close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը ճանաչո՞ւմ են Արցախի Հանրապետությունը

Թեմա

10 Նոյեմբերի 2016, 20:55
 ԱՄՆ-ը և Ռուսաստանը ճանաչո՞ւմ են Արցախի Հանրապետությունը

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը նոյեմբերի 8-ին հրապարակեց Արցախի Սահմանադրության նոր նախագիծը, որով Լեռնային Ղարաբաղը քայլ է կատարում իր պատմական՝ Արցախ անվանմանը լիարժեքորեն վերադառնալու ուղղությամբ: Հիմնական օրենքի նախագիծը, որը հանրային քննարկումներից, ԱԺ-ում հաստատվելուց հետո կդրվի հանրաքվեի, կոչվելու է ոչ թե Լեռնային Ղարաբաղի Սահմանադրություն, ինչպիսին ներկայումս գործողն է, այլ` Արցախի: Սակայն նախագծի առաջին հոդվածի երկրորդ պարբերությունը գրեթե նույնությամբ կրկնում է գործող Սահմանադրության այն ձևակերպումը, թե «Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»:

Ավելի վաղ` նոյեմբերի 5-ին, հանձնաժողովի նախագահ, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե տեղի է ունենում սուբյեկտի փոփոխություն, որն արտացոլվելու է Սահմանադրության առաջին հոդվածում: Սակայն փաստը, որ այդ ձևակերպումը նույնությամբ պահպանվել է՝ շարադասության որոշակի տարբերությամբ, հաստատում է, որ վերջին պահին, թերևս, որոշվել է չգնալ ԼՂ անվանումից ամբողջական հրաժարման ճանապարհով, հատկապես` այն պատճառով, որպեսզի դա չընկալվի որպես Արցախի պետական նոր կազմավորման նախաձեռնություն, այսինքն` ԼՂՀ-ի փոխարեն նոր սուբյեկտի ստեղծում: Պատճառը մի կողմից իրավական շարունակականության և նույնականության ապահովումն է, իսկ մյուս կողմից ավելի շատ ունի քաղաքական ենթատեքստ և պայմանավորված է ԼՂ հիմնահարցի չկարգավորվածությամբ, քաղաքական գործընթացում միջազգային ավելորդ դիմադրություն չհարուցելու դիտավորությամբ:

Պաշտոնական Բաքուն վերջին շրջանում արհեստականորեն սրում է սահմանադրական փոփոխությունների միջոցով ԼՂ-ն անվանափոխելու` Ստեփանակերտի որոշումը՝ այն առայժմ ոչ պաշտոնական մակարդակով բարձրացնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առջև: Երկու օր առաջ ադրբեջանական APA գործակալությունն այդ հարցը բարձրացրել էր ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ հարցազրույցում: Ի պատասխան, Զախարովան նշել էր, թե ՌԴ-ն, համանախագահող մյուս երկրները, ինչպես նաև Հայաստանը ԼՂ-ն չեն ճանաչում որպես անկախ պետություն:  «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում: Ներկայումս նոր անվանումների հայտնվելը չի ազդի Ռուսաստանի դիրքորոշման վրա»,- ասել էր նա: Դրանից հետո APA-ն խնդրո առարկայի կապակցությամբ պարզաբանում է խնդրել նաև ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքից, ով, կրկնելով ԼՂ-ն չճանաչված լինելու մասին միտքը, այսօր նաև նշել է. «Շատ կարևոր է, որ բոլոր կողմերն աշխատեն հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ՝ հիմնված Հելսինկյան Եզրափակիչ ակտի վրա, որում արտահայտված են ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի գործադրումից խուսափելու սկզբունքները»:

Հատկանշական է, որ թե՛ Զախարովան և թե՛ Ուորլիքը սեփական երկրի անունը փոխելու` արցախցիների նախաձեռնությունը փաստացի անընդունելի չեն համարել: Եթե Զախարովան շեշտում է, որ դա չի կարող խանգարել բանակցային գործընթացին, ապա Ուորլիքն, ըստ էության, ավելի կարևոր ենթատեքստային միտք է արտահայտում, ըստ որի` հակամարտության կարգավորումը չի կարող շրջանցել արցախցիների ինքնորոշման իրավունքը, որի դրսևորումներից են ոչ միայն սեփական պետության անունը փոխելը, այլև, առհասարակ, հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխություններ անցկացնելը: Սա համանախագահողների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու անուղղակի դրսևորում է, որի սլաքներն ուղղված են Բաքվի դեմ: Համանախագահները Բաքվին փորձում են հասկացնել, որ Արցախի ինքնորոշման իրավունքը համառորեն չճանաչելու` Բաքվի ներկայիս ապակառուցողական կեցվածքը, որի պատճառով բանակցային գործընթացը ապրիլյան պատերազմից հետո կրկին մտել է փակուղի, կարող է հանգեցնել ոչ միայն հանրաքվե անցկացնելու իրավունքի` միջազգայնորեն լեգիտիմացմանը, այլ նաև այդ հանրաքվեների արդյունքների ճանաչմանը:

Սա համանախագահող երկրների կողմից նմանատիպ առաջին անուղղակի զգուշացումը չէ: Նրանք գրեթե նույն կերպ են արձագանքել թե' Արցախի նախագահական վերջին ընտրություններին և թե' սահմանադրական նախորդ հանրաքվեին` ընդ որում, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի վստահ արտահայտվելով նման որոշումների ընդունման` արցախցիների իրավունքը ճանաչելու օգտին: Սա նշանակում է` որքան Արցախում հաճախակի են նման միջոցառումներ անցկացվում, այնքան Բաքուն ավելի է կանգնում փաստի առաջ, և այնքան միջազգային հանրությունն ավելի է հակվում դրանք օրինաչափ ընդունելուն:

Մի քանի ամսից նոր Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի: Որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը հերթական վայնասունն է բարձրացնելու, փորձելու է ՄԽ համանախագահներից դատապարտող հայտարարություններ պոկել: Նրանք նորից առիթ կտան համանախագահներին` անուղղակիորեն ճանաչել  արցախցիների ինքնորոշման իրավունքը՝ նման բողոքները դարձնելով ինքնանպատակ և անիմաստ:

Այս կոնտեքստում անգամ կարևոր չէ, թե սահմանադրական հանրաքվեով ինչն է ինչով փոխվում: Կարևորը նախ` հանրաքվեի անցկացմանն աշխարհին վարժեցնելն է և, հանրաքվեն մաքուր և արդար անցկացնելով, ժողովրդավարական պետականության կայացվածությունը վերահաստատելը: Դրանով Ստեփանակերտը օրակարգային է դարձնում  իրեն անհապաղ բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը: 

Գևորգ Դարբինյան 

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica