե միայն այն մերն է եւ առանց խառնելու պետությունը գործող իշխանության հետ:

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այստեղ, իրոք, խնդիր կա եւ շատ լուրջ, շատ երկար պատմություն ունեցող, մոտ ապագայում չերեւացող լուծմամբ: Բանն այն է, որ Հայաստանի քաղաքացին, ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությանը չի վստահում: Այսինքն` մարդը ոչ թե չի ցանկանում հազար դրամ տալ հիմնադրամին, այլ վստահ չէ, որ իր այդ հազար դրամը հենց հիմնադրամին է գնալու, եթե անգամ սրանում վստահ է, ապա վստահ չէ, որ հիմնադրամն այդ հազար դրամները մեր տղերքի ընտանիքներին է տալու՝ ամբողջությամբ: Վստահության այս դեֆիցիտն ամենամեծ խնդիրն է, իմ կարծիքով՝ միակ խնդիրը այս պատմության մեջ եւ, առհասարակ, մեր պետության գրեթե բոլոր պատմությունների մեջ: Մնացածը կա'մ ամոթ է, կա'մ պաթոս:

Ի դեպ՝ պաթոսի մասին: Իմ կարծիքով` երբ այս օրինագիծն օրենք դառնա եւ աշխատի, շեշտում եմ` երբ աշխատի կամ եթե աշխատի, ապա բանակին, զոհված եւ վիրավորված տղերքի ընտանիքներին համաժողովրդական օգնությունը եւ սատարումը այլեւս պաթոսի ժանրից դուրս կգա: Հիմա այդ ժանրում է:

Բայց, անշուշտ, ոչ բոլոր դժգոհություններն են պաթոսահենք: Օրինակ` երբ մարդիկ ասում են, որ ավելի լավ է այս կամ այն մեծահարուստը, այս կամ այն մեծահարուստ գեներալը, այս կամ այն գործող կամ նախկին պաշտոնյայի կինն ավելի համեստ ապրի, ոչ թե` շքեղ առանձնատանը, ամեն օր մի փունջ ծաղիկ եւ նույն գույնի հագուստ գնելով, եւ այդ համեստությունից առաջացած գումարն էլ բանակին տա ու ավելի զուսպ մեքենա վարի, ճիշտ են ասում, ամեն դեպքում՝ սխալ չեն ասում, հասկանալ կարելի է: Նման մարդիկ ոչ թե չեն ցանկանում հազար դրամ տալ, այլ հոգնել են, զզվել այն վիճակից, որ իրենք կարող են միայն հազարը տալ, իսկ նրանք՝ մի քանի հազարը, այն էլ` դոլարով, բայց` վերցնելով բանակից եւ ծախսելով սեփական հաճույքների վրա: Վերցնում են ու չեն տալիս, ինչ ուզում են, այն էլ անում են:

Ամեն դեպքում` այս քննարկումը մի տեսակ ամոթ է, ու ես չգիտեմ, թե ավելի շատ ում համար` նրա՞նց, ովքեր ասում են, որ չեն կարող հազար դրամ տալ, իսկ իրականում կարող են, թե՞ նրանց, ովքեր ասում են` բոլորս հազար դրամ տանք, իսկ իրականում մի քանի հազար կարող են, բայց չեն տալու:

Մի խնդրանք բոլորին՝ տղերքին չասեք, թե` բա մենք պարտավո՞ր ենք… Չէ, ոչինչ չեն ասի, լուռ կժպտան, բայց մենք այդ ժպիտից ամեն ինչ կհասկանանք, երեւի:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica