close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լրագրողական մրսածություն

Հարթակ

1 Նոյեմբերի 2016, 19:10
 Լրագրողական մրսածություն

Ազգային ժողովին եկող տարի ավելի քիչ փող են տալու, քան այս տարի` 54 մլն դրամով ավելի քիչ: Հանուն արդարության ասենք, որ ԱԺ-ին ուղղված փողը ոչ թե ուղիղ մտնում է պատգամավորների գրպանը կամ էլ, ենթադրենք, ԱԺ-ի նախագահության` գումարած հանձնաժողովների նախագահների եւ այս բոլորի սիրելիների, այլ միտված է արդյունավետ դարձնել օրենսդիրի աշխատանքը: Օրինակ` եթե լրագրողների սենյակում համակարգիչը հնանում, անպետքանում կամ փչանում է, այդ գումարով են վերականգնում: Կամ` խորհրդարանի շենքում ջեռուցման հարցերն են լուծում, որպեսզի պատգամավորները չմսրեն, իսկ մրսած մարդը, հասկանալի է, մտածել չի կարող, այն պարագայում, երբ պատգամավորը պարտավոր է մտածել, եթե ոմանց մոտ չի ստացվում, ապա՝ գոնե ձեւացնել: Մի խոսքով` հաջորդ տարի ԱԺ-ում փողը 54մլն դրամով քիչ է լինելու: Բայց սա` իմիջիայլոց:

Թեև հաջորդ տարին սարերի հետեւում չէ, բայց դեռ բավականին ժամանակ կա՝ այս տարի: Իսկ այս տարի, կոնկրետ խորհրդարանի շենքի ջեռուցման առումով, ԱԺ-ն բավական լուրջ տնտեսել է: Դե, օրինակ, ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում, երբ ողջ երկրում նկատվում էր բավականին ցածր ջերմաստիճան, եւ այն սեզոնն էր, երբ դրսում թեև տաք է, բայց շինության ներսում՝ ցուրտ, խորհրդարանի տնտեսական ղեկավարությունը, իսկ գուցե քաղաքական ղեկավարությունը որոշել էր, որ շենքում կարող են տաքանալ ոչ բոլորը: Ավելի կոնկրետ՝ պատգամավորները կարող են, իսկ, օրինակ, լրագրողները՝ ոչ: Բանն այն է, որ ջեռուցված էին պատգամավորների սենյակները, նիստերի դահլիճը, բայց ցուրտ էր լրագրողների համար նախատեսված սրահներում:

Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ո՞րն է այս տնտեսական, գուցե քաղաքական որոշման պատճառ-հիմնավորումը, չի բացառվում, որ այսպիսով խորհրդարանը վերաբերմունք է հայտնում լրագրողական գործունեության, լրագրության դեմ` առհասարակ՝ ցույց տալով, որ, իր կարծիքով, լրագրությունը մտածելու հետ ոչ մի կապ չունեցող մասնագիտություն է, ի տարբերություն պատգամավորական գործունեության: Այսինքն` լրագրողները կարող են մրսել, միեւնույն է՝ չեն մտածում: Մյուս կողմից` կրկին չի բացառվում, որ այս կերպ խորհրդարանը պարզապես մեսիջ է հղում լրագրողներին, որ ԱԺ-ի շենքում ամենեւին էլ ուրախ չեն լրագրողների ներկայությանը, եւ եթե, այդուհանդերձ, նրանք անկոչ հյուրի պես գալիս են, ապա ստիպված են մրսել: Չե՞ք ուզում մրսել, մի' եկեք, ձեզ խնդրո՞ւմ են: Մի խոսքով՝ տարբերակներն անհավանական շատ են եւ անհավանական: Դրանցից մեկով` խորհրդարանի ղեկավարությունն ուղղակի որոշել է տնտեսել եւ այդ մի քանի կոպեկն ուղղել մեր երկրի բարօրությանը եւ բանակի սպառազինության շեշտակի բարձրացմանը: Ինչեւէ, ինչպես ասում են, քանի դեռ ճշմարտությունը չգիտես, եզրակացություններ մի' արա, սակայն ազատ եղիր ենթադրություններիդ մեջ:

Փաստն այն է, որ այս տարի լրագրողները խորհրդարանում մրսել են, եւ եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարի խորհրդարանը 54 մլն դրամի չափով քիչ ֆինանսական մուտք է ունենալու, նշանակում է, որ հաջորդ տարի լրագրողները ԱԺ-ում սառչելու են: Ի՞նչ կլինի հետո, շատ հեշտ է տրամաբանել: Պատգամավորներն իրենց տաք սենյակներում եւ նիստերի դահլիճում ջերմ-հայրենասիրական, խրոխտ-պետականամետ, հպարտ-ազգային օրենքներ կընդունեն, բայց մարդ չի լինի, որ այդ օրենքները ներկայացնի ժողովրդին, քանի որ ներկայացնողները սառած կլինեն: Իսկ երբ դու թեկուզ հանճարեղ բան ես անում, բայց այն չի ներկայացվում, ուրեմն դու հանճարեղ բան չես արել:

Մտածում եմ` կարո՞ղ է մեր խորհրդարանն անցած հոկտեմբերի ընթացքում մի շարք ընտիր օրենքներ է ընդունել, պարզապես այդ լրագրողները չեն տեղեկացրել մեզ…

 Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica