close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2017
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2017
USD1482.59
GBP1626.79
EUR1543.30
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Բնության հուշարձանները պահանջում են իրենց անձնագրերը

Հասարակություն

12 Հոկտեմբերի 2016, 21:35
 Բնության հուշարձանները պահանջում են իրենց անձնագրերը

Հայաստանում ամենուրեք կարելի է տեսնել բնության հուշարձաններ, որոնք խնամքի կարիք ունեն, եւ որոնց մասին ոչ միայն պետությունը պետք է հոգ տանի, այլև մենք` բոլորս:

Երբ տարիներ առաջ բարբարոսաբար սկսեցին «հոշոտել» Գառնու «երգեհոնը», բնապահպանության նախարարությունը հանձն առավ կազմել Հայաստանի բնության հուշարձանների ցանկը, որն էլ ներկայացրեց կառավարության հաստատմանը: Իհարկե, գործադիրն այն հաստատեց, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե ի՞նչ չափանիշներով էին ընտրվել բնության 230 հուշարձանները, այն դեպքում, երբ մասնագետները պնդում են, որ Հայաստանի տարածքում առկա է երկրաբանական, ջրաերկրաբանական, բնապատմական,  ջրագրական և կենսաբանական 1500 հուշարձան:

2008 թվականի ցուցակի հետ համեմատ` ներկայիս ցանկը փոփոխության է ենթարկվել, եւ ընդամենը ավելացել է երկու հուշարձան: Համալրված ցուցակում կա 106 երկրաբանական, 48 ջրաերկրաբանական,  17 բնապատմական, 40 ջրագրական եւ 21  կենսաբանական հուշարձան:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ը) ենթակետի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարի համապատասխան հրամաններով հաստատվել է 29 բնության հուշարձանի անձնագիր, որոնցից՝ 15-ը Տավուշի մարզում, 4-ը՝ Վայոց ձորի մարզում, 1-ը՝ Սյունիք մարզում, 9-ը՝ Լոռու մարզում:

Մասնագետները պնդում են, որ բնության հուշարձաններին սպառնացող հիմնական վտանգները մարդու տնտեսական գործունեությունը եւ չվերահսկվող զբոսաշրջությունն են։

Իրավաբան Մերի Խաչատրյանը նշում է, որ եթե համապատասխան օրենքն ընդունվել է  2006 թվականին, ապա անհասկանալի պատճառներով բնության հուշարձանների ցանկը կառավարությունը հաստատել է 2 երկու տարի հետո: «Արդեն 2016 թվականն է, բայց ցանկում ներառված հուշարձաններից ընդամենը 29 են ստացել անձնագիր, որը բազմաթիվ տեղեկություններ է պարունակում  հուշարձանի մասին` անվանումը, դասակարգումը, աշխարհագրական կոորդինատները եւ այլն»,- ասում է նա` հավելելով, որ փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ է մաս-մաս կատարվում այդ գործընթացը:

Ըստ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Աշոտ Հովհաննիսյանի` բնության հուշարձանների անձնագրավորումը   ծախսատար գործընթաց է, սակայն գերատեսչությունն ամեն տարի իր միջնաժամկետ ծախսերում  նախատեսում է, որ որոշակի գումար պետք է հատկացվի որոշ հուշարձանների անձնագրավորման համար: «Բայց երբ չեն հաստատվում միջնաժամկետ ծախսերը, դրանք մնում են չիրականացված»,- yerkir.am-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը եւ հավելում, որ այդ իսկ պատճառով բնապահպանության նախարարությունը փորձում է նշված գործընթացն իրականացնել միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհներով: «Մենք արդեն դիմել ենք Կովկասի բնության հիմնադրամին,  Բնության համաշխարհային հիմնադրամին եւ այլ միջազգային կազմակերպությունների,  որպեսզի իրենք յուրաքանչյուր տարի  գումար նախատեսեն բնության մի քանի հուշարձանների անձնագրավորման համար»,- ասում է մեր զրուցակիցը:

Մ. Խաչատրյանը պնդում է, որ այս դեպքում բնապահպանության նախարարությունը պետք է ազատվի պետական տուրքեր վճարելուց:  «Ինչո՞ւ գործընթացի համար նախատեսվող գումարները մի գրպանից դուրս բերել եւ տեղափոխել մյուս գրպանը. նույն գումարը շրջապտույտ է կատարում պետական բյուջեում, հանգիստ կարելի է ասել` բնապահպանության նախարարությո´ւն, գործընթացը սկսիր եւ դու ազատված ես համապատասխան պետական վճարումներից: Այստեղ ՀՀ կառավարությունը պետք է լուրջ մտածի եւ լուծում առաջարկի»,- ասում է նա:

Հաշվարկների համաձայն` բնության մեկ հուշարձանի համար անձնագիր հանելու համար նախատեսվում է 200-300  հազար դրամ, սակայն այդ գումարը կարող է հասնել մինչեւ կես միլիոնի, քանի որ պետք իրականացնել նաև տեղանքի ուսումնասիրություններ, սխեման, հատակագիծը, սահմանների նկարագիրը կազմել:

Բնապահպանության նախարարությունից  հայտնում են, որ գումար լինելու դեպքում  առաջինը կանձնագրավորեն Գառնու «Բազալտե երգեհոն» երկրաբանական  հուշարձանը: Իսկ ինչ վերաբերում  է Շաքիի ջրվեժ ջրագրական հուշարձանին, ապա այստեղ խնդիրներ կան, եւ գերատեսչությունը փորձում է լուծում տալ դրանց:

Իրավաբան Խաչատրյանն առաջարկում է` եթե որոշ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք այսօր դե ֆակտո տիրապետում են բնության հատուկ պահպանվող օբյեկտներին (տարածքները) եւ օգտագործում դրանք, ապա թող բոլոր ֆինանսական ծախսերը դրվեն նրանց վրա եւ, օրենքով սահմանված կարգով, ձեւակերպվեն նրանց այդ իրավունքները.

«Շաքիի դեպքում բոլոր ծախսերը պետք է դրվեն այն տնտեսվարող սուբյեկտի վրա, ով տնօրինում է ջրվեժը: Եթե նույն տնտեսվարող սուբյեկտը տարիներ շարունակ փաստացի տնօրինում է ջրվեժը եւ, մեկ կոճակ սեղմելով, հավաքագրել է 5000-ական դրամ, ապա հարց է առաջանում, որտե՞ղ են կուտակվում այդ գումարները, եթե այսօր մեծ խնդիր են դարձրել, թե գումար չկա ջրվեժի անձնագիր տալու համար»,- ասում է իրավաբանը:

Ի դեպ, բնության հուշարձաններով ամենաղքատ մարզը Արմավիրն է, որտեղ հաշվարկված են 3-ը` 1 ջրագրական եւ 2 կենսաբանական:

Անկախությունից հետո «Մեծամոր լիճ» ջրագրական հուշարձանի տերը ոչ միայն պետությունն է, այլ նաեւ մի անհատ, ով տնօրինում է ջրային կառույցն իր իսկ նպատակների համար:

Yerikir.am-ի հարցին, թե նախարարությունը քայլեր կկատարի՞ հետագայում լիճը պետական ֆոնդ տեղափոխելու  համար, Ա. Հովաննիսյանը պատասխանեց. «Լիճը ամբողջությամբ չի պատկանում մասնավորին, եւ յուրաքանչյուր ոք կարող է իր հանգիստը կազմակերպել լճի ափին: Սակայն, իհարկե ,հետագայում մենք փուլ առ փուլ կփորձենք դրա կարգավիճակը ավելի հստակեցնել»:

Շարունակելի

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

 

Մահացել է Ստալինի թոռը
24 Մայիսի 2017, 12:27 Մահացել է Ստալինի թոռը
Հրդեհ` Հրազդանում
24 Մայիսի 2017, 11:00 Հրդեհ` Հրազդանում
Ցուլը փախել է
23 Մայիսի 2017, 22:12 Ցուլը փախել է

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica