close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է ասում նոր «տեխնոկրատ» կառավարության կազմը

Թեմա

28 Սեպտեմբերի 2016, 12:27
 Ի՞նչ է ասում նոր «տեխնոկրատ» կառավարության կազմը

Նախագահի համապատասխան հրամանագրերով` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունում արդեն կատարվել են հիմնական նշանակումները, ինչը թե' կաբինետի կազմի և թե' նոր կառավարության քաղաքական հնարավոր առաջնայնությունների վերաբերյալ որոշակի ընդհանրացումներ կատարելու հանրավորություն է տալիս:

1. Կառավարության կազմը զգալիորեն փոխվել է: Կարելի է ասել՝ փոխվել է կաբինետի ձևավորման փիլիսոփայությունը: Փաստորեն, գործադիրից դուրս թողնվեցին այն դեմքերը, ովքեր ասոցացվում էին օլիգարխիայի հետ: Այս մոտեցման ենթատեքստային ուղերձը կառավարությունից որոշակի դրական սպասումներ առաջացնելն էր, նրա նկատմամբ առկա հասարակական անվստահության չափաբաժինը նվազեցնելը: 

2. Ընդհանուր առմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանը հավատարիմ է մնացել կաբինետը պրոֆեսիոնալիզմի սկզբունքով ձևավորելու խոստմանը: Էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի,  տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության նախարարների պաշտոններում նոր նշանակումներում ակնհայտորեն հաշվի է առնվել նույնիսկ ոչ այնքան ոլորտային մասնագետներ լինելու հանգամանքը, որքան նշանակված անձանց կառավարչական հմտությունները: Մյուսների, մասնավորապես` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների (փոխվարչապետի), կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, տարածքային կառավարման և զարգացման, սփյուռքի, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարությունների դեպքում նախապատվությունը տրվել է վարչարարական փորձառությանը: Քաղաքական շարժառիթները նկատելի են բնապահպանության, արդարադատության,  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների պաշտոններում կատարված նշանակումներում: Եվ, չնայած դրան, այնուամենայնիվ, անգամ այս նշանակումները կատարվել են` պրոֆեսիոնալության գործոնը հաշվի առնելով: Կարելի է արձանագրել, որ ձևավորվել է իսկապես տեխնոկրատ կառավարություն:

3. Որքան էլ հայտարարվում էր, որ Կարեն Կարապետյանին իր կաբինետի ձևավորման հարցում տրվելու է մեծ ազատություն, նկատելի է, որ սահմանափակումներ, այնուամենայնիվ, եղել են: Կառավարության ինը անդամ ներկայացնում է Հովիկ Աբրահամյանի գլխավորած նախկին կառավարության կազմը: Եվ այն հանգամանքը, որ նշանակումների մեծ մասը կատարվեց Սահմանադրությամբ դրա համար նախատեսված ժամկետի վերջին օրերին, փաստում է, որ վարչապետի նկատմամբ որոշակի քաղաքական կամ բարոյահոգեբանական «ճնշումներ» եղել են: Չնայած դրան՝ վարչապետի համար առանցքային, հենակետային պաշտոններում կատարված նշանակումներում վճռորոշ են եղել հենց Կարապետյանի ցանկություններն ու նախապատվությունները: Խոսքն առավելապես վերաբերում է տնտեսական քաղաքականության բլոկի պորտֆելներին՝ ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններին: Նաև առաջնահերթորեն հենց այս ոլորտների համակարգման դաշտում նախարարությունների կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնումը, որքան էլ կառավարման համակարգում ցնցումների տեղիք տա, հաստատում է, որ տնտեսական ամբողջ համակարգը՝ դրա ենթակառուցվածքային ճյուղերով, լինելու է Կարեն Կարապետյանի կառավարման լոկոմոտիվային ուղղությունը: Եվ դա հասկանալի է, որովհետև նրա հիմնական խնդիրը լինելու է նոր որակի տնտեսական քաղաքականության իրականացումը, տնտեսությունը, նրա իսկ բնորոշմամբ,  ներկայիս ծանր վիճակից հանելը:

4. Սպորտի ոլորտը կրկին վերապահվել է բացառապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակվել է նրա տեղակալը: Ինչպես նախկինում՝ սպորտային քաղաքականությունը թելադրվելու է Օլիմպիական կոմիտեի կողմից:

5. Որոշ ոլորտներում վարվող ներկայիս քաղաքականությունը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի: Օրինակ՝ որքան էլ Սփյուռքի նախարարության գերակայություններից է դառնում նաև հայրենադարձությունը, նախարարի պաշտոնում կատարված վերանշանակումն առավել քան խոսուն է: Նույնը գրեթե լիովին վերաբերում է սոցիալական քաղաքականության ոլորտին:

6. Դեռ նշանակումներ չեն կատարվել անմիջականորեն նախագահի լիազորությունների դաշտում գտնվող երկու առանցքային նախարարների պաշտոններում՝ պաշտպանության և արտաքին գործերի:  Չնայած նախարարների թեկնածուների` շրջանառվող անուններին, այն հանգամանքը, որ նշանակումները տեղի են ունենալու վերջին փուլում, ցույց է տալիս, որ այս ուղղություններով, ամենայն հավանականությամբ, քաղաքականության և գործելաոճի վերանայման խնդիր է դրված: Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական այն մարտահրավերները, որոնց աքցանում հայտնվել է Հայաստանը, այլ տարբերակ չեն թողնում: Երկու ուղղություններով ավելի ագրեսիվ և նախաձեռնողական ուղեգծի խիստ անհրաժեշտություն է զգացվում:

Որքան էլ կառավարության կաբինետի ձևավորումը որոշակի միտումներ է նախանշում, այնուամենայնիվ, կարևորն արդյունքն է: Թե' Կարեն Կարապետյանի և թե' նրա կառավարության գործունեությունը գնահատվելու, չափվելու է ոչ թե նրանով, թե որքան «թարմ» մարդիկ բերեց կառավարման համակարգ, այլ նրանով, թե որքանո՞վ է լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները, որքանո՞վ է հասնելու կառավարության ծրագրով նախանշվելիք նպատակներին ու թիրախներին: Թե' վարչարարները և թե' պրոֆեսիոնալներն ու տեխնոկրատները կարող են փայլուն արդյունքներ ունենալ անհատապես, բայց կառավարությունը թիմային օրգանիզմ է, ու շատ բան կախված կլինի նրանից,  թե որքանով իսկապես գործուն և մոբիլ թիմ կձևավորվի: Ի վերջո, Հայաստանը տեսել է նաև տեխնոկրատների կառավարություն: Եվ սա աննախադեպ բան չէ: Նախորդը գործել է 1998-99թթ., սակայն որևէ նշանակալի հետք Հայաստանի պատմության մեջ չի թողել: Եվ պատճառն այն է, որ երբ տեխնոկրատիզմի սկզբունքով ձևավորված կառավարությունն ինքը չի դառնում տնտեսական, ոլորտային քաղաքականության քարշակը, վերածվում է սպասարկուի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Կարեն Կարապետյանի վարչարարական, մասնագիտական կարողությունները, համակարգն իր բոլոր նյարդաթելերով, բջիջներով ճանաչելու հանգամանքը, նորարական մտածողությունն ապահովում են քարշակող կառավարություն ունենալու նախադրյալները: Բայց դա քիչ է, կարևորն այդ նախադրյալները զարգացնելու քաղաքական կամքն է:

Մեկ բան, սակայն, պետք է նկատի ունենալ` որքան էլ սպասելիքները մեծ լինեն այս կառավարությունից, այն գործելու հեռանկարային դիապազոն չունի: Մոտ 7 ամիս անց կառավարությունը ենթարկվելու է փոփոխության. ԱԺ ընտրություններից հետո ձևավորվելու է նոր կաբինետ: Եվ գուցե ներկայումս հարցադրումը կարող է լինել հետևյալը` այս կառավարությունը կկարողանա՞ դառնալ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանության կառավարության կորիզը, դնել վերջինիս երկարաժամկետ քաղաքական ծրագրերի ուղենիշերը: Կապրենք, կտեսնենք:      

Գևորգ Դարբինյան 

Կառավարության նիստը` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 12:08 HES_VIDEOԿառավարության նիստը` ուղիղ
Բյուջեի նախագիծն ընդունվեց
22 Նոյեմբերի 2018, 11:43 Բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 11:01 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica