close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավ ենք անում

Հարթակ

27 Հոկտեմբերի 2016, 15:07
 Լավ ենք անում

Շուտով Գյումրին դառնալու է Հայաստանի մայրաքաղաքը: Ավելի ճիշտ՝ Հայաստանն ունենալու է երկու մայրաքաղաք՝ Երեւանը` որպես սովորական մայրաքաղաք, եւ Գյումրին՝ արտագաղթի մայրաքաղաք: Կարելի է անգամ արտագաղթի նախարարություն ստեղծել ու հանձնել ընդդիմությանը` հա'մ պորտֆել կունենան, ինչի մասին նրանցից շատերը երազում են, հա'մ էլ այնպես կկազմակերպեն արտագաղթը, որ այն չսպառնա երկրի ազգային անվտանգությանը: Հիմա սպառնում է, համենայն դեպս, նրանք ասում են, որ սպառնում է: Է, բերեք ուրեմն նախարարություն ստեղծենք, տանք նրանց, որ իրենք էլ կազմակերպեն արտագաղթն այնպես, որ չսպառնա: Մինչ այդ՝ հասկանանք, որ արտագաղթը կասեցնել հնարավոր չէ: Մենք ոչ ճապոնացի ենք, որոնց 99,2 տոկոսը ապրում է Ճապոնիայում, ոչ էլ հյուսիսկորեացի ենք, որոնց պարզապես թույլ չեն տալիս այլ երկրում ապրել: Օրինակ` Սաուդյան Արաբիան նավթ շատ ունի  դրա համար էլ՝ նավթի նախարարություն ունի, մենք էլ արտագաղթ շատ ունենք, արտագաղթի նախարարություն ստեղծենք, անպայման՝ Գյումրիում: Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերից հնարավոր է լինելու Գյումրիից տաքսու գնով գնալ Մոսկվա:

Արդեն գիտենք, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կազմակերպելու է ուղիղ չվերթեր՝ Գյումրի-Մոսկվա «ի օբռատնո», բայց դա կարեւոր չէ, չնայած «օբռատնո»-ն միշտ ավելի կարեւոր է: Տոմսի գներն էլ սկսվելու են 10 հազար դրամից: Այսինքն` եթե դուք, ենթադրենք, Երեւանից ցանկանում եք թռչել Մոսկվա, ապա նվազագույնը 60 հազար դրամով տոմս առնելու փոխարեն կարող եք 10 հազար դրամով տաքսով հասնել Գյումրի եւ եւս 10 հազար դրամով այնտեղից հասնել Մոսկվա: Արդյունքում՝ 20 հազար դրամով կհասնեք Մոսկվա, ինչը գրեթե 60 տոկոսով ավելի էժան է, քան եթե Երեւանից թռչեիք:

Ընդհանուր առմամբ, այս իրադարձությունը լավ է, բայց` եթե մենք ճապոնացի լինեիք, քանի որ հայ ենք, ընդհանուր առմամբ, վատ է: Բանն այն է, որ մենք հայրենիք ունեցողների երկրորդ խմբում ենք: Առաջին խմբում՝ «ճապոնականում», նրանք են, ովքեր հենց հայրենիքում են սիրում հայրենիքը, երկրորդում՝ մերում, ավելին՝ «հայկականում», նրանք են, ովքեր հեռվից են սիրում հայրենիքը` լինի տարիների հեռվից, ասենք՝ պատմական հայրենիքը, թե` աշխարհագրական հեռվից՝ ծովից ջրափոս դարձած Հայաստանը: Քանի որ այդպես է, ուրեմն արտագաղթը հայրենասիրության տարածման համար մեծ նշանակություն ունեցող գործընթաց է: Այսինքն` որքան շատ են արտագաղթում, այնքան շատ են հայրենիքը սիրում եւ այնքանով ավելանում են հայրենասերները: Մի խոսքով` արտագաղթը, հայկական հայրենասիրության տեսանկյունից, լավ բան է, անգամ՝ անհրաժեշտ: Բայց մի խնդիր կա` արտագաղթն այնպես պետք է կազմակերպել, որ հա'մ հայրենասերների թիվն ավելանա, հա'մ էլ հայրենիքում մնացողներ լինեն: Բանն այն է, որ եթե հայրենիքում մարդ չմնա, ապա հայրենիք չի լինի, իսկ երբ հայրենիք չեղավ, ամերիկահայը շատ արագ ամերիկացի կդառնա, ֆրանսահայը՝ ֆրանսիացի, Ռուսաստանի հայը՝ ռուսաստանցի, անգամ՝ ռուս, որովհետեւ հայրենիք չի լինի՝ սիրելու: Հիմա էլ են դառնում, բայց հիմա շատ արագ չեն դառնում:

Հիմա` որքանո՞վ է այս համատեքստում վտանգավոր Գյումրի-Մոսկվա՝ սկսած 10 հազար դրամից ավիատոմսերով թռիչքը: Իմ կարծիքով` վտանգավոր չէ: Համաձայնեք, որ Մոսկվա գնալ ցանկացողը 60 էլ, 70 էլ, 80 էլ, անգամ՝ 81 հազար դրամ էլ կճարի, որպեսզի գնա, այսինքն` 10 հազար դրամը, որն, ի դեպ, շատերն էլի ճարելու են, ոչ թե ունեն, ամենեւին էլ արտագաղթի տեմպերը կտրուկ չի ավելացնելու: Այլ հարց է, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիներն արդեն գիտեն, թե ի՞նչ կարող են անել իրենց ստացած 10 հազարական դրամները, որպեսզի նպատակային ծախսեն, բայց դա այլ թեմա է:

Խնդիրն այստեղ մեր ներսում է: Օրինակ` ծխելու դեմ պայքարի շրջանակներում, եթե անգամ սիգարետի գինը կրկնակի բարձրացնես, ասենք` 400 դրամանոց սիգարետը սկսես վաճառել 800-ով, իսկ կենտրոնական հատվածի խանութներում՝ 820-ով, ապա, միեւնույն է, ծխողը ծխելու է: Այսինքն` եթե անգամ մենք ոչ թե իջեցնենք Մոսկվայի տոմսի գինը, այլ բարձրացնենք, Մոսկվա գնացողը գնալու է:  Խնդիրն ուրեմն Մոսկվա գնալու ազգային՝ իր ընդգրկմամբ, եւ ապազգային՝ իր տեսակով, ցանկությունն է: Մոսկվա կամ Կոպենհագեն` կապ չունի, տարբերություն չկա: Էժան է տոմսը, թե` թանկ, էլի կապ չունի, տարբերություն չկա, Ամերիկայինն էլ հո շատ թանկ է, գնում են, չէ՞:

Ու լավ են անում, մնան՝ ի՞նչ անեն, ո'չ գործ կա, ո'չ աշխատատեղ են ստեղծում, ո'չ էլ մտածում են ժողովրդի մասին: Եթե անգամ աշխատանք ունես էլ, աճելու տեղ չկա, հեռանկար չկա… Այսպես ասում են եւ հեռանում են: Այսպես մտածում ենք եւ մնում ենք…Մնում ենք ու լավ ենք անում:

Հովիկ Աֆյան 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica