close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անբարոյականների մուտքն արգելվում է, բայց` ոչ միշտ

Հարթակ

13 Հոկտեմբերի 2016, 12:43
 Անբարոյականների մուտքն արգելվում է, բայց` ոչ միշտ

Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խոսելով Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունների մասին, որ եթե իր կամ իր ընտանիքի հետ որեւէ բան կատարվի, ապա դրա պատասխանատվությունը կրելու է Սերժ Սարգսյանը,  հայտարարել է. «Միշտ չէ, որ քաղաքական դաշտ մտնելու համար պետք է անբարոյական լինել»: Իսկ թե ինչո՞ւ քաղաքական դաշտ մտնելիս եւ այդ դաշտում չպետք է միշտ բարոյական լինել, պարոն Մելիքյանը, ցավոք, չի մանրամասնել: Հիմա ստացվում է, որ կարելի է քաղաքական դաշտ մուտք գործել` անբարոյական լինելով, բայց` ոչ միշտ: Համաձայնեք` հետաքրքիր կլիներ պարզել, թե այդ ո՞ր անբարոյականները կարող են քաղաքական դաշտ մուտք գործել, ավելի ճիշտ` քաղաքական դաշտը ո՞ր անբարոյականնների համար է բացառություն անում եւ իր դռները բացում:

Բայց ուրիշ հարց էլ է առաջանում, ասենք` ինչո՞ւ քաղաքական դաշտ անբարոյականները միշտ չեն կարող մուտք գործել: Նրանք էլ ՀՀ քաղաքացի են, նրանք էլ ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք, նրանք էլ մտահոգ են կամ ձեւացնում են, թե մտահոգ են երկրի եւ ժողովրդի խնդիրներով, նրանք էլ ունեն կամ ձեւացնում են, թե ունեն այդ խնդիրների համար լուծումներ, մի խոսքով՝ ոչնչով չեն տարբերվում քաղաքական դաշտի բարոյական ներկայացուցիչներից: Ուրեմն ինչո՞ւ վերջիններիս կարելի է` ոչ միայն մտնել, այլեւ դուրս չգալ, իսկ անբարոյականներին չի կարելի, ավելի ճիշտ՝ միշտ չէ, որ կարելի է: Մի այսպիսի ճշմարտություն կա, եթե, ենթադրենք, մի պետություն շատ նավթ ունի, բայց, օրինակ, ծիրան չունի, նրան ոչ թե նավթ է պետք, այլ՝ ծիրան: Այսինքն` ներմուծելիս տվյալ պետությունը նավթ չի ներմուծի, քանի որ դրա կարիքը չունի: 

Դառնալով հայրենի քաղաքական դաշտին` ստացվում է, որ եթե անբարոյականները միշտ չէ, որ կարող են մտնել քաղաքական դաշտ, ապա քաղաքական դաշտը դրանց պակասը չունի: Ճիշտ է, ժամանակի ընթացքում դաշտը մաքրվում է անբարոյականներից, օրինակ` խորհրդական են նշանակվում, դեսպան, թոշակի են անցնում, գիտական թեզեր են գրում, եւ անբարոյականների տեղեր են ազատվում: Հավանորեն հենց այդ պատճառով էլ պարոն Մելիքյանն ամենայն անկեղծությամբ ասել է, որ քաղաքական դաշտ մտնելու համար միշտ չէ, որ պետք է անբարոյական լինել: Պետք է, եթե անբարոյականներից մաքրվել է դաշտը, թափուր տեղեր են առաջացել, պետք չէ, երբ դաշտը լեփ-լեցուն է նրանցով: Հիմա, փաստորեն, լեփ-լեցուն վիճակն է: Տեղեր, առհասարակ, չկան, մի քանի տեղ, կարելի է գտնել, անշուշտ, բայց դրանց համար կա'մ շատ փող է պետք, կա'մ խոշոր ծանոթ:

Բայց ավելի լավ է բարոյական լինել, ճիշտ է` քաղաքական դաշտ մտնելու համար միշտ չէ, որ պետք է բարոյական լինել, բայց բարոյականները միշտ չէ, որ ցանկանում են հենց քաղաքական դաշտ մտնել:

Միշտ ուրախ եղեք եւ երջանիկ, դրա համար միշտ չէ, որ պետք է քաղաքական դաշտում լինել, սովորականն էլ բավարար է:

Հովիկ Աֆյան  

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica