close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զիլինա

Հարթակ

25 Հոկտեմբերի 2016, 21:31
 Զիլինա

Երբեւէ հաշվե՞լ եք, թե Հայաստանում որ մարդիկ են ավելի շատ` նրանք, ովքեր պահանջում են, որ այս կամ այն պաշտոնյան հրաժարակա՞ն տա, թե՞ նրանք, ովքեր պահանջում են, որ այս կամ այն նախկին պաշտոնյան վերադառնա: Առաջին հայացքից՝ առաջինները: Համենայն դեպս, հրապարակներում, հանրահավաքներում, համացանցում մարդիկ պահանջում են հրաժարական` լինի երկրի նախագահի, թե` ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի: Բայց, երբ խնդրին ավելի խորն ես նայում, նկատում ես, որ նույն այդ մարդիկ տվյալ պաշտոնյայի հրաժարականը պահանջում են, որպեսզի այն մյուսը գա, որի օրոք իրենք ավելի լավ էին ապրում, օրինակ` ավելի շատ մարդ էր բերում իրենց մոտ կոշիկ` վերանորոգելու, կամ խանութից առեւտուրն ավելի շատ էր լինում: Հիմա` քանի որ չեն բերում, եւ առեւտուր առանձնապես չկա, կամ մազ կտրող չկա, ուրեմն գործող իշխանությունը վատն է, նախկինները՝ լավը: Վիճելի, բայց տրամաբանություն է, ավելի ճիշտ՝ կարծիք է, իսկ կարծիքն ամենահզորն զենքն է՝ սեփական տրամաբանությունը կամ դրա բացակայությունը բարձրաձայնելու եւ առաջ տանելու համար:

Առհասարակ, ժողովրդական հիշողությունը, եթե, իհարկե, այսպիսի տերմին կամ երեւույթ կա, բոլոր հիշողություններից ամենակարճն է, անգամ` եթե այդ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել: Չէ, մեկ տարի, երկու տարի, տասը տարի, լավ՝ հիսուն տարի, կհիշեն, կզգուշանան, բայց հարյուր տարի անց, մանավանդ` ամռան շոգին, մարդկանց սիրտը կարող է ծով ուզել, ու նրանք հանգիստ խղճով կարող են գնալ այն երկիրը, որն իրենց զրկել է ծովից, ավելի ճիշտ՝ ծովերից:

Այլ` ավելի թեթեւ բաները, հասկանալի է, որ ավելի արագ են մոռացվում, օրինակ` մութ տարիները, որքան էլ սարսափելի էին, բայց ցեղասպանություն չէին: Առհասարակ, ցեղասպանություն տեսած ժողովուրդն իրավունք չունի շռայլելու այս բառը, բայց սա` իմիջիայլոց: Արի ու տես, որ տասը-տասնհինգ տարի անց մենք մոռացանք այդ մութ տարիները, ու նորից ընտրեցինք, չընտրվեց, բայց ընտրեցինք, համենայն դեպս, շատերն ասում են, որ ընտրել են, մեծամասնությունն ասում է, որ չի ընտրվել: Պատճա՞ռը, չգիտեմ, մարդիկ ասում էին, որ այն ժամանակ լավ էր, գիրք էինք կարդում, հիմա կարդացող չկա: Մոռացել էինք, որ այն ժամանակ գիրք էինք կարդում, քանի որ այլ բան չկար անելու, ո'չ գործ կար, որ աշխատեինք, ո'չ հոսանք կար, որ հեռուստացույց նայեինք, ո'չ էլ «Ֆեյսբուք» կար, որ ստատուս գրեինք: Ստիպված կարդում էինք` չնկատելով, որ ստիպված կարդացող սերունդ ունեցանք: Հենց այդ սերունդն էլ, ի դեպ, ամենաակտիվն էր պահանջում, որ վերադառնա, ոչ բոլորը, իհարկե, բայց նրանց մեջ, ովքեր պահանջում էին նախկինների վերադարձը, այդ սերունդը մեծամասնություն էր կազմում:

Հետո եղավ այն, ինչ եղավ: Շատերը ոչ թե հիշեցին, քանի որ եթե հիշող լինեին, մոռացած չէին լինի, այլ հիասթափվեցին ու սկսեցին այլ մարդկանց վերադարձը պահանջել: Ի դեպ, Վանոն այս ցուցակում մշտապես եղել է առաջատարներից մեկը` երբեմն-երբեմն այս կամ քաղաքական թեժ ժամանակահատվածներում առաջատարությունը զիջելով պահի առաջնորդներին: Թե ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ ունեն Վանոյի վերադարձը պահանջողները, ես չգիտեմ, բայց գիտեմ, որ նա վերադարձել է՝ գրականություն: Այնտեղից էր եկել քաղաքականություն, այնտեղ էլ վերադարձավ: Խնդիրը ո՞րն է: Լավ չէ՞: Ամեն դեպքում Վանոն լավ է գրում, միայն «Հայաստանը մանրամասնորեն սիրելու երկիր է» միտքն ամեն ինչ արժի: Հիմա մարդուն նորից եւ նորից զոռով բերում եք քաղաքականություն, որ ի՞նչ անի: Գոնե հիշո՞ւմ եք, թե ինչ էր անում, քանիսի՞ հետ էր անում եւ քանի՞ անգամ է արել: Չեք հիշում, ի՞նչ ենք հիշում, որ Վանոյի արածները հիշենք: Ցեղասպանություն մոռացածը Վանո կհիշի՞…

Ու այսպես ապրում ենք` միշտ պահանջելով, որ սրանք հեռանան, որ նրանք վերադառնան: Նրանք փրկիչներն են, սրանք` հանցագործները, նրանք ինտելեկտուալներն են, սրանք՝ անգրագետները, նրանք ազգայինն են, սրանք՝ ապազգայինը, նրանք հայաստանյանն էին, սրանք՝ ղարաբաղյանը, բայց նրանք Ղարաբաղից ոչ մի թիզ հող չէին տալիս, սրանք հողատուներ են: Այսպես չե՞նք ասում, այսպես ասում ենք:

Ու 25-ամյա այս՝ համազգային ամնեզիայով պարուրված պահանջատիրության մեջ մենք մոռանում ենք մի շատ կարեւոր բան` էլի պահանջել, բայց` մեզանից: Ուզում ես, ենթադրենք, շաքարավա՞զ ներմուծել, ներմուծի'ր /բայց մի հատ զանգիր վարչապետին, նոր, ամեն դեպքում/, ուզում ես բանա՞ն ներմուծել, ներմուծի'ր, ուզում ես հոդված գրել, գրի'ր… Ուզում ես լավ տեղ աշխատել, նախ լավ աշխատիր: Դա էլ հո թողնո՞ւմ են: Ի վերջո, եթե դու լավ էլեկտրիկ ես, դա դեռ չի նշանակում, որ էներգետիկայի նախարար պետք է դառնաս ու ամեն անգամ, երբ չես դառնում, բողոքես, թե արդարություն չկա երկրում, քանի որ արժանիներին չեն գնահատում: Ասենք` բժշկական համալսարանում կան երկու տիպի ուսանողներ` նրանք, ովքեր լավ են սովորում, եւ նրանք, ովքեր սովորում են: Առաջինները դառնում են բժիշկ, երկրորդները՝ գլխավոր բժիշկ:

Ինչեւէ, Հելսինկյան եզրափակիչ ակտի արեւ, Հայաստանում բոլոր իշխանությունները վատն են եղել, միշտ չէ, որ անգրագետ են եղել, բայց միշտ վատն են եղել: Բանն այն է, որ նրանք, երբ գալիս են իշխանության, միշտ դառնում են սրանք, որոնց դեմ են դուրս գալիք` նրանք, ովքեր մեր օգնությամբ դառնում են սրանք: Այսպես պտտվում ենք, այդպես չէ՞, գուցե այդպես չէ, բայց պտտվում ենք: Պտտվելն՝ առաջ գնալը չէ, ավելին` առաջ գնալ հնարավոր չէ, երբ պտտվում ես: Ուրեմն` եկեք ընտրություն կատարենք, սրանց ու նրանց միջեւ չէ, այլ պտտվելու եւ առաջ գնալու միջեւ: Ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը. «Մենք կարող է այլ հնարավորություն չունենանք»: Ռուբեն Վարդանյանն է՞լ է սրանցից, իսկ սրանք էլ, նրանք էլ ո՞վ են, մենք չե՞նք…

Հովիկ Աֆյան

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica