close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակցել «Իսկանդեր»-ի լեզվով. Հայաստանը փոխո՞ւմ է մարտավարությունը

Թեմա

24 Սեպտեմբերի 2016, 19:00
 Բանակցել «Իսկանդեր»-ի լեզվով. Հայաստանը փոխո՞ւմ է մարտավարությունը

Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այդ կապակցությամբ արված համատեղ հայտարարությունից հետևում է, որ, բացի հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման լրացուցիչ մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման խնդրի քննարկումից, արտգործնախարարներին ներկայացվել են առաջարկություններ, որոնց կապակցությամբ կողմերի մոտեցումներին ծանոթանալու նպատակով համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան: Իրենց ներկայացրած կառավարությունների անունից նրանք պատրաստակամություն են հայտնել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ նախագահների միջև նոր հանդիպում:

Նման պատրաստակամություն, հիշեցնենք, Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահին ուղղված իր շնորհավորական ուղերձում հայտնել էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Իսկ իր թվիթերյան էջում ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հաղորդագրություն էր թողել, թե` «իրենք (համանախագահները-հեղ.) սպասում են առաջընթացի /ԼՂ կարգավորման/ հիմնական հարցերում»: Թե ինչի՞ վրա է հիմնված այդ սպասումը, ամերիկացի համանախագահը չի հստակեցրել: Չնայած դրան՝ ակնհայտ է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած` Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո միջնորդները փորձում են նոր թափ հաղորդել բանակցային գործընթացին:

Ուշագրավ է, որ այս նոր ակտիվացումը տեղի է ունենում ՀՀ ԶՈՒ ռազմավարական նշանակության նոր զինտեխնիկայի ցուցադրության և հատկապես` ռուսական իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական հոսքերում բավականաչափ բաց տեքստով արվող այն ուղերձի ֆոնին, թե Հայաստանը կարող է պաշտպանվել իր դեմ (ենթադրվում է նաև ԼՂ-ի) նոր ռազմական ագրեսիայի դեպքում, և որ Հայաստանը միակ երկիրն է, որին տրամադրվել է oպերատիվ-տակտիկական «Իսկանդեր» հրթիռային համակարգ:

Եթե նկատ ունենանք, որ այդ համակարգը կիրառելի կարող է լինել բացառիկ դեպքերում միայն և ամենօրյա ռեժիմով հնարավոր չէ օգտագործել, ապա այս բացահայտումը վստահաբար ուղղված է ոչ այնքան Հայաստանի ռազմական հզորության մեծացմանը կամ սպառազինության բալանսը հայկական կողմի օգտին փոխելուն, որքան  Ադրբեջանին ստիպելու` գնալ հիմնահարցի քաղաքական կարգավորմանը, կամ որ նույնն է՝ զիջումների: Այսինքն` հիմնական ուղերձն այն է, որ ԼՂ կարգավորումը ռազմական լուծում ունենալ չի կարող, և որ Ադրբեջանը պետք է հրաժարվի դրա հետ կապված պատրանքներից:

Ապրիլյան պատերազմից հետո ՄԽ համանախագահող երկրներն Ադրբեջանից գործնականում միայն մեկ զիջում են ակնկալում` ի վերջո, համաձայնել շփման գծում հրադադարի ռեժիմի ուժեղացման մեխանիզմների տեղակայմանը և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի  մոնիթորինգային ռեսուրսների ավելացման` վիեննական և սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունների կատարմանը:  Եվ «Իսկանդեր»-ի բացահայտման իմաստն այն է, որ եթե Ադրբեջանը չի գնում դրան, ապա այլընտրանքը ներկայիս ստատուս քվոյի պահպանումն է: Չի կարելի բացառել, որ հենց Բաքվին փաթաթվող այս անելանելի վիճակը նկատի ունի Ուորլիքը, երբ խոսում է բանակցություններում առաջընթացի` իր սպասումների մասին:

Բայց ի՞նչ է սա տալիս Հայաստանին: Առ այսօր Երևանը դիտորդի կարգավիճակում սպասում է, թե որքանո՞վ միջնորդ երկրները կկարողանան ստիպել Ադրբեջանին կատարել պայմանավորվածությունները: Օրեր առաջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե ապրիլյան պատերազմից հետո առաջացել է Մադրիդյան սկզբունքները լրջորեն վերանայելու անհրաժեշտություն: Խոսքը վերաբերում էր հայկական կողմի համար այդ սկզբունքների ամենախոցելի կետերից մեկին՝ ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեի անցկացման ժամկետների անորոշությանը: Ուշադրություն դարձնենք՝ ապրիլյան պատերազմի պատճառով Մադրիդյան սկզբունքները վերանայելու մասին Երևանից ակնարկ է արվում ոչ թե այդ պատերազմից անմիջապես հետո, ինչը դրա համար ամենանպաստավոր պահն էր, այլ հիմա, երբ մի կողմից սկսվում է բանակցային գործընթացի նոր ակտիվացում, և երբ բացահայտվում է հայկական բանակի ռազմատեխնիկական նոր համալրումը: Եվ սա զուտ պատահականություն լինել չի կարող: Խնդիրն այն է, որ ստեղծված փակուղային իրավիճակում Ադրբեջանն իսկապես կարող է համաձայնել հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների տեղակայմանը: Եթե դա տեղի ունենա, ապա արտաքին ճնշումների սլաքներն ուղղվելու են Հայաստանի դեմ՝ սեղանին դրված սկզբունքներին համաձայնություն տալու առումով: Դրանից խուսափելու տարբերակ կարող է չթողնվել թեկուզ նրանով, որ Ռուսաստանը նաև Ադրբեջանին կարող է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր տրամադրել, եթե իհարկե, դա արդեն չի արել:

Նման ընթացք թույլ չտալու լավագույն տարբերակը, թերևս, Մադրիդյան սկզբունքները վերանայելու, իսկ հնարավորության դեպքում դրանք վիժեցնելու նոր ռազմավարության գործադրումն է: Քանի դեռ բանակցությունների տորպեդահարման պատասխանատուն համարվում է Ադրբեջանը, այս պահանջը Երևանից պետք է ավելի ու ավելի համարձակ ձևակերպել՝ զուգահեռ զարգացնելով ԼՂՀ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչելու և դրանով արցախցիների անվտանգությունը երաշխավորելու գիծը: Նոր սպառազինությունը, եթե այն իսկապես ուժային բալանսը որոշակիորեն թեքում է դեպի հայկական կողմը, ամրապնդում է Երևանի դիրքերը: Ավելին`պաշտոնական Երեւանի համար հիմա դժվար է լինելու բացատրել, թե ռազմական պոտենցիալի նման հագեցվածության պայմաններում ինչո՞ւ պետք է շարունակել մինչև հիմա վարվող քաղաքականությունը:

Գևորգ Դարբինյան  

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica