close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անհանգիստ ուսուցչանոցը

Հարթակ

5 Հոկտեմբերի 2016, 21:00
 Անհանգիստ ուսուցչանոցը

 Ո՞րն է նրանց նպատակը, որ ի՞նչ դառնան: Ասենք ռազմական ինստիտուտ ավարտած լեյտենանտը, երբ անցնում է ծառայության, նպատակ ունի՝ գեներալ դառնալու, սկսնակ վարսավիրը, ում ուստան սովորեցնում է մազ կտրել, նպատակ ունի ուստային՝ տալ-անցնելու, նույնը դարբինները, նույնը՝ ավտոմեքենա վերանորոգողները, նույնը քարտաշները, պատշարները, եւ այլն…Երիտասարդ աղջիկը կամ տղան, ով մտնում է կուսակցություն, նպատակ ունի՝ պատգամավոր դառնալու/առվազն/, նոր բացվող կուսակցությունն իր հիմնադիր ժողովին նպատակ ունի՝ իշխանություն դառնալու, հետո հասկանում է, որ դա հնարավոր չէ, հետո էլ հասկանում է՝ ինչպես է հնարավոր: Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր սկսում են՝ գագաթին հասնելու նպատակ ունեն, իսկ ո՞րն է նրանց նպատակը, նրանք՝ ուսուցիչներն են:

Ասենք ի՞նչ է մտածում առաջին անգամ դպրոց մուտք գործած երիտասարդ ուսուցիչը, ավելի ճիշտ՝ ուսուցչուհին, քանի որ տղաները չեն կարող ընտանիք պահել ուսուցչությամբ: Նա մտածո՞ւմ է, որ ինքը սկսում է, որ ի՞նչ դառնա, դպրոցի տնօրե՞ն, գուցե, հետո՞, հանրապետության լավագույն ուսուցիչ եւ տնօրե՞ն, հետո՞, ՀՀ վաստակավոր ուսուցի՞չ, լավ, հետո՞…Հետո՝ վերջ. այս մասնագիտությունն այն եզակին է, որը գագաթ չունի, ինքը հենց մեկնարկից արդեն գագաթ է: Մասնագիտական, ինչպես ասում են կարիերային աճ չկա այստեղ, կա փորձ, որը հաճախ խանգարում է: Ավելի ճիշտ՝ միշտ չէ, որ օգնում է: Օրինակ, երբ նոր դասարան ես ընդունում եւ ուշադիր նայում ես աշակերտներիդ դեմքերին /եթե նայում ես/, եթե փորձ ունես, միանգամից հականում ես, թե ով իրավաբան կդառնա, ով է իրավաբանի որդի, ով բժիշկ կդառնա, ով է լավ երգում, ով է ապագա քանդակագործը, պարողը, ով է սովորում, որովհետեւ դպրոցում սովորելը պարտադիր է, եւ ո՞վ է կազմակերպելու, որ քեզ ծաղիկներ նվիրեն, երբ ծննդյանդ օրը կլինի:

Բայց փորձառությունդ կխանգարի՝ մեկ այլ հարցում, եթե նոր աշակերտդ շատ նման է /անգամ արտաքինով/ հին աշակերտիդ, ով դպրոցն ավարտեց եւ տաքսի է քշում, դա դեռ չի նշանակում, որ այդ նորն էլ է տաքսիստ դառնալու եւ հետեւաբար կարիք չկա չարչարվել՝ նրան բացատրելու, թե ինչո՞վ է պատմվածքը տարբերվում էսսեից, կամ ո՞րն է հարաբերականության տեսությունը: Յուրաքանչյուրն ուրիշ է, չնայած բոլորն իրար նման են: Նկատո՞ւմ են, թե ինչպես են իրենց սաները մտնում քաղաքականություն, ինչպես են իրար դեմ պայքարում, ինչ բառերով են պայքարում, ինչպես են արտագաղթում, ինչպես են պայքարում արտագաղթի դեմ, ինչպես են ամուսնանում, բաժանվում, երեխա ունենում, երեխա ունենալու վերջին հույսը կորցնում: Իհարկե նկատում են, գուցե անգամ անհանգստանում են այն մեկի համար, ում բոլորն են քննադատում, ում դեմ բոլորն են պայքարում, բացի իրենցից, իրենք ոչ մի անգամ այդ մեկի դեմ բողոքի ցույցի չեն գնում, ընդդեմ ստատուս չեն գրում, հարեւանին եւ բարեկամին նրանից վատ բան չեն ասում, քանի որ այդ մեկը նրանց աշակերտն է: Հիմա, եթե բողոքում են նրա դեմ, ո՞ւմ դեմ են բողոքում: Եթե պաշտպանում են նրան, արդարացնում են նրան, ո՞ւմ են արդարացնում: Իրենք գիտեն, որ արդարացնելի չէ, որ բողոքը հիմք ունի, որ մարդու դաստիարակության գործում միայն դպրոցն ու ուսուցիչը չէ, որ մեղավոր են ու հենց մեղավոր են, ընտանիք կա, բակ կա, շրջապատ կա, որը բոլորիս դեպքում էլ միշտ վատն է լինում, ինչը մեզ հնարավորություն է տալիս՝ տարբերվելու մեր շրջապատից: Իրենք այս ամենը հասկանում են, իրենք ամեն ինչ են հասկանում, բայց անհանգստանում են, մանավանդ, երբ իրենք հայոց լեզվի ուսուցիչ են, եւ երբ իրենց նախկին աշակերտ՝ այսօր իշխանավորը հայերեն է սկսում խոսել:

Այսօր մեզ, անխտիր բոլորիս համար անհանգստացողների տոնն է: Անգամ, եթե նրանք քիմիայի ուսուցիչ են եղել, իսկ մենք զզվել ենք քիմիայից՝ առանց թաքցնելու դա: Բայց ես անիմաստ եմ համարում նրանց հանգստացնելը, առավել եւս հույս տալը՝ նշելով, թե այսօրվանից կամ գոնե միայն այսօր էլ չենք հայհոյելու ԱԺ-ում, ԱԺ-ին ուղղված, ԱԺ-ից հեռու, էլ չենք իրար սեւացնելու, սկսելու ենք հայերեն խոսել եւ կարողանալու ենք երկու նախադասություն ճիշտ արտասանել: Նրանք չափազանց փորձառու են եւ չեն հավատա մեր այս խոստումներին: Դրա համար ես առաջարկում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր որոշել են դառնալ ուսուցիչ, որովհետեւ քանի դեռ մարդիկ կան, ովքեր ցանկանում են դառնալ ուսուցիչ եւ դառնում են, այնքան հույս կա, որ մենք կապրենք մեր կյանքը եւ կստանանք գերազանց:

Հովիկ Աֆյան

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica