close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2017
+8°
+8°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2017
USD1486.70
GBP1604.58
EUR1515.17
RUB18.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Կյանքն ի սկզբանե եթե է. Մարիամ Խուրշուդյանի «Եթե»-ն

Թուղթուգիր

3 Նոյեմբերի 2016, 16:35
 Կյանքն ի սկզբանե եթե է.  Մարիամ Խուրշուդյանի «Եթե»-ն

Ներկայացնում ենք Մարիամ Խուրշուդյանի երկրորդ` 2016-ի օգոստոսին հրատարակված «Եթե» ժողովածուից որոշ ստեղծագործություններ:

***

Սիրում  եմ  ԵԹԵ-ն  ու  ԲԱԶՄԱԿԵՏԸ: Կյանքն ի սկզբանե եթե է  ու... եթե-ն մեզանում է, մեր ծնունդից առաջ: Ապացույց՝ մեր ծագումը… եթե մեր ծնողներն իրար չհանդիպեին,եթե  հանդիպման առիթ չհանդիսանար այս կամ այն երևույթը, եթե, եթե․․․

Բացատրությունների ու պարզաբանումների հսկա հանրագիտարան է եթե-ն, նաև՝ լռության շտեմարան, իր մեջ ամփոփած անցյալը, ներկան և գալիքը:

Գիրքս  ԵԹԵ  եմ անվանել: Մտքերս, խոհերս, հոգուս  արտացոլանքն ու երևակայութունս է զետեղված  ԵԹԵ-ի ներքո:  Համոզված եմ` ընթերցողս իրենից մասնիկ կգտնի ու կբավարարվի կարդացածով. դա  էլ  կլինի  իմ առաքելությունը: Թերևս  այսքանը: Մնացածն առջևում է:

 ***

1, 2, 3, 4... Ճմրթված ծխախոտի տուփ                               

Դու և համակարգիչը:
Դու, ծխախոտն ու համակարգիչը:
Դու՛ ես... ու ես չկամ,
Չկա իմ պատմությունը:
Ես չկամ:
Մոխրամանը լեփ լեցուն է:
Այրված ծխախոտը մխրճվում է սեփական մոխրի մեջ ու ջնջում իմ հետքերը:
1, 2, 3, 4... ու ճմրթված ծխախոտատուփ:
Հետզհետե ավելացող մոխրացած հետքեր:
Չկա ոչ մի հարց: Ու չեղած հարցին պատասխան պետք չէ:
Դու, համակարգիչն ու անծանոթուհին և նրա շուրջը հյուսվող պատմությունը:
Անծանոթուհին րոպեներ անց քո ամենածանոթ անծանոթուհին է:
Դու, նա ու աշխարհը, որը փոքրացել է ու տեղավորվել այն սենյակում, որտեղ նաև ձեզ միավորող համակարգիչն է:
Ձեր մտքերը մատերի օգնությամբ լրացնում են իմ թողած դատարկությունը:
Ու անպատեհ մի զանգ:
Ձեռքդ ստեղնաշարից ծուլորեն դեպի հեռախոսն է ձգվում:
ՈՒ ցնցող մի գույժ:
Աշխարհը սենյակից դուրս փախչելով տարածվում է դեպի անորոշություն:
Սենյակը լցվում է ինձանով:
Ես՛ եմ իմ անցյալով ու դու:
Ու չասված խոսքեր, որոնք այլևս ասել չես կարող:
Դու ես, ծխախոտը և ուրիշ ոչինչ:
25 .05.2015

Գարունը կգա

 Ես եմ...
Քեզնից մնացած
Վերջին թիթեռը
Հիշողությունն է,
Որն այս գարնանը
Չի թրթռալու,
Չի մահանալու
Հաջորդիվ ծնվող
Հեքիաթի հույսով...
Ես եմ...
Գարունը կգա,
Անձրև կբերի...
Անձրևների մեջ
Քեզ չեմ փնտրելու:
Գարունը կգա
Ծաղիկ կբերի...
Իմ ծաղիկները
Ի՛նքս եմ քաղելու:
Գարունը կգա
Հրաշք կբերի...
Ու ես, իմ ԵՍ-ով
Բացակա ԴՈՒ-իդ
Կասենք՝ հարգելի:

24.01.2016

Արջուկս

Արջուկիս լողացրեցի,

Աթոռակին ես կանգնեցի

Ու պարանից կախեցի,

Որ նա արա՛գ չորանա:

Խաղով ընկա ու հոգնեցի

Եվ մի փոքր ննջեցի:

Երբ արթնացա՝ վազեցի

Արջուկիս մոտ իմ փամփլիկ,

Բայց նրան ես չգտա՝

Նա կախված չէր պարանից:

Այս ու այն կողմ նայեցի,

Ես ամենու՛ր փնտրեցի,

Բայց նա չկար ու չկար:

Մտածեցի, որ արջուկս

նեղացել ու հեռացել է ինձանից:

Տխուր-տրտում ես տուն մտա

Ու մայրիկիս փարվեցի:

Մայրս ժպտաց,

Ինձ գիրկն առավ,

Ու ասաց.

-Քո արջուկը չորացել էր,

Ես նրան ներս բերեցի,

Որ քամու հետ նա չխաղա՛,

Ու նրա հետ չհեռանա:

Այժմ նստած քեզ է սպասում,

Ահա՛ նա:

Նկարում եմ

Մայրիկիս համար արև նկարեմ,
Որ միշտ շողշողա՛ գլխավերևում:
Մայրիկիս համար լուսին նկարեմ,
Որ հանգի'ստ քնի գիշերվա մթում:
Մայրիկիս համար կաղնի նկարեմ,
Որ նա զովանա՛ նրա շվաքում:
Հայրիկիս կտամ այն մեծ նկարը,
Որ նկարել եմ ամենասկզբում:
Նկարում՝ ես եմ,
Բայց ես մենակ չեմ,
Փոքրիկ եղբայրս է մայրիկիս գրկում,
Ու նաև հայրս է,
Նա մե՛զ է ժպտում:

Անդառնալին

Ես նկարիչ եմ: Անունս Վան է: Ես Վարպետ Վանն եմ: Վաղուց եմ ապրում: Հիմնվել ու զարգացել եմ լուսավոր մարդու արգանդում ու նրա անարժան զավակն եմ:Հիմա շարադրեմ՝ ինչու անարժան:Որպես որդի ու քիչ թե շատ իրեն նկարիչ համարող մեկը, ցանկանում էի ու պարտավոր էի նկարել մորս դիմանկարը: Ու նկարեցի:Նկարեցի օրեր շարունակ,հետո շաբաթներ դարձան,հետո ամիսներ... Օգտագործեցի այն բոլոր գույները,որոնք նա իր մեջ էր կրում, բայց չգտա ու չհաղորդեցի այն կարևորը,ինչն ամբողջական ու իրական կդարձներ նկարը: ԵՍ ԿՈՐՑՐԵԼ ԷԻ ՆՐԱ ՀԱՅԱՑՔԸ: Ինձ հանդիպած, խնձոր կերած բոլոր ԵՎԱ-ների մեջ դա՛ էի փնտրում:Երեք կին եմ ունեցել,սիրուհիներ ու բնորդուհիներ եմ ունեցել...չկար ու չկար:
Ու ես ինձ համարեցի անարժան զավակ և չկայացած նկարիչ:Հիասթափվեցի ինձանից էլ,իմ ստեղծած-չստեղծածից էլ:
   Նստել եմ մորս նկարի առաջ, ու մոգի կերպարով պարուրված, հիշողոթյունս եմ փորփրում: Ծխախոտս հասել է իր տրամաբանական ավարտին, ու այնպես քար կտրած եմ նստել,որ համառորեն երկարած մոխիրը չի ուզում ընկնել: Չէ՛, չկա...
  Մայրս գեղեցկուհի չէր,բայց աշխարհի ամենագեղեցիկ մայրն էր ու աշխարհի ամենահալեցնող հայացքով էր ինձ նայում, ու ես,անարժանս, կորցրել էի այդ հայացքը:Կորցրել էի այն պահից,երբ կորցրեցի մորս: Ու հիմա նայում եմ անկենդան նկարին և ուզում եմ այն բաժանել մասերի,տասնյակ,հարյուրավոր  մասերի: Հետո մի սպիտակ թուղթ վերցնել ու մեխ նկարել: Այն չարաբաստիկ ՄԵԽԸ, որն այդպես էլ չհայտնվեց ԻՄ ամենացանկալի նկարում:

18.02.2016

Երգում էր շվին…                                              

Ինչ-որ տեղից շվիի քաղցր հնչյուններ էին լսվում: Մեղմ քամին տարածում էր մեղեդին: Քաղաքի միակ զբոսայգին, օրվա այս ժամին, մարդաշատ չէր: Արևը գլորվելով դեպի մայրամուտ էր գնում, և օրը մեղմ երեկո էր ավետում: 
Փոքրիկ քաղաքի միակ զբոսայգին կամաց-կամաց հավելվում էր մարդկանցով: Մշտադալար թփերի և նրբերանգ ծաղիկների համադրությունը լրացվում էր քարե քանդակներով, որոնք այնքան կենդանի էին, ասես հոգի ունեին ու թվում էր, շունչ կառնեն ու կխառնվեն մարդկանց: 
  Քամին դադարեց:Լուսավառվեցին լուսարձակները: Այգին տոնական ու հյուրընկալ տեսք ընդունեց: Շվին դեռ հնչում էր: 
Այգու կենտրոնական մասում,շրջանաձև ծաղկանոցի հարևանությամբ, փոքրիկ նստարան էր տեղադրված, որի մետաղյա հենարանը գեղեցիկ զարդանախշ էր հիշեցնում: Փոքր-ինչ կծկված մի տղամարդ նվագում էր: Երաժիշտը միջին տարիքի էր, ով սակայն առավել, քան ծերունո՛ւ կերպարանք ուներ: Նվագում էր առանց դադարի, երբեմն ճակատի քրտինքը սրբելով, թանաքագույն թաշկինակ հիշեցնող լաթով: Կողքին փոքրիկ փայտե արկղ էր դրված, որի ներսը թավշե կտորով երեսպատված էր: Արկղը դատարկ էր:
  Ու շվին երգում էր: Օտար քաղաքում, օտար մեղեդի էր թափառում: 
Երեկոն թանձրանում էր: Այգու ետնամասը փոքրիկ արահետ էր հիշեցնում՝ կամարաձև կախովի կանաչապատ ծածկով, մագլցող վարդերով ու վայրի խաղողով թաթախված: Այնքան բուրումնավետ էր ավարտը, որ ակամայից ետ վերադառնալու ու կրկրին այգի մտնելու ցանկություն էր առաջանում: 
  ՆԱ  այն շատերից էր, ով ենթարկվեց այգու չգրված օրենքին,ամուր բռնելով շան պարանը, կտրուկ շրջվեց ու ետ վերադարձավ: Շունը վնգստալով փորձում էր համառել,ի վերջո ենթարկվեց:
Երիտասարդը բարձրահասակ էր, թուխ մաշկով ու կանաչավուն աչքերով, ինչը աննկարագրելի հմայք ու խորհրդավորություն էր հաղորդում արտաքինին: Շանը գրեթե քարշ տալով, հասավ այգու կենտրոն, ու նկատելով նստարանին կծկված երաժիշտին, կտրուկ կանգնեց: Մի քանի րոպե սպասեց, հետո մոտեցավ նրան ու սկսեց ծափահարել: Անցորդները շրջվեցին, ետ վերադարձան ու շրջապատեցին նրանց: Երիտասարդը հայացք նետեց հավաքվածներին,ձեռքը ծոցագրպանը տարավ, դրամապանակը հանեց,մոտեցավ նստարանին,թղթադրամը նետեց արկղի մեջ ու արագ վերադարձավ կայանատեղին հսկող շան մոտ: Մի քանի վայրկյան լռություն տիրեց: Հանկարծ ավելի բարձր ու առավել հնչեղ տարածվեց շվին: Մարդիկ, քարե արձաններին կրկնօրինակելով, անշարժացած լսում էին: Հետո նրանք էլ մոտեցան ու թղթադրամներ նետեցին: Փոքրիկ արկղը բերնեբերան լցվեց:
Համերգն ավարտվեց: Երաժիշտը շնորհակալ հայացքով մոտեցավ երիտասարդին. 
-Հայ ե՞ս,-հայրաբար թևը բռնելով, հարցրեց:
Պատասխան չլսելով,ավելի ջերմ հպվեց թևին, ու կրկնեց հարցը: Երիտասարդը մեղավոր ժպտաց, ու ձեռքը տանելով ականջը, հասկացրեց, որ...չի լսում: Երախտագիտություն արտահայտող ժպիտը քարացավ երաժիշտի դեմքին, մի քանի վայրկյան անշարժացած կանգնեց, հետո բաց թողեց երիտասարդի թևը, մոտեցավ նստարանին, արկղի կողքին դրված պարկանման պայուսակից մի շվի հանեց ու պարզեց նրան...
  Փոքրիկ քաղաքի միակ զբոսայգում շվին էր երգում:
01.08.2015

ԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ
28 Փետրվարի 2017, 12:09 HES_VIDEOԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica