close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2017
+30°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2017
USD1478.73
GBP1629.19
EUR1561.07
RUB18.06
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Ինչպես մայր ու աղջիկ հանդիպեցին կալանավայրում

Հասարակություն

26 Հոկտեմբերի 2016, 17:25
 Ինչպես մայր ու աղջիկ հանդիպեցին կալանավայրում

Երևանյան խանութներից մեկում էի: Բոլորի ուշադրությունն ուղղված էր մի երիտասարդ հաճախորդի. պատճառն աղջկա ազատ հագուկապն էր: Եկել էր մի տղայի հետ՝ իր համար կոշիկ գնելու: Տղան գլխիկոր քայլում էր խանութում, հեռախոսով ինչ-որ գործողություններ անում, ձևացնում, թե իբր աղջկա հետ չէ: Աղջիկն էլ կոշիկ ընտրելիս տղայի կարծիքն էր հարցնում՝ նրան էլ ավելի անհարմար դրության մեջ գցելով: Կողքից նայողի համար էլ ակնհայտ էր՝ տղան հետո վարձատրվելու էր...

Ուշադրությունս գրավեցին աղջկա ձեռքերի սպիները: Խոշոր աչքերով աղջիկն իմ հրապարակած նյութերից մեկի հերոսն էր՝ Մարին (անունը փոխված է): Նրա մասին գրել էի դեռևս 4 տարի առաջ, երբ դեռ անչափահաս էր և մասնակցում էր թրաֆիքինգի մեջ մեղադրվող մոր վերաբերյալ քննվող դատական նիստերին: Ձեռքերի սպիները տարիներ առաջ արված ինքնավնասման հետևանքն էին. 15 տարեկանում աղջիկն ինքնասպանության փորձ էր արել՝ ածելիով կտրելով երակները:

Աղջկա մայրը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման՝ Թուրքիայում անչափահասի և երկու այլ աղջիկների թրաֆիքինգի ենթարկելու համար: Դատաքննությամբ հիմնավորվել էր, որ Արմինեն (անունը փոխված է), շահագործելով աղջիկներին, տիրացել էր նրանց վաստակած գումարներին, նրանց խիստ հսկողության տակ պահել, հաճախորդներին էլ տրամադրել անձամբ: Իր ցուցմունքում գործով տուժողներից մեկը պատմել էր, որ Թուրքիայում  ստիպված է եղել օրական 10-12 հաճախորդ սպասարկել: Ներկայումս տուժող կանանցից մեկը գտնվում է Եվրոպայում, ընտանիք է կազմել, ապրում է ամուսնու և դստեր հետ:

Այն ժամանակ Մարին ընդամենը 16 տարեկան էր: Մոր խոսքով՝ մեծ ջանքերի գնով կարողացել է մարմնավաճառի ճանապարհ անցած, 15 տարեկանում Թուրքիայում հղիացած և Հայաստանում ծննդաբերած դստերը ճիշտ ուղու վրա կանգնեցնել, ուսման տալ, բայց… 

Մոր դատապարտումից հետո էլ Մարին շարունակեց մարմնավաճառի ուղին: Այսօր արդեն նա էլ հարուստ քրեական կենսագրություն ունի: «Իմ կյանքն ա, ոնց կուզեմ` կապրեմ»,- ասում է էմոցիոնալ աղջիկն ու անկեղծանում՝ մոր դատապարտումից հետո ստիպված է եղել միայնակ մեծացնել երեխային: Երախան մորը հիմնականում ցերեկներն է տեսնում, Մարին խուսափում է երեխայի հետ զբոսանքի դուրս գալ. «Իմ հետևից ինչ ուզում են թող խոսեն, բայց էրեխուս մասին ոչ մեկ իրավունք չունի բան ասելու»,-ասում է նա:

Մոր բացակայության ընթացքում Մարին շատ դժվարություններ է ունեցել, բայց այլ աշխատանքի անցնել չի էլ փորձել: «Ո'չ դիպլոմ ունեմ, ո'չ աշխատանքային փորձ: էսօր առավոտից իրիկուն պետք ա խանութում կանգնես, որ մի երկու կոպեկ աշխատես, բա երեխուս ո՞վ պահի»,- ասում է նա:

Երկու տարի առաջ, երբ ոստիկանները նրան ևս երկու կանանց հետ մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով տեղափոխել էին ոստիկանության բաժին, Մարին հրաժարվել էր ենթարկվել անձնական զննման ու իր մոտ եղած ածելիով վնասել էր ոստիկանին: Դեպքից հետո աղջկան կալանավորել էին: Ճաղերի հետևում գտնվելու ընթացքում Մարիի միակ ուրախությունը մայրն էր, նրա հետ նույն վայրում գտնվելու հանգամանքը:

Հարցին` գուցե հենց մորը տեսնելու համար էր այդ քայլին դիմել, Մարին ժպիտով պատասխանեց. «Միշտ գնացել եմ` իրեն տեսակցելու, բայց դե մի քանի րոպեն ինչ է, մամաս ինձ համար շատ բան է արել. իր հետ ապրելու ժամանակ ոչ մի խնդիր չկար, չէի մտածում փող ճարելու մասին, գոնե գիտեի` կողքիս մեկը կա, հիմա լրիվ մենակ եմ... Պարզ է, գաղութում համարյա միշտ իրար հետ էինք, բայց որ ասեմ` իրեն տեսնելու համար տենց բան եմ արել, չէ, ուղղակի պահի տակ ստացվեց: Գիտեմ` մեղավոր եմ...»:

Մի քանի ամիս կալանավայրում՝ մոր հետ անցկացնելուց հետո Մարին ազատ արձակվեց. դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառեց: Այս դեպքից հետո աղջկան հաճախ են մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով տարել բաժին, սակայն ամեն ինչ ավարտվել է` բացատրություն գրելով. նա այլևս իր և ոստիկանների համար խնդիրներ չի ստեղծում:

Երբ դիմեցինք աղջկա խնդրով առնչված փաստաբանին և հոգեբանին, պարզվեց, որ աղջիկն էմոցիոնալ է և պարփակված: Խիստ զգացմունքային աղջկա հետ զրուցելիս ակնհայտ էր, որ չի սիրում խոսել անցյալից, մանավանդ` Թուրքիայում անցկացրած օրերից: Թուրքիայի հետ կապված միակ բանը, որի մասին մեր զրույցում հիշատակեց, թուրքերենին վարժ տիրապետելն է: Մայրը դստերը դեռ մանկուց էր սովորեցրել թուրքերեն: Մոր խոսքով՝ թշնամու լեզուն իմանալն անհրաժեշտություն է: Արմինեն ինչպես դատարանում, այնպես էլ այսօր չի ընդունում մեղքը: Պնդում է, որ որևէ մեկին չի հավաքագրել ու տեղափոխել Թուրքիա, որևէ շահադիտական նպատակ չի ունեցել, որևէ մեկի անձնագիրը չի վերցրել ու պահել, ինչպես նաև որևէ մեկին չի ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ, այլ ընդամենը օգնել է նրանց այնտեղ աշխատանք գտնելու հարցում: Դուստրն էլ մինչ օրս պաշտպանում է մորն ու մեղադրում մոր դեմ ցուցմունք տված «ընկերուհիներին»: Նրանց հանդեպ, սակայն, վրեժխնդրությամբ լցված չէ, թեև, ինչպես ինքն է խոստովանում, մոր վճռից հետո ցանկացել է անձամբ հաշվեհարդար տեսնել նրանց հետ:

Կյանքը նոր, մաքուր էջից սկսելու համար աղջիկը «դեռ ժամանակ չունի»: Ցավոտ թեման փակում է պարզ ու հստակ խոսքերով. «Մանկուց սովոր եմ պրոբլեմներին, թքած ունեմ, թե ինչ կխոսեն իմ հետևից, թարս կնայեն, թե «ռեպլիկ կթողնեն», իմ կյանքն է, ոչ մեկին հաշիվ չեմ տալու, միայն ես գիտեմ` ինչ եմ զգում, ինչի և ում համար եմ ապրում…»:

Թագուհի Մելքոնյան

Փլուզում՝ Կապանում
27 Հուլիսի 2017, 15:42 Փլուզում՝ Կապանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica