close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.57
GBP1667.37
EUR1590.67
RUB18.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր էլ ՊՆ-ն շարունակում է համագործակցությունը կամավորական ջոկատների հետ. Վարդան Ավետիսյան

Հարցազրույց

4 Նոյեմբերի 2016, 15:28
 Այսօր էլ ՊՆ-ն շարունակում է համագործակցությունը կամավորական ջոկատների հետ. Վարդան Ավետիսյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ Վարդան Ավետիսյանը:

 

-Պարո'ն Ավետիսյան, վերջին շրջանում հակառակորդը դարձյալ լարվածություն է ստեղծում առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը: Տարբեր վերլուծաբանների կարծիքով` Ադրբեջանը այդպիսով պատրաստվում է նոր լայնածավալ գործողություններ հրահրել:

- Հակառակորդն այս վերջին տարիներին և հատկապես` ապրիլյան մարտական գործողություններից հետո ավելացրել է իր սպառազինությունը, հետևաբար, վարում է դրանից բխող ագրեսիվ մարտավարություն: Բնականաբար, հայկական կողմը հետևում է հարևան պետությունում ընթացող զարգացումներին, վերլուծում հակառակորդի մարտավարությունը և համապատասխան ճշտումներ կատարում կիրառման պլաններում հակառակորդի գործողությունները կանխարգելելու և չեզոքացնելու համար: Իհարկե, երբեք չի կարելի բացառել լայնածավալ մարտական գործողությունների վերսկսումն առաջնագծում: Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացումը փաստում է, որ Ադրբեջանը փորձում է ստուգել հայ դիրքապահների զգոնությունը, առաջնագծի դիրքերի հագեցվածությունը և ինժեներական ամրաշինական կառույցների հուսալիությունը: Մեր հակառակորդը նույնն է, նույն ռազմատենչը: Փոխվել կամ, ավելի ճիշտ, համալրվել է միայն նրա սպառազինությունը: Փոխվել է միայն առաջնագծում հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափը:  Հուսով եմ, որ հայկական ստորաբաժանումների գրագետ գործողությունները, ինչպես նաև ադրբեջանական վերջին դիվերսիոն փորձերի տապալումը կստիպեն հարևան երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետևություններ անել և համակերպվել մեր սահմանների հուսալիության ու հայկական երկու պետությունների զինված ուժերի անպարտելիության հետ:

-Ապրիլյան մարտական գործողությունների օրերին աննախադեպ էր մեր աշխարհազորայինների` կամավորականների համախմբումը: Գաղտնիք չէ, որ Դուք եք համակարգել այդ շարժումը:

- Այդ համախմբումը, կամավորականների մեկնումն առաջնագիծ համակարգել է պաշտպանական գերատեսչությունը: Իսկ համախմբման գաղտնիքը մեր հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտության գիտակցումն էր, որը և հազարավոր կամավորականների միակամության հիմքը դարձավ: Ի պատիվ բոլորիս, համախմբվելով նույն գաղափարի շուրջ, կարողացանք կարճ ժամանակահատվածում կազմակերպել կամավորականների մեկնումն առաջնագիծ ու իրականացնել բաշխում` ըստ շրջանների: Նաև պահեստազորայինների ու կամավորականների հերոսական գործողությունների շնորհիվ կասեցվեցին հակառակորդի հետագա առաջխաղացումն ու Բաքվի մտադրությունները: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ միասնական է, և պատերազմի բովով անցած կամավորականների, ժամկետային զինծառայողների ու սպաների համատեղ գործողություններով դիմագրավեցինք հակառակորդի գործողությունները:

-Իսկ այսօր ինչպե՞ս է տեսնում պաշտպանության նախարարությունը համագործակցությունը կամավորականների հետ, ինչպե՞ս է օգտագործվելու կամավորականների, նաև պահեստազորում գտնվող նախկին զինվորականների ներուժը:

- Մենք այնպիսի աշխարհագրական դիրքում ենք գտնվում, որ դեռ երկար ենք ունենալու մեր հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ զինված ուժեր պահելու անհրաժեշտու­թյուն: Հայկական բանակը կազմավորվել է կամավորական ջոկատների հենքի վրա: Արցախյան ազատամարտի մասնակից հազարավոր տղաներ` ամենատարբեր մասնագիտություններով և նախասիրություններով, իրենց ներդրումն են ունեցել մեր զինված ուժերի կայացման գործում: Նաև ապրիլյան օրերին բազմաթիվ երիտասարդներ դարձան կամավորականներ, սատար կանգնեցին մեր զինվորներին, ամուր թիկունք եղան զինված ուժերի ստորաբաժանումներին և նպաստեցին Հայաստանի ու Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը և մեր սահմանների պաշտպանության կազմակերպմանը:

Ինչ վերաբերում է պահեստազորայինների ներուժի օգտագործմանը, ապա այսօր էլ պաշտպանության նախարարությունը շարունակում է համագործակցությունը կամավորական ջոկատների հետ, և աշխատանքներ են իրականացվում այդ համագործակցությունն առավել կանոնակարգելու համար: Պարբերաբար իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման ու պատրաստման վարժական հավաքներ, և անհրաժեշտության դեպքում կամավորականների, պահեստազորայինների ներուժն ու փորձառությունը օգտագործվելու են հայրենիքի անվտանգության ապահովման համար: Թեև ընդգծեմ` մեր զինված ուժերն այսօր համալրման խնդիր չունեն և ԶՈւ բոլոր ստորաբաժանումներն իրենց ենթակառույցներով հստակ իրականացնում են առաջադրված խնդիրները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը շահագրգռված է կամավորականների համար նոր սոցիալ-իրավական երաշխիքներ ձևավորելու  ծրագրերի իրականացմամբ ու այդ ուղղությամբ համագործակցում է շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ:           Բացի այդ` ՊՆ ղեկավար կազմը պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ է ունենում կամավորական ջոկատների հրամանատարների, ազատամարտիկների հետ, պարզում խնդիրներն ու փորձում գտնել դրանց լուծման տարբերակները:

Մեր նպատակն է, որպեսզի կամավորականները երբևէ իրենց բանակից կտրված, մեկուսացված և առանձին չզգան, այլ հակառակը` գիտակցեն, որ հենց իրենցով է սկսվել մեր բանակի պատմությունը: Նրանք օրինակ են հանդիսանում երիտասարդության համար և պետք է մասնակցեն աճող սերնդի` որպես Հայրենիքի պաշտպանների դաստիարակության գործընթացին: Նրանք են, որ պետք է աջակցեն երիտասարդության մեջ հայրենասիրության և, ինչու ոչ, նաև բանակային կարգա­պահության ամրապնդմանը` դրանով իսկ նպաստելով մեր պետության պաշտպանունակության առավել ամրապնդմանը:

-Այսինքն` այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացրած նոր տեսլականը, որում կարևորագույն դերակատարություն ունի «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, կդրվի ծրագրային հիմքերի վրա և կյանքի կկոչվի:

Հայ ժողովրդի համար զինվորականը միշտ եղել է ազգային անվտանգության ապահովման երաշխավորը: Բանակի հզորության զարգացման համար չի խնայվել ոչինչ: Եվ «Ազգ-բանակ» գաղափարախոսական հենքի վրա խարսխված «Հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» ռազմավարական սկզբունքն այսօր առավել քան արդիական է: Այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է միավորվել հզոր, անկոտրում բանակ ստեղծելու գաղափարի շուրջ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը ենթադրում է, որ մեր պետության կառավարման բոլոր մարմինները, քաղաքական ու հասարակական հոսանքները` մի կողմ թողնելով տարաձայնությունները, յուրաքանչյուր ոք պետք է վերլուծի և հասկանա, թե ինչպես կարող է նպաստել պետության պաշտպանունակությանը, առկա խնդիրների լուծմանը: «Ազգ-բանակ» գաղափարախոսական հենքի վրա հիմնված արժեհամակարգի արմատավորումը թույլ կտա հանրային իրազեկման, բանակ-հասարակություն կապի և զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ընդլայնման, կոռուպցիայի և հովանավորչության դեպքերը բացառելու միջոցով լուծել արդարության ու թափանցիկության մթնոլորտի ամրապնդման, բանակում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորման խնդիրները: Սա նշանակում է գնալ մեկ քայլ առաջ և առավել ամուր հիմքերից՝ ներգրավելով հասարակության բոլոր շերտերին, նոր թափով զարկ տալ զինված ուժերի զարգացմանն ու հայրենիքի պաշտպանունակության ամրապնդմանը: Մշտապես պետք է զարգացնել մեր ազգի ներուժը ու այդ կերպ ապահովել մեր Հայրենիքի  հարատևությունը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica