close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+1°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԹՈՒՄՈ

Հարցազրույց

3 Սեպտեմբերի 2011, 10:20
 ԹՈՒՄՈ

Սիմոնյան կրթական հիմնադրամի դռները բացվում են ուղիղ 40 տարի անց, երբ նույն Երեւանում բացվեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահը: Հետո Հենրիկ Իգիթյանը Երեւանի բակերից երեխաներին կանչեց-տարավ Մանկական գեղագիտական կենտրոն՝ նկարելու, ծեփելու, գոբելեն գործելու: Այդքան շատ նոր նկարիչների կարիք Երեւանը չուներ, բայց Երեւանն ունեցավ նկարող երեխաների հաջորդափոխ սերունդներ՝ մինչեւ հիմա:

Այս դարի քամին սիլիկոնային հովտից է փչում. համակարգչային դաստիարակությունն ավելի պակաս ստեղծագործական չէ՞: Հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը համաձայն չէ. «Այստեղ ուժերդ ես զարգացնում ստեղծագործելու, ճկունություն ես ապահովում մտածելակերպիդ մեջ: Օրինակ` մեր դասընթացների մեջ մաս է կազմելու անիմացիոն ֆիլմ դիտելը: Անիմացիա ո՞նց կանես, եթե ֆիլմերը չես դիտել: Խմբային աշխատանք պետք է սովորեցնենք, հարգել ընկերոջ աշխատանքը: Էթիկան պիտի ցույց տանք, որ ինտերնետում չի կարելի ընդօրինակել մի բան եւ քո գաղափարին վերածել: Նպատակը այդ է ընդհանրապես, որպեսզի առողջ մթնոլորտ լինի այստեղ: Ոչ թե, որ ասում ենք՝ Հայաստանի մեջ առողջ մթնոլորտ չկա, այլ որ մենք երեխաներին համարում ենք մեզ հավասար, ոչ թե՝ երեխա են, բան չգիտեն»:

- Սերժ Թանգյանից հետո ի՞նչ անակնկալ եք անելու:

- Ունենք համերգ հոկտեմբերի սկզբին, որը դեռեւս կոնկրետացած չէ, դրա համար թերեւս իրավունք չունենք ասելու: Նպատակ ունենք, որ այգու տարածքում միշտ ունենանք երեխաներին ուղղված գոնե մի ձեռնարկ, երիտասարդության ուրախ մթնոլորտ:

- Թումո անունը չե՞ք փոխի, չէ՞:

- Հուսով եմ, որ չենք փոխելու. ժողովուրդն արդեն Թումանյանի այգին այդպես էր կոչում:

- Ի դեպ, Գաբրիել Գարսիա Մարկեսին շատերն են Գաբո անվանում, եւ նրան ամենեւին խորթ չէ այդ անունը: Իսկ նկատե՞լ ես՝ տարբեր երկրներում ապրող հայ երեխաները շա՞տ են տարբեր:

- Գրեթե չկա տարբերություն, շատ քիչ: Հնարավորություն է պետք տալ երեխային: Ամերիկայի հայերը մի քիչ մակերեսային են թվում, դե այնտեղ հնարավորությունները շատ են, մի քիչ «շփացած» են: Այստեղ էլ կան, գալիս են մեզ մոտ, ծնողների ավտոներից եմ դատում: Բայց դա կապ չունի, բոլորին հավասար ենք վերաբերվելու:

- Իմացա, որ դիմած երեխաների մեջ տղաներն ավելի շատ են: Զարմանալի է, քանի որ մեզ մոտ աղջիկներն են ավելի ակտիվ:

- Պարզապես տղաներն ավելի են ինֆորմատիկա սիրում, քան աղջիկները: Կարծում եմ, որ մի քիչ էլ ամաչկոտություն կա, որ «վայ, ես աղջիկ եմ», անիմացիա չեմ կարող անել, բայց մենք պիտի քաջալերենք աղջիկներին:

- Բացառվո՞ւմ է կողքից քաղաքական դաստիարակությունը:

- Չի լինելու: Այս կենտրոնը քաղաքականության հետ որեւէ կապ չունի: Արգելվելու է ինչ-որ մեկին փորձ կատարել երեխաներին օգտագործել քաղաքականության համար, որովհետեւ քաղաքական կենտրոնի չպիտի վերածվի: Սա պարզապես արտադպրոցական կրթական ծրագիր է, ոչ քաղաքական նպատակ ունի, ոչ էլ ունենալու է:

- Գյումրեցիները բողոքում են` ինչո՞ւ միայն Երեւանում:

- Ինքը գաղափարով առաջին անգամ իրականացվող, յուրահատուկ ծրագիր է: Մի քանի ամիս փորձարկենք, եթե իսկապես հաջողվում է, ինչո՞ւ չէ, կարելի է գտնել բարերար, որի միջոցով կարող ենք այս մոդելը տարածել, կամ ուրիշները տարածեն, տարբերություն չկա: Խանութ բացելուց մի խանութ կբացես, եթե հաջողվի, հետո կավելացնես երկրորդ խանութը, երրորդ խանութը: Միանգամից տասնհինգ խանութ չես բացի, չիմանալով` այդ խանութը կաշխատի՞, թե ոչ:

Մարի Լու Փափազյանը ծնվել է Եգիպտոսում, հայկական դպրոց ավարտել Լիբանանում, ճարտարագետ-ճարտարապետի մասնագիտությունն ստացել Բեյրութի ֆրանսիական համալսարանում, շինարարականը՝ Նյու Յորքում, մանկավարժականը՝ առցանց, Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի քոլեջում, երբ արդեն հինգ երեխայի մայր էր: Ամուսինը՝ Բեկոր Փափազյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի նախկին գործադիր տնօրենն է. «Դասընկերներ ենք մանկապարտեզից: Ճեմարանից հետո ես ֆրանսիական համալսարան գնացի, ինքը` ամերիկյան: Նույնիսկ մեր ընտանիքները հեռու ազգականներ են, բայց հաշվել են, որ արանքում յոթը պորտ կա, ասել են` կարող եք ամուսնանալ»:

Բոլոր 5 երեխաները՝ Վահագնը, Սուրենը, Մարկը, ինչպես նաեւ աղջիկ ու տղա զույգը՝ Վեմն ու Սանահինը, ծնվել են Իսպանիայում. «Հետո պիտի արդեն վերադառնայինք Ամերիկա, որովհետեւ մեր երեխաները մեծանում էին ու օտարացել էին: Մենք իրենց հետ հայերեն էինք խոսում, բայց այդ տարիներին՝ մինչեւ 1997թ., հասկանում էինք, որ չկա հնարավորություն հայ մեծացնելու Իսպանիայի մեջ: Հիմա է, որ Իսպանիայում 7000-ից ավել հայ կա: Մայրս մի անգամ եկավ, հեռախոսի գիրքն առավ ու էջ առ էջ հայ էր փնտրում. միայն երեք-չորս ընտանիք գտավ»:

Եղբոր՝ Րաֆֆի Արտհալճյանի հետ ինտերնետային մի քանի դպրոցական ծրագիր է իրականացրել, երբ դեռ ինտերնետը նորնոր էր հաստատվում աշխարհում, իսկ Հայաստանում համարյա չկար: Լոս Անջելեսից իրար էին կապում Սփյուռքի տարբեր գաղթօջախների եւ Հայաստանի դպրոցները՝ կոնֆերանսների, չաթերի, խաղերի մասնակցելու համար. «Չորս տարի հետո այս ծրագիրը փակվեց, որովհետեւ ֆինանսավորումը դժվար էր ապահովել, տարեկան հարյուր հիսուն հազար պետք էր, որպեսզի մանավանդ այստեղի դպրոցներում հետեւողներին վճարումներ անեինք: Ու ամեն տեղ ինտերնետ չկար, Գյումրիի երեխաներին պետք է ավտոբուսով բերեինք Երեւան, որ մասնակցեին»:

- Ու որոշեցիք ինքներդ գալ Հայաստան:

- Լոսի կյանքը մեզ իբրեւ հայ չէր բավարարում, մի քիչ հուսախաբվել էինք: Որոշեցինք առիթ գտնել Հայաստան տեղափոխվելու: Բեկորը ԱՄՆ-ի դեսպանատանը գործի ընդունվեց, ու 2005թ. եկանք Հայաստան: Առաջին տարին UNDP-ն կրթական համակարգի ուսումնասիրություն պատրաստեց, որի մեջ ես մի բաժին ունեի, տեսլականը` կրթությունը Հայաստանում ինչ կարող է լինել եւ ուղղությունը, այն ժամանակ տեսլական բառը մի քիչ խորթ էր հնչում, հիմա այն ավելի առօրեական է դարձել:

- Ո՞ւմ տեսլականով ծնվեց այս կենտրոնի գաղափարը:

- Հենց 2005թ. Սեմ Սիմոնյանն ինձ հետ կապվեց, ասաց, որ լսել է իմ աշխատանքի մասին, շատ հավանել իմ կայքը, ու թե՝ այսպիսի շենք ենք սարքում, ունեմ գաղափարներ, ուզում եմ միասին քննարկենք: Միասին շարունակեցինք իր սկսած գործը:

- Շատ վաղուց այս տարածքում ռեստորանի վերածված մի ինքնաթիռ կար:

- Ինքնաթիռի մասին լսել եմ, չեմ տեսել: Իսկ այս շենքը, ես որ եկա, կային միայն դրսի պատերը: Նպատակը առաջին երկու հարկը ինտերնետային ակումբ սարքելն էր, բայց 2005-6-ին արդեն հնացած էր այդ գաղափարը: Հանդիպեցի Սեմի հետ, Բեկորի հետ գրեցինք շատ հետաքրքիր ծրագիր՝ մեր երազն էր: Նույնիսկ պատահել էր, որ ճոպանուղու կլոր շենքի մասին ասում էի` մեկը սա ինձ տար, ես իմ «Երեք նուռ»-ի ինտերնետային ծրագիրը կշարունակեի: Եվ պատահեց, որ Սեմը մեզ հետ կապվեց, չգիտեմ, կարծես երկնքից ընկավ: Տեւեց վեց տարի շենքը ավարտելը, ճարտարապետական ներքին ծրագիրը մեր գաղափարաբանությանը բերելը, ճիշտ հավասարակշռությունը գտնելը, տեխնոլոգիաները, ծրագրի բովանդակությունը: Հավատացեք, որ մեկ րոպե չենք կանգնել վեց տարվա մեջ:

- Արդեն Հայաստանի քաղաքացիությո՞ւն էլ ունեք:

- Դեռ չենք դիմել, Բեկորը պիտի դիմի, ես` մտածում եմ, որ առավելություն չկա: Ինձ այդ թուղթը չէ, որ հայ է սարքում:

- Քանի՞ տարի եք պատրաստվում մնալ Հայաստանում:

- Միշտ: Երեխաները, հավանական է, որ իրենց երկրորդական ուսումը դուրսը ստանան: Վահագնը, որը Հարվարդ ընդունվեց անցյալ տարի, ասում է` ես հետ եմ վերադառնալու Հայաստան, ոնց որ հայրս ու մայրս արեցին: Կարեւորը իր այդ մտածելակերպն է, թե կյանքը ինչ կբերի` չգիտեմ:

- Ի՞նչ պիտի բերի կյանքը, որ գնաք Հայաստանից:

- Չգիտեմ: Չեմ պատկերացնում: Նույնիսկ չեմ էլ ուզում մտածել այդպիսի բան, չի լինելու, հուսով եմ:

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica