close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2018
+24°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարունակելու ենք աջակցել բարեփոխումներին

Հարցազրույց

27 Օգոստոսի 2011, 10:21
 Շարունակելու ենք աջակցել բարեփոխումներին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի պատասխանատու Մարիա Սադոյանի հարսանեկան արարողությունը առիթ հանդիսացավ ասելու, որ մենք էլ փեսա ունեցանք Անգլիայի դիվանագիտական վերնախավում: Հայտի է նաեւ, որ այս տարվա աշնանը Լոնսդեյլը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ի՞նչ տպավորություններով է նա հեռանում Հայաստանից: «Երկիր»-ի հարցերին պատասխանում է Չարլզ ԼՈՆՍԴԵՅԼԸ:

- Կարծում եմ՝ բավական շատ բան ենք արել անցած երեքուկես տարվա ընթացքում, չնայած, անշուշտ, շատ ավելին դեռ պետք է անել: Մենք աջակցել ենք զարգացող բիզնես կապերին, ներառյալ՝ Երեւանում Հայ-բրիտանական առեւտրի պալատին, իսկ մեր նախարարները վերջերս Լոնդոնում ստորագրել են «Կրկնակի հարկումից խուսափելու մասին» համաձայնագիրը, ինչը կվերացնի բիզնեսի եւս մեկ խոչընդոտ:

Մենք ավելի շատ կանոնավոր աշխատանքային հանդիպումներ ենք ունենում քաղաքական գործիչների հետ եւ ուրախ էինք անցյալ տարի Լոնդոնում տեսնել ՀՀ նախագահին՝ առաջին անգամ 1995-ից հետո: Մենք հաջողությամբ համագործակցում ենք պաշտպանության նախարարության հետ եւ շարունակում ենք աջակցել պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ վերապատրաստման հնարավորություններ եւ խորհրդատվություն տրամադրելով: Աջակցում ենք նաեւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, որոնք դրականորեն զարգանում են:

Որոշ դրական քայլեր արվել են մարդու իրավունքների եւ սոցիալական ոլորտներում, որտեղ մենք ակտիվ ենք, մասնավորապես՝ կանանց եւ հաշմանդամների իրավունքների հարցում: Ուրախ եմ, որ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիան, հրաշալի է, որ կառարավությունը ընդունել է ազգային ծրագիր ընտանեկան եւ գենդերային բռնության լուրջ խնդրով զբաղվելու վերաբերյալ: Բայց, իհարկե, դեռ շատ բան պետք է անել, որ այս դրական քայլերը իրական փոփոխություն բերեն սովորական մարդկանց կյանքում: Բրիտանական խորհրդի հետ միասին մենք աջակցել ենք մշակութային կապերի զարգացմանը: Տնտեսական ճգնաժամի պատճառով մեր միջոցները սահմանափակ են, բայց սա միայն նշանակում է, որ մենք պետք է ավելի ստեղծագործաբար օգտագործենք եղած հնարավորությունները:

Իհարկե, կան մի շարք կարեւոր խնդիրներ, որտեղ կուզենայի առաջխաղացում տեսնել: Կան նաեւ խնդիրներ, օրինակ, բնապահպանական եւ կայուն զարգացման ոլորտում, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար, եւ ես կցանկանայի ավելի ակտիվ լինեինք այս ոլորտներում, բայց մենք պարզապես չունեինք ռեսուրսներ: Տարածաշրջանի խաղաղությունը մեզ համար առաջնահերթ է, եւ ես հիասթափված եմ, որ չհաջողվեց ավելի մեծ առաջխաղացում գրանցել Լեռնային Ղարաբաղի հարցում եւ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու գործում:

Կուզենայի նաեւ առաջընթաց տեսնել բարեփոխումների առանցքային ոլորտներում, օրինակ՝ ավելի հստակ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսությունը առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ: Այս տարի որոշ դրական քայլեր արվել են՝ մեղմացնելու քաղաքական լարվածության որոշ պատճառները, բայց դեռ կան չլուծված հարցեր, օրինակ՝ մամուլի ազատության ու բազմակարծության ոլորտում: Մենք մոտենում ենք ընտրությունների նոր շրջանին, եւ Հայաստանի համար առավել քան երբեւէ կարեւոր է դրանք անցկացնել միջազգային չափանիշներին լիովին համապատասխան եւ մի քայլ եւս անել ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Կառավարությունն ինքն ընդունում է, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը բավարար չէ. անհրաժեշտ է նաեւ, որ ընտրությունները այդպիսին ընկալվեն հասարակության կողմից:

- Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս հայ-բրիտանական կապերը: Դրանք ունե՞ն ամրապնդվելու միտում, թե՞ հակառակը:

- Կարծում եմ, իմ այստեղ լինելուց ի վեր մեր հարաբերությունները մշտապես ամրապնդվել են, եւ համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվի: Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանում բարեփոխումներին ու դրական զարգացումներին: Տնտեսական կապերը զարգացնելու մեծ ներուժ կա: Չպետք է մոռանանք նաեւ, որ չնայած Մեծ Բրիտանիայում հայկական սփյուռքը համեմատաբար փոքր է, այնտեղ կան մի քանի շատ ակտիվ անձինք, որոնք իրենց մեծ ներդրումն ունեն մեր երկրների միջեւ հարաբերություններում: Արմեն Սարգսյանը, օրինակ, հսկայական ջանք է ներդրել «Երեւան, իմ սեր» ծրագրի իրականացման համար, ծրագիր, որի շրջանակներում կվերակառուցվի եւ կպահպանվի Երեւանի պատմական ճարտարապետությունը, իսկ շինությունները կօգտագործվեն սոցիալական ծրագրերին աջակցելու համար: Շուտով ես նոր հայ գործընկեր կունենամ Լոնդոնում՝ հանձին ՀՀ դեսպանի, եւ հավատացած եմ, որ դա նույնպես նոր թափ կհաղորդի մեր հարաբերություններին:

- Հայտնի է, որ բարոնուհի Քերոլայն Քոքսը ժամանակին ջանքեր էր գործադրում, որ Լորդերի պալատը ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հաստատի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Որքանո՞վ հավանական եք համարում, որ ներկայումս այդ հարցը դրական լուծում ստանա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:

- Իրականում սա բարոնուհի Քոքսին եւ խորհրդարանում նրա գործընկերներին ուղղված հարց է: Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը այս հարցում չի փոխվել:

- Ինչպե՞ս եք գնահատում ԼՀ հարցի լուծման վերաբերյալ բանակցությունները: Ժամանակը չէ՞, որ, ելնելով Ադրբեջանի անզիջում դիրքորոշումից, միջազգային հանրությունը քննարկի ԼՂՀ անկախության ճանաչման հարցը, ինչպես դա տեղի ունեցավ Հարավային Սուդանի, Կոսովոյի պարագայում:

- Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ որպես խնդրի կայուն ու տեւական լուծում ապահովելու ճանապարհ. ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ընդունում են, որ այն ներկայումս առաջարկում է առաջ շարժվելու լավագույն տարբերակ: Սա նշանակում է բանակցությունների միջոցով հասնել երկու կողմերի միջեւ համաձայնության: Այժմյան իրավիճակը, իհարկե, կայուն չէ, եւ մենք խրախուսում ենք կողմերին շարունակել անկեղծորեն աշխատել հանգուցալուծում գտնելու համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ներառյալ տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը:

- Շնորհավորում ենք Ձեզ ամուսնության առթիվ: Կարելի է ասել, որ ամուսնությունը հայուհու հետ կնպաստի, որ Դուք կրկնապատկված եռանդով ամրապնդեք հայ-բրիտանական կապերը:

- Չափազանց ուրախ եմ, որ տեւական կապ կունենամ Հայաստանի հետ նույնիսկ իմ առաքելության ավարտից հետո եւ անպայման կրկին այցելելու եմ այս երկիր: Հայաստանը մեծ ներուժ ունի, իսկ ամուսնությունը միայն ամրապնդում է իմ ցանկությունը՝ տեսնել բարեփոխումներ ու փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են այդ ներուժը իրագործելու համար:

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica