close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փողոցում նվագող կամ երգող ջան

Հարթակ

17 Հոկտեմբերի 2016, 13:57
 Փողոցում նվագող կամ երգող ջան

Քաղաքն ապրո՞ւմ է, թե՞ մեռած է: Եթե մեռած է, թաղա՞ծ է: Քաղաքը, այսինքն` Ազատության հրապարակի զույգ արձանները չէ, որոնք թերեւս, հոգնելով այս ամենից, մի նոր օպերա գրեն Հայաստանի ընդդիմության եւ խաբված ժողովրդի մասին: Քաղաքը, այսինքն` քաղաքի տեր իշխանությունը չէ, որին չենք ասում, որ ինքը չէ այս քաղաքի տերը, որ տրամադրությունը չընկնի, իսկ մենք գիտենք, որ անտրամադիր իշխանությունն ամեն ինչի է ընդունակ եւ ամեն մեկի հետ: Քաղաք ասելով` նկատի չունեմ նաեւ զանազան գրքերի շատ խելացի հեղինակներին, որոնք ամեն օր Հայաստանի ապագայի մասին գիրք են գրում, եւ ամեն օրվա գիրքը նախորդից տարբերվում է, քանի որ երեկ գրելու ժամանակ իրենք կոմունիստ էին, հետո ՀՀՇ-ական դարձան, հիմա Հանրապետական են, իսկ հոգով միշտ՝ վիկտորդալլաքյան: Մարդու տեսակ է՝ միշտ փոխվում է եւ դրանով իսկ անփոփոխ է: Եվ վերջապես քաղաք ասելով՝ նկատի չունեմ նախկին պաշտոնյաներին, ովքեր պաշտոնաթող են լինում, նոր միայն զբոսնում քաղաքի փողոցներում, մարդկանց ձեռք սեղմում, զրուցում նրանց հետ իրենց եւ երկրի վերջի մասին. քաղաքը վերջի հետ կապ չունի, քաղաքն անվերջ է, քանի չի մեռել:

Մեր քաղաքն էլ արդեն 2798 տարի է` չի մեռնում, ոմանց ինադու, այդ ոմանք էլ միայն թուրք-ադրբեջանցի չեն, մեր մեջ էլ ոմանք կան: Որոշ տեղերում անգամ ոմանք չեն, մեծամասնություն են: Ուրեմն այդ մեծամասնությանը նկատի չունեմ՝ քաղաք ասելով, այլ նկատի ունեմ այն գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ տղաներին, միայն գեղեցիկ աղջիկներին, որոնք քաղաքում ինչ-որ բան են անում: Մեկը նկարում է, մյուսը կինո է նկարում, երրորդը կինո նկարելու մասին է երազում, բայց փող չունի եւ ոչ մի փողատեր ընկեր, մեկը կար, բայց կինոյին լուրջ չի վերաբերվում, ընկերությանն էլ, ովքեր ջութակ են նվագում` ամեն լարին հպվելիս հիշելով, թե ինչպես էր քուչան ղժժում իրենց վրա, երբ, ջութակը ձեռքին, երաժշտական դպրոց էին գնում կամ գալիս: Կան ուրիշներն էլ, որ երգում են, ու քանի որ բոլորն են երգում, ավելի ճիշտ ասեմ՝ կան ուրիշներ, ովքեր համարձակություն ունեն երգելու ուրիշների համար, ընդ որում` երգելու ողջ ընթացքում միայն իրենց ձայնը ցույց տալով, անգամ` եթե այդ երգը գեղեցիկ ոտքերի մասին է: Կան, որ խաղում են ֆուտբոլ կամ թատրոնում, թեև կան, որ ֆուտբոլի դաշտում թատրոն են խաղում եւ թատրոնի դաշտում՝ ֆուտբոլ, կարեւոր չէ: Էլի կան, որ պարում են, ոմանք՝ հարսանիքներին, ոմանք՝ համերգասրահներում, ոմանք՝ քոչարի, ուրիշները՝ չա-չա-չա… Մի խոսքով՝ կան, անգամ վարսավիրներ կան, նույնիսկ վարսավիրություն սովորողներ կան, հոգուց առավել ոսկին սիրող կամ ոսկե հոգով ոսկերիչներ կան… Կան, քաղաքը տեր ունի:

Բայց սա նշանակում է, որ քաղաքն ապրո՞ւմ է: Չի նշանակում: Աբովյան փողոցով, Ամիրյանով, Օպերայի հրապարակում կամ Թումանյանով, Սարյանի արձանի կողքով քայլելը քաղաքն ապրեցնել չէ, անգամ` եթե ամեն օր ես քայլում, անգամ` եթե քայլում ես, որպեսզի արտահայտես սերդ, թե` բա տեսեք, ինչքան եմ սիրում քաղաքս, մի օր չեմ քայլում, կարոտում են: Քաղաքն ապրեցնելը Աբովյան փողոցում մարդկանց համար երգելն է կամ նվագելը, թեկուզ` ջութակ, թեկուզ` պահելով արցունքները, որոնք երբեւէ սիմֆոնիկ նվագախմբում նվագելու երազանքի մասին են: Քաղաքն ապրեցնելը Ամիրյան փողոցում, Օպերայի բակում նկարելն է, թեկուզ` սեւ մատիտով, բայց` պարտադիր տաղանդավոր: Բաբաջանյանն այս քաղաքը չէր ապրեցնում, երբ քայլում էր Աբովյանով, ապրեցնում էր, երբ օպերայում իր «Նոկտյուրն»-ն էր նվագում… Քաղաքն ապրում է, երբ դրա մասին ֆիլմ նկարող կա, երբ դրա թեման միայն քաղաքականություն չէ, երբ քաղաքականությունն ու դրա գործիչները քաղաքում թեմա չեն, երբ, նախարարին թողած, լրագրողները վազում են` դերասանից հարցազրույց վերցնելու, երբ այդ դերասանը չի երազում նախարար դառնալու մասին: Դերասանը կամ վարսավիրը, վարսավիրը կամ նկարիչը, նկարիչը կամ ոսկերիչը, ոսկերիչը կամ պարողը, պարողը կամ քարտաշը, քարտաշը կամ երգիչը, երգիչը կամ… Կամ դուք:

Բայց չիմացանք` քաղաքն ապրո՞ւմ է, թե՞ մեռած է… Կներեք, չգիտեի, ոչ թե այն, որ քաղաքը մեռած է, այլ այն, որ հենց հիմա դուք աշխատում եք: Քաղաքում գործ շատ կա, գործն էլ աշխատատեղը չէ: Չխանգարեմ, աշխատեք:

Հովիկ Աֆյան

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica