close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմ չի լինելու, չէ՞

Հարթակ

31 Հոկտեմբերի 2016, 20:39
 Պատերազմ չի լինելու, չէ՞

Դուք պատերազմից վախենո՞ւմ եք, համաշխարհային չէ, նորարցախյան կամ հայրենական: Օրինակ` ԼՂՀ ՊԲ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար»: Անցյալ գիշեր էլ, նույն աղբյուրի տեղեկացմամբ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ նկատվել են ադրբեջանցի զինվորներ, ովքեր ականազերծում են կատարել: Ճիշտ է, մերոնք կրակ են բացել, նրանք էլ հետ են շպրվել, բայց ինչո՞ւ է ադրբեջանական կողմն ականազերծում տարածքը, որ ի՞նչ անի, ներթափանցի՞…

Մի խոսքով` դուք՝ չգիտեմ, բայց ես վախենում եմ պատերազմից` անգամ վստահ լինելով, որ հաղթելու ենք: Նույնիսկ` եթե մեկն ինձ ասի, որ բոլորս ողջ ենք մնալու եւ հաղթելու ենք, միեւնույն է, վախենում եմ: Բա որ չմնա՞նք, նկատի ունեմ՝ բոլորս, այդ ո՞ր պատերազմից են բոլորը ողջ մնացել, որ մեր պատերազմից հետո մնան: Այդ ո՞ր հաղթանակն է ավելի կարեւոր եղել մոր համար, իր որդու կյանքից կամ շիրիմից առավել: Մոր եւ հոր համար, եղբոր եւ քրոջ համար, կնոջ եւ դստեր համար, որդու համար... Ո՞ր հաղթանակին ենք մենք ասում՝ հայր, եղբայր, որդի: Ոչ մեկին, քանի որ դրանց բոլորի ժամանակ մենք վախեցել ենք:

Վախն էլ, եթե պատերազմից է, թուլություն նշան չէ, հակառակը` երբ պատերազմից չես վախենում, ուրեմն երբեք չես պատերազմել, եթե երբեք չես պատերազմել, ուրեմն թույլ ես: Պատերազմից վախենալն ամոթ էլ չէ, երբ որդուդ կամ ծնողիդ կյանքին վտանգ է սպառնում, եւ դու վախենում ես, ամո՞թ է: Կապ չունի` դու մեծ երկիր ես, փոքր երկիր ես, որքան զենք ունես, զենք ունե՞ս, եթե պատերազմ է, դրանից վախենալն ամոթ չէ եւ թուլություն չէ: Օրինակ` ռուսներն աշխարհի զենքն ունեն, աշխարհի զենքի մեծ մասն էլ նրանցն է, բայց վախենում են: Նրանց «Լեւադա» կենտրոնն է Ռուսաստանի 48 շրջանների 1600 քաղաքացուց հարցրել եւ պարզել, որ ռուսաստանցիների 48 տոկոսը վախենում է երրորդ համաշխարհային պատերազմից, ինչին կարող են հանգեցնել Ռուսաստանի եւ Արեւմուտքի` Սիրիայի հարցով տարաձայնությունները: Սիրիայում էլ, հիշենք, էլի, մեր եղբայրներն են, եթե գնան էլ, Սիրիան մեր քթի տակ է, այնտեղ պատերազմը, այն էլ` երրորդ համաշխարհային, այստեղ պատերազմ է:

Հիմա` եթե ռուսներն են վախենում, իսկ ռուսները մեկ չէ, մի քանի «Իսկանդեր» ունեն, ավելին` այն արտադրում են /օրինակ` «Իսկանդեր»/, բա մենք ի՞նչ անենք: Չէ, էլի մեր դիրքապահները հետ են շպրտում հակառակորդին, որը, կրելով մարդկային եւ նյութական կորուստներ, նահանջում է: Էլի մեր տղերքը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել սահմանի ողջ երկայնքով եւ վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, եւ մենք վախենում ենք, ոչ թե որ վստահ չենք այս ամենի մեջ, այլ քանի որ նրանք մեր տղերքն են: Ամեն տուն այնտեղ մի տղա ունի, տուն կա՝ երկու-երեք տղա: Ամեն մայր այնտեղ որդի ունի, մայր կա՝ երկու-երեք որդի: Նրանց չի հետաքրքրում, թե էդ «Իսկանդեր»-ը կրակո՞ւմ է, թե՞ միայն ռուսների հրամանով է կրակում, նրանց մեկ բան է հետաքրքրում՝ պատերազմ չի լինելու, չէ՞, մենք վախենում ենք՝ է…

Հովիկ Աֆյան

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica